Արցախի անկախութեան օրուայ առթիւ Սեպտեմբերի 2-ին հրաւիրում ենք համահայկական հանրահաւաք-Իշխան Սաղաթելեան

Արցախի անկախութեան օրուայ առթիւ Սեպտեմբերի 2-ին հրաւիրում ենք համահայկական հանրահաւաք-Իշխան Սաղաթելեան

Արցախի Հանրապետութեան անկախութեան օրուայ առթիւ սեպտեմբերի 2-ին «Դիմադրութիւն» շարժումը համահայաստանեան հանրահաւաք կ’անցկացնի Ֆրանսիայի հրապարակում. այսօր, յուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի աւարտին յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Նոյն օրը հանրահաւաքներ եւ միջոցառումներ տեղի կ’ունենան նաեւ Արցախում։ Սա չի նշանակում, որ ընթացքում մենք անհրաժեշտութեան դէպքում հանրահաւաքներ եւ շտապ հաւաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որեւէ մէկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մէջ, ուշադիր հետեւելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձութիւններին։ Որեւէ իրադարձութիւն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելեանը։

Նրա խօսքով՝ օգոստոս ամսուայ ընթացքում շարունակուելու են շարժման անդամների մարզային այցելութիւնները։

«Մարզային խորհուրդները ձեւաւորուած են, դրանց պէտք է միս ու արիւն տանք ու լիարժէք աշխատեցնենք։ Մեր յանձնախմբերի եւ կոմիտների աշխատանքը եւս պէտք է դարձնենք լիարժէք։ Ապա կամփոփենք արուած աշխատանքները եւ հանդէս կը գանք հաշուետուութեամբ։ Օգօստոսի կէսերին կը կազմակերպենք համահայկական «Դիմադրութիւն» ֆորում, որին կը հրաւիրենք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի յայտնի գործիչների եւ մտաւորականների»,- ընդգծեց Իշխան Սաղաթելեանը։

Նա բոլոր կարող ուժերին կոչ արեց դուրս գալ պայքարի եւ կենտրոնացնել ուժերը, քանի որ այլ տարբերակ չկայ։

«Ովքեր ուզում են, կարող են գալ այս հարթակ։ Ուզում են՝ թող գնան այլ հարթակ, մենք կը կանգնենք իրենց կողքին։ Չէն ուզում՝ կանգնենք իրենց կողքին, կօգնենք։ Ամենակարեւորը՝ լինի միասնական նպատակ՝ այս չարիքի իշխանութեան հեռացումը»,- յայտարարեց Սաղաթելեանը։

Յաջողութեան հասնելու միակ ճանապարհը համաժողովրդական պահանջի եւ դրանից բխող գործական քայլերի դրսեւորումն է



ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում յուլիսի 29-ի «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքին.

Սիրելի՛ հայրենակիցներ

Ես բազմիցս արդէն խօսել եմ այն ձեռքբերումների մասին, որոնք մենք միասին ունեցել ենք այս շարժման արդիւնքում։ Ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ՝ ապրիլի վերջից մինչ այս օրը դուք՝ այստեղ հաւաքուած քաղաքացիներդ, դարձել եք մեր երկրի անվտանգութեան թիւ մէկ գործոնը։ Դա հպարտանալու, բայց միաժամանակ ցաւալի փաստ է։ Մինչ դաւաճանների այս խմբակի իշխանութեան գալը՝ Հայաստանի անվտանգութիւնն ապահւում էին մեր բանակը, մեր յատուկ ծառայութիւնները, մեր դիւանագիտութիւնը։ Սակայն այսօր պետութիւն չկայ։ Բոլոր այդ կառոյցները գերեւարուել են դաւաճան Նիկոլի կողմից ու դարձել նրա կամակատարները։ Բայց փոխարէնը կաք դուք։ ՀՀ արժանապատիւ քաղաքացիներ, որոնք պաշտպանում են Հայաստանի իրական շահը, որոնք ի լուր աշխարհի ասում են՝ տէր ենք մեր հայրենիքին եւ պատրաստ ենք պայքարել հայրենիքի համար:

Եւ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մեր պայքարը արդիւնաւետ չէ, թող տեսնեն, թէ «Դիմադրութիւն» շարժման մասին ինչպէս են արտայայտւում Թուրքիայում եւ Ադրբեջանում, թող տեսնեն, թէ որքան անհանգիստ են թշնամի պետութեան ղեկավարները Հայաստանի իշխանութեան ճակատագրով։ Միայն այդ փաստը վկայում է շարժման յաջողութեան մասին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեռքբերումներն ակնյայտ են, սակայն ես գիտեմ, որ ձեզանից շատերի սպասելիքները շատ աւելին էին, քան մինչ այս պահը մեր ունեցած արդիւնքներն են։

Մենք մեր առջեւ խնդիր էինք դրել կարճ ժամանակահատուածում հեռացնել այս իշխանութիւններին, որը առայժմ չի ստացուել։ Մեր գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ չլուծուած։ Հայաստանը դեռեւս ղեկավարում է մէզ՝ բոլորիս համար գոյաբանական վտանգներ կայացնողը։ Սա է պատճառը,որ անցնող ամիսներին մէզ հետ փողոցում պայքարող մեր բազում ընկերներ երբեմն ընկճուած են, զայրացած, բայց ոչ երբեք՝ կոտրուած:

Բայց եթէ պայքարը երկարում է, դրանից ոչ թէ պէտք է ընկճուել կամ հիասթափուել, այլ պէտք է արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները եւ գնալ առաջ: Պայքարը պէտք է դարձնել ապրելակերպ, մեր առօրեան:

Եթէ պատերազմի ժամանակ մարտը ձգւում է, իսկ մարտի ժամանակ ունենում ես նաեւ զոհեր, կորուստներ, ինչու չէ՝ նաեւ դասալիքներ, դա չի նշանակում, որ զէնքերը պէտք է վայր դնել եւ նահանջել, տուեալ դէպքում՝ պէտք է վերադասաւորուել, մոբիլիզացնել ուժերը, տրամադրուել տեւական պայքարի եւ գնալ յաղթանակի ետեւից: Մենք առաջնորդւում ենք այդ սկզբունքով եւ տրամաբանութեամբ:

Ասում էին՝ իբր սեպտեմբերին խորհրդարան ենք վերադառնալու ու իբր աշխատելու ենք այս իշխանութիւնների հետ։ Ընդ որում՝ դա անում են՝ լկտիաբար աղաւաղելով իմ խօսքերը։ Ես նման բան երբեք չեմ ասել։ Դա բացարձակ եւ անբարոյ սուտ է:

Մեկ անգամ եւս յատուկ չհասկացողների համար պէտք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում՝ եթէ ընդդիմութիւնը գնայ խորհրդարան, ապա գնալու է բացառապէս իր այն օրակարգով, որը ձեւաւորել է մեր ժողովուրդը:

Այդ օրակարգը շատ յստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին ու Արցախին ուղղուած սպառնալիքների դէմ պայքար, Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնութիւնները:

ԱԺ-ում մեծամասնութիւն կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մէզ ներքաշել իր հայրենադաւ եւ ապազգային դաւադրութեան մէջ։ ՔՊ ուսապարկերը իրենց ծոծրակները կը տեսնեն, բայց մէզ իրենց կեղծ օրակարգերով միեւնոյն դահլիճում չէն տեսնի։

Աւելի պարզ եւ հիմնաւոր ձեւակերպեմ՝ հայ ժողովուրդը, ցաւօք, այլեւս չունի միասնական կամարտայայտման այլ հարթակ, քան փողոցն է, քան այս հրապարակն է։ Միւս բոլոր ինստիտուցիոնալ հարթակները, որտեղ այլ պայմաններում հնարաւոր կը լինէր քննարկել հայ ժողովրդի շահերին առնչուող հարցեր, զաւթուած են թուրքահպատակ դաւաճանի կողմից։ Հետեւաբար, մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հիմա շատ կարեւոր հանգրուանի ենք հասել։ Խոսքս միայն մեր Շարժման մասին չէ։ Խոսքս նաեւ պետութեան, օրուայ իշխանութիւնների եւ, ընդհանրապէս, տարածաշրջանային զարգացումների մասին է։ Այս փուլում բոլորն իրենց առաջիկայ անելիքներն են պլանաւորում։ Այսպէս՝ թշնամի երկրների յատուկ ծառայութիւնները բացեիբաց յայտարարում եւ քննարկում են՝ ինչպէս չէզոքացնել մեր Շարժումը։ Դաւաճանների խմբակը մտածում է՝ ինչպէս պահպանել իշխանութիւնը։ Շարունակւում են շինծու քրէական գործերը, հետապնդումները, քաղբանտարկեալները շարունակում են մնալ կալանքի տակ: Կրկնում եմ՝ սրանց միակ յենարանը ուժային կառոյցներն են:

Եւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այն բոլոր առաջադրանքները, որոնց մասին մենք այս հարթակից խօսել ենք, դրանց շուրջ կատարւում են աշխատանքներ, այն բոլոր հարցերը, որոնք դուք պարբերաբար հնչեցնում եք, բարձրաձայնում եք, դրանք բոլորը մենք հաշուառել ենք, գոյքագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Դիմադրութիւն» շարժման նպատակներն ու խնդիրները յստակ են. մենք պէտք է կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլեացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցութեան որեւէ համաձայնութեան կայացում, կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունի:

Համաժողովրդական անհնազանդութեան միջոցով հասնենք Նիկոլի հեռացմանը՝ լինի հրաժարականի կամ պաշտօնանկութեան միջոցով։ Պայքարն այս երկու ուղղութիւններով պէտք է ընթանայ զուգահեռ եւ լինի փոխլրացնող։ Եթէ գնանք պաշտօնանկութեան (իմպիչմենտի) ճանապարհով՝ դրա համար անհրաժեշտ է բաւարարել օրէնքով նախատեսուած երկու պահանջները՝ պաշտօնանկութեան իրաւական-քաղաքական հիմքեր եւ ժողովրդի կողմից վարչապետի թեկանածուի առաջադրում: Նիկոլի պաշտօնանկութեան իրաւական-քաղաքական հիմքեր յստակ են եւ ամբողջութեամբ ձեւակերպուած, իսկ ժողովրդի կողմից առաջադրուող թեկնածուին կ’որոշենք միասին այս հրապարակում:

Մամուլի վերնագրերից, անհարկի շահարկումներից խուսափելու համար յատուկ ընդգծում եմ՝ խորհրդարանով պաշտօնանկութեան գործընթացը կը սկսենք այն ժամանակ, երբ յաջողութեան հասնելու բաւարար հիմքեր լինէն։ Այսինքն՝ որեւէ քայլ եւ գործողութիւն ինքնանպատակ չի լինելու:

Պարզ ասեմ՝ Նիկոլի հեռացման համար կայ երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտօնանկութիւն, դրանցից որեւէ մէկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական ճնշման գործնական դրսեւորում։

Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջոյ, կանխորոշելու է մեր պայքարի արդիւնաւետութիւնը։

Յաջողութեան հասնելու միակ ճանապարհը համաժողովրդական պահանջի եւ դրանից բխող գործական քայլերի դրսեւորումն է: Հետեւաբար, թիրախային, յստակ պլանաւորուած քայլերով եւ գործողութիւններով պէտք է հասնենք դրան»։

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Share