ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը չի մեկնաբանում, թէ երբ եւ ինչ հիմնաւորմամբ է Ֆրանսիայի Հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը Հայաստանի համար ճանաչւել անցանկալի անձ։ News.am-ի գրաւոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից յայտնում են, որ հայցւող տեղեկութիւնը խախտում է Մուրադ Փափազեանի անձնական կեանքի գաղտնիութիւնը, հետեւաբար այն չի կարող տրամադրւել։
Մեր հարցին, թէ կա՞ն այլ սփիւռքահայ գործիչներ, որոնք եւս Հայաստանի համար ճանաչւած են անցանկալի անձ, ԱԱԾ-ն եւս չի պատասխանում՝ նշելով, որ այդ մասին հաշւառում չի իրականացւում։
Յիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանն ընտանիքի հետ յուլիսի 14-ին ժամանել էր Հայաստան, սակայն «Զւարթնոց» օդանաւակայանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազեանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թէ ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։ Մուրադ Փափազեանը ստիպւած է եղել ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թէ ինչ հիմքով է յուլիսի 13-ին արգելուել Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն:
-Խնդրում ենք պարզաբանել, թէ ի՞նչ հիմքով է արգելուել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազեանի մուտքը Հայաստան:
-Յայտնում ենք, որ Ձեր կողմից նշուած անձի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի «գ» եւ «զ» կէտէրը:
Տվեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտօշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Աւտոշարասեան ուղղութեամբ նետուել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր աւտօմեքենան ենթարկուել է յարձակման եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարուել է միայն ֆրանսիական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում:
Այդ մասին վկաեօղ տուեալներ հրապարակուել են տարբեր լրատուամիջոցների կողմից, իսկ տեսանիւթերն առկայ են նաեւ համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշուած անձի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ յարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն՝ օրէնքով սահմանուած կարգով արգելուել է:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածը սահմանում է այն հիմքերը, որոնք թոյլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկէտի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրուած մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետութիւն: