Հայ հասարակական-քաղաքական միտքը ծանր կորուստ կրեց. կեանքից հեռացաւ մեծ մտաւորականը, վաստակաշատ գիտնականն ու հայը՝ Ռիչարդ Հովհաննիսեանը:
Տասնամեակներ շարունակ Ռիչարդ Հովհաննիսեանը նշանային, ոգեղէն ներկայութիւն էր հայ երկու իրականութիւնների համար: Միջազգային ամենաբարձր գիտական հարթակներում բազմաբեղուն գիտնականի եւ անբասիր հայի իր տեսակով Ռիչարդ Հովհաննիսեանը արժանապատիւ ներկայութիւն էր, ներշնչանքի աղբիւր մի քանի սերունդի համար:
Հայաստանի Առաջին հանրապետութեանը նուիրուած նրա կոթողային աշխատութիւնը մեր պատմութեան բարդագոյն ժամանակաշրջանին նուիրուած առաջին համապարփակ, ակադեմիական մենագրութիւնն էր, որ պրպտումների եւ բացայայտումների նոր հանգրուան հանդիսացաւ տասնեակ ուսումնասիրողների համար:
Հայաստանի, Անդրկովկասի եւ Միջին Արեւելքի պատմութեան հարցերին, Օսմանեան կայսրութիւնում հայոց ցեղասպանութեան պատմութեանը նուիրուած նրա աշխատութիւնները արժէքաւոր եւ վաւերական խօսք են հայ եւ միջազգային պատմագրութեան մէջ:
Մեծ է Ռիչարդ Հովհաննիսեանի վաստակն՝ իբրեւ անխոնջ ուսուցիչ, հայ մտաւորական: Սփիւռքեան տարբեր համայնքներում նրա բազմաթիւ դասախօսութիւնները սերունդների համար եղել են սեփական ինքնութեան բացայայտման եւ պահպանման ակունք:
Մեծ պատմաբանի, վաստակաշատ ուսուցչի եւ Հայ Մարդու կորուստն համահայկական է, իրապէս՝ անդառնալի:
Ցաւակցում ենք Հովհաննիսեանների մեծ ընտանիքին, նրա արժանաւոր որդուն՝ Րաֆֆի Հովհաննիսեանին, սիրելի հոր մահուան կապակցութեամբ: Ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք Ռիչարդ Հովհաննիսեանի կորստի ցաւը:
Մեծ հայի յիշատակը վառ է մնալու մեր սերունդների սրտէրում, հայ մտքի ժառանգութեան մէջ:
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինք