Արեւմտեան թեմի բարեսիրական ծրագրերից մէկը. «Արեւ – Երեխաներ»

Արեւմտեան թեմի բարեսիրական ծրագրերից մէկը. «Արեւ – Երեխաներ»

Արեւմտեան թեմի հովանաւորութեան տակ գտնուող բարեսիրական տասնեակ ծրագրերից մէկն է երեխաների առողջութեան և զարգացման «ԱՐԵՒ – ԵՐԵԽԱՆԵՐ» կենտրոնը։

Կենտրոնը հիմնադրուել է Հայաստանում, 2018 թուականին՝ նպատակ ունենալով աջակից լինել Դաունի համախտանիշով (ԴՀ) երեխաներին եւ նրանց ընտանիքներին։ Հայաստանի տարբեր շրջաններից հաւաքուել են այդպիսի խնդիներ ունեցող ընտանիքներ եւ բազմաթիւ կրթական, քարոզչական ծրագրեր մշակել՝ օժանդակելու նրանց։

Որպէս առաջնային առաքելութիւն՝ կենտրոնը մատուցում է առողջապահական ծառայութիւններ այն երեխաներին, որոնց համար դժուար կամ անմատչելի են, սակայն կենսականօրէն անհրաժեշտ են այդ ծառայութիւնները։ Խօսքը յատկապէս յատուկ կառոյցներում ապրող երեխաների, ինչպէս նաև սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքների երեխաների մասին է։ Մատուցուող ծառայութիւնները բազմաթիւ են՝ սոցիալ-հոգեբանական, կրթական, քարոզչական։ Ի մասնաւորի կրթական ծրագրերից են՝ մարդկանց տեղեկացնել ԴՀ-ի առանձնայատկութիւնների մասին, նուազեցնելու համար խտրականութիւնը այս երեխաների/մարդկանց նկատմամբ եւ իրենց հանդէպ հոգատարութիւն սերմանել։

Կենտրոնի ստեղծման հարցում մեծ դեր է ունեցել փոքրիկ Մոնթէի ծնունդը, որի հետ կապուած սրտառուչ պատմութիւնը ներկայացնում է Կազմակերպութեան հիմնադիր եւ նախագահ և Երեանի Սբ. Զօրաւոր Աստուածածին Եկեղեցու հոգևոր հովիւ՝ Արժ. Տէր Գրիգոր Քհն. Գրիգորեանը։ Ցանկացողները կարող են այդ մանրամասները ունկնդրել Արեւմտեան թեմի մեդիա բաժնի տեսանիւթի մէջ https://www.facebook.com/westerndiocese/videos/1546729862394855/), որ  պատրաստուել է Արեւմտեան թեմ կատարած Տէր Գրիգորի այցելութիւնների ընթացքում, որտեղ հոգեւոր հովիւը մանրամասն պատմում է կենտրոնի ստեղծման նախապատմութիւնն ու առաքելութիւնը եւ նշում. «Մեր աշխատանքով ցոյց ենք տալիս եւ ապացուցում, որ այդ երեխաները կարող են աւելին, քան մարդիկ կարծում են։ Տայ Աստուած, որ ոչ մէկն այս խնդիը չունենայ, բայց եթէ նման առիթ լինի, ընտանիքները եւ բոլորը պիտի իմանան, որ այս երեխաները Աստծոյ գառնուկներն են եւ չհեռացնեն իրենցից…»։ Որպէս գործունէութեան հիմք կենտրոնը որդեգրել է հետեւեալ միտքը՝ «Արեւ երեխաները կարեւոր առաքելություն ունեն. նրանք հոգիները մաքրող տեսակ են»։ Իր խօսքում Տէր Գրիգորը նաեւ շեշտում է կենտրոնի գործունէութեան մէջ Առաջնորդ Սրբազանի ունեցած դերակատարութիւնը. «Տպաւորուած եմ Յովնան Սրբազանի քայլերից եւ այն հնարաւորութիւնից, որ ընձեռեց իր տիրախնամ թեմում՝ գործելու ազատ ու անկաշկանդ։ Սա ասում եմ բոլոր Արեւ-երեխաների եւ ծնողների անունից»։

Այս ծրագրի հովանաւորութիւնն է, որ յանձն է առել Արեւմտեան թեմը Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ։ Այս պահի դրութեամբ հաւաքագրուած եւ արդէն կենտրոնին է փոխանցուած մեծագումար հանգանակութիւն, որի շնորհիւ հնարաւոր է ապահովել ԱՐԵՒ-ԵՐԵԽԱՆԵՐ ծրագրի շարունակականութիւնը, կազմակերպել դասընթացներն ու միւս ծրագրերը։ Հովանաւորութիւնը նախատեսուած է նաեւ յառաջիկայի համար։ «Մանուկներու հոգիներուն մէջ դրուած սէրը ազգի ու հայրենիքին հանդէպ անկողոպտելի է։ Մեր քայլերը պիտի ուղղորդենք, որպէսզի չըլլայ այնպէս, որ մանուկները պարպուած մնան Աստուծոյ խօսքէն» (Յովնան Արք. Տէրտէրեան)։

Դիւան Առաջնորդարանի

22 Յունիսի, 2023

Share