Նախապէս յայտարարուած ժամկէտից երկու ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին եւ ստորագրեցին՝ ինչ սկզբունքների հիման վրայ են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Արտաքին գործերի նախարարութիւնն առանց մանրամասների՝ կարճ յայտնեց՝ սկզբունքներն ամրագրող կանոնակարգը ստորագրուել է հէնց այսօր եւ արդէն սկսուել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը: Արտգործնախարարութեան հաղորդագրութիւնից կէս ժամ անց վարչապետի աշխատակազմը մանրամասնեց՝ կանոնակարգը ստորագրուել է բնօրինակ փաստաթղթերը դիւանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով: Բայց թէ ովքեր են ստորագրել եւ ինչու դէմ առ դէմ հանդիպում տեղի չի ունեցել, պարզ չէ: Հստակ չէ նաեւ՝ ինչքան կտեւի վաւերացման գործընթացը:
«Կանոնակարգը Հայաստանի օրէնսդրութեամբ սահմանուած կարգով կը ներկայացուի Կառաւարութեան քննարկմանը, որից յետոյ կմեկնարկի Ազգային ժողւում դրա վաւերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կ’ուղարկուի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրութեանը դրա համապատասխանութիւնը որոշելու համար», – նշուած է հաղորդագրութիւնում:
Ստորագրուած փաստաթղթի բովանդակութիւնը մինչ այս պահը հասանելի չէ, վարչապետի աշխատակազմից խոստանում են այն հրապարակել առաջիկայ երկուշաբթի: Պատճառաբանում են՝ ուշացումը կապուած է երկու երկրներում գործընթացները հնարաւորինս սինխրոնացնելու անհրաժեշտութեան հետ:
Մինչ այդ Վարչապետի աշխատակազմից հարկ են համարել միայն ընդգծել, թէ դրա քաղաքական բովանդակութիւնն ամիսներ առաջ արդէն իսկ բացայայտուել է: Խոսքը 2024-ի ապրիլի 19-ի հանդիպման մասին է: Յենց այդ օրն են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովները պայմանաւորուել, որ դելիմիտացիայի գործընթացում կառաջնորդուէն Ալմայ Աթայի հռչակագրով: Արդյօք սահմանազատումը նոյն սկզբունքո՞վ է շարունակուելու, վարչապետի աշխատակազմից անգամ այսօր, երբ արդէն կանոնակարգը հաստատուել է, յստակ պատասխան չէն տալիս՝ յղում անելով նախկինում ձեռք բերուած պայմանաւորուածութեանը:
«Յանձնաժողովների 2024 թուականի ապրիլի 19-ի հանդիպման վերաբերեալ մամուլի հաղորդագրութեան համաձայն՝ կողմերը պայմանաւորուել են, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդուէն 1991 թուականի Ալմայ Աթայի հռչակագրով եւ տուեալ հիմնարար սկզբունքը կամրագրէն նաեւ Կանոնակարգում», – ասուած է յայտարարութիւնում:
Նոյն այդ բանակցութիւնների ընթացքում Երեւանի եւ Բաքուի
ներկայացուցիչները նաեւ որոշել էին, թէ կանոնակարգի հաստատումից յետոյ կը համաձայնեցնեն հերթականութիւնը եւ կը շարունակէն սահմանի միւս բոլոր հատուածների սահմանազատման գործընթացը՝ ներառեալ անկլաւներինն ու էքսկլաւներինը: Այսօր ո՛չ Արտաքին գործերի նախարարութիւնը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեցին՝ որոշուել է արդյօք, թէ յաջորդը որ հատուածներն են սահմանազատուելու: Կրկին յղում են անում ամիսներ առաջ հրապարակուած հաղորդագրութեանը՝ առանց մանրամասների յստակեցման: Տաւուշի հատուածում սահմանազատումը սկսուեց առանց այս կանոնակարգի հաստատման այն դէպքում, երբ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանը դրանից ընդամէնը երկու ամիս առաջ հաւաստիացնում էր, թէ սահմանազատումը կը սկսուի միայն այդ փաստաթղթի ընդունումից յետոյ:
«Մեթոդաբանութիւնը հաստատելուց յետոյ ժամանակ կը պահանջուի բուն գործընթացը՝ թէ՛ դելիմիտացիայի, թէ՛ դէմարկացիայի, բայց բոլորիս հասկանալի կը լինի, թէ ինչով ենք զբաղուած», – նշել է Գրիգորեանը:
https://www.azatutyun.am
Շողիկ Գալստեան