Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին

Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին

Վահագն Մելիքեան
Արտակարգ եւ լիազօր դեսպան,
Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցը պէտք է դառնայ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հաւաքական ու իւրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականութեանը, «իրական Հայաստան» հորջորջուող կեղծ գաղափարախօսութեանը ու հակազգային քաղաքականութեան։

Նրանք

Ո՞րն է Հայոց ցեղասպանութեան փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հէնց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին եւ նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարուած յանցագործութիւնը։ Վախը՝ մեղքի խոստովանութեան եւ, հետեւաբար, վնասի փոխհատուցման, գերագոյն դատաստանի առաջ սերունդներով կանգնելու մղձաւանջի նկատմամբ։ Յանցագործի կողմէ ցեղասպանութեան ժխտումը նաեւ նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցած, կամ պատճառներն այնքան լուրջ են եղած, որ արդարացուած են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանութիւնը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարաւոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է…

«Մերոնք»

Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «եան»-ով, որոնք ապրել, սորվել ու մեծացած են մեզ հետ հաւասար հիմունքներով, օգտուած են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդիւնքներից, մեզ հետ շնչած են նոյն օդն ու խմած նոյն ջուրը։ Ահա այստեղ ամեն ինչ շատ աւելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտօնութիւնների կամ նիւթական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, յիշողութիւնն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերւում են ապրումակցման, սիրոյ, հաւատքի, պատուի, արժանապատուութեան եւ բարոյականութեան իսպառ բացակայութեամբ։ Նրանց զէնքն է՝ ստը, կեղծիքը, զրպարտութիւնը, սպառնալիքը ու բռնութիւնը։ Զինատեսակների հէնց այս ընտրանին է գործի դրուած ամենօրեայ ու անդադար ռեժիմով։ Նրանք հաւատում են միայն նրան, ինչը շօշափելի է եւ կարելի է ուտել։ Սակայն նրանք անզօր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից եւ հաշուի նստել նրանց հետ։

Մարդը զգացմունքների, երեւակայութեան, մտքի թռիչքի, կարեկցանքի, նուիրուածութեան, ազնուութեան եւ արդարութեան, գործողութիւնների ու պատասխանատուութեան ներդաշնակութիւնն է։ Սա նշանակում է, որ այն ամէնը, ինչ անբնական է, արհեստական, հորինուած ու ստիպողաբար պարտադրուած, մարդու մէջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։

Վերոնշեալը ուղղակիօրէն կապուած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մէջ մեծ խորհուրդ ունի, ինչը ուղղակիօրէն կապուած է մեր յիշողութեան, ոգեկոչման, ինքնութեան, հաւատքի, համախմբման, միասնութեան ու պայքարի հետ։ Օր, որ մեր ավագների, մեր զաւակների, աշխարհի չորս անկիւններում բնակուող մեր քոյրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արիւնի մէջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաեւ ցեղասպանութեան յանցագործութիւնների դէմ համամարդկային պայքարի եւ դրանց կանխարգիլման ուղղութեամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատուութեան ստանձնման խոր գիտակցութիւնն է եւ ուրիշի ցաւին ու ողբերգութեանը ականջալուր լինելու աներկբայ պատրաստակամութիւնը։

Մեր միլիոնաւոր նախնիների մահը արժեզրկելու մանիպուլեատիւ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլուած ժառանգութիւնը՝ լինի դա հոգեւոր թէ նիւթական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի յիշողութիւնը, կը խօսեն դատաստանի առաջ կանգնելու եւ հատուցման վախի դրսեւորման մասին։ Հետեւաբար, իւրաքանչիւր արժանապատիւ եւ բանական Հայ Մարդու երթը դէպի Ծիծեռնակաբերդ, դէպի մեր մէկուկէս միլիոն սրբադասուած զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձան, մեր ստորագրութիւնն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժուած են ուրացողները, ժխտողները, պատմութիւնը նենգափոխողները ու այսպէս կոչուած վերաիմաստաւորողները։
Հիշում ենք, պահանջում ենք եւ երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Share