Մահազդ՝ Էդուարդ Պալասանեան

Մահազդ՝ Էդուարդ Պալասանեան

Խոր ցաւով յայտնում ենք, որ 88 տարեկան հասակում Նյու Եորքում կեանքից հեռացել է Էդուարդ Պալասանեանը՝ Նորարար Փորձառական Արուեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) համահիմնադիրն ու հայ արուեստի եւ մշակոյթի նուիրեալը:

Էդուարդ Պալասանեանը ծնուել է Իրանում, 1936 թւին: Ստացել է ճարտարապետի տիտղոս Թեհրանի համալսարանից (1963), Քաղաքաշինութեան Մագիստրոսի (1968), եւ քաղաքաշինութեան եւ տարածքազարգացման ասպարէզներում Փիլիսոփայութեան Դոկտորի (1975) տիտղոսներ ԱՄՆ-ի Փենսիլուանիայ համալսարանից:

Պալասանեանը գրանցուած է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագէտների ցանկում: 1970 թուականից Իրանում հիմնել եւ ղեկավարել է ճարտարապետայ-քաղաքաշինական խորհրդատուական հիմնարկ: 1980 թուականից Պալասանեանը ընտանիօք տեղափոխուել է ԱՄՆ: 1992 թուականից սկսեալ Պալասանեանը իր արհեստավարժական կեանքը լիովին նուիրել է ԱՄՆ-ում եւ Հայաստանում հայ համայնքներին: 1992 թուականին, Ուաշինգտոնում ստանձնել է Ամերիկայի Հայկական Համագումարի Վարչութեան Նախագահի պաշտօնը, 1993-1995, ներառեալ, Երեւանում ծառայել է, որպէս Հայաստան Համահայկական Հիմնադրամի փոխտնօրէն եւ Շինարարական բաժնի պետ: 1996 թուականին ստանձնել է Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի Գործադիր տնօրենի պաշտօնը, եւ 1997-1998 թուերին, Նյու Եորքում ծառայել է որպէս արեւելեան Ամերիկայի Հաեոց Առաջնորդարանի Գործադիր տնօրէն:

Պալասանեանը նաեւ աշխատել է կատարողական արուեստի բնագաւարում: Պարսկական բեմում, որպէս արհեստաւարժ դերասան նա ներկայացել է Շեքսպիրի, Չեխովի, Փրոսփեր Մերիմէի, Լիլիան Հելմանի, Ջոն Բոյնտօն Փրիստլիի, եւ այլ հեղինակների թատերախաղերում: Նա նոյնպէս ասմունքել է Իրանում, ԱՄՆ-ում, եւ Անգլիայում, հայկական ազգային եւ համայնական միջոցառումներին:

1992-թւին Պալասանեանը, իր կնոջ, նկարիչ-բանաստեղծ Սոնիայ Պալասանեանի հետ միասին, Երեւանում հիմնել է Նորարար Փորձառական Արուեստի Կենտրոնը (ՆՓԱԿ), որը լծուած է հայ աւանգարդ արուեստը համաշխարհայաին բեմահարթակներում ներկայացնելու: 1995 թուականից Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան յանձնարարութեամբ Պալասանեանները, ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արուեստի Բիենալեներում շարունակաբար կազմակերպել են Հայաստանի Հանրապետութեան տաղաւարները, որը շարունակուել են մինչեւ 2009թ.:

1998 թուի սեպտեմբերից երջանկայիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հաեօց Կաթողիկոսի յանձնարարութեամբ, որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազօր ներկայացուցիչ, ղեկավարել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները, այն, 2001 թւին, Հայաստանի Քրիստոնեութեան ընդունման 1700-ամեակի առթիւ աւարտուն վիճակի հասցնելու յանձնարարութեամբ: 2002 թուականի յունիս ամսից մինչեւ 2009թ. մարտ ամիսը Պալասանեանը ստանձնել է ազգային բարերար Գերարդ Լ. Գաֆեսճեանի նուիրատուութեամբ Երեւանի Կասկադ համալիրին կից կառուցուող արուեստի թանգարանի գործադիր տնօրենի ինչպէս նաեւ թանգարանի շինարարութեան ղեկավարութեան եւ վերահսկողութեան տնօրինութիւնը (2008-2009թթ):

Էդուարդ Պալասանեանի հոգեհանգստի արարողութիւնը տեղի ունեցաւ Նյու Եորքում սեպտեմբերի 12-ին ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ եկեղեցում: Սեպտեմբերի 10-12-ը ՆՓԱԿ-ում յայտարարուած են յիշատակի օրեր:

Share