ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր
Նախօրէին Նիկոլի եւ Էրդողանի կայացած զրոյցում բացի դիւանագիտական արտայայտութիւններից, փոխադարձ շնորհաւորանքի թեման խորհրդանշականութիւն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականութեանը մեծ տեղ են յատկացնում։ Թուրքերի համար մեծ տօն համարւող Ղորբան տօնի աւարտի վերջին օրը (այս տարի աւարտւում է յուլիսի 12-ին) Նիկոլը շնորհաւորում է Թուրքիայի առաջնորդին։ Ղորբան տօնը զոհաբերութեան, առաջին հերթին զոհաբերութեան տօն է: Այդ օրերին թուրքական քաղաքներում ահասարսուռ պատկերներ են լինում, արեան գետեր, որին անդրադառնում է նոյնիսկ միջազգային մամուլը (լուսանկարներից մէկը կցւում է)։
Ու 2020 թւականի 44-օրեայ պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանութեան մէջ մեղադրող Նիկոլը հէնց զոհաբերութեան տօնի վերջին օրը նոյն պատերազմում մեր հազարաւոր զոհերի մէջ մեղադրւող Էրդողանին շնորհաւորում է զոհաբերութեան տօնի առիթով։ Փոխարէնը՝ Էրդողանն էլ Վարդավառն է յիշում, որ նշւելու է յուլիսի 24-ին։ Յատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհաւորել, հիմա յիշում է ժողովրդական տօնը։
Նիկոլի պաշտօնական կայքն այն ներկայացնում է աւելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհաւորել է Վարդավառի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ ( https://www.primeminister.am/…/Nikol-Pashinyan…/)։ Էրդողանի պաշտօնական կայքում կրօնական տարրը բացակայում է, ուղղակի նշւում է` Վարդավառ (Vardavar Bayramı… https://www.tccb.gov.tr/…/ermenistan-bas-bakani-nikol…)։
Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրօշի օրը)։ Հիմա էլ հեռախօսազրոյց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհաւորում է զոհաբերութեան օրւայ առիթով։ Իսկ այսօր արդէն օր առաջ սահմանը բացելը, համաձայնութիւնները կեանքի կոչելը ողջունող Փաշինեանը 2021 թւականի մայիսի 10-ին Ազգային ժողովում յայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպէսզի շարունակի հայերի դէմ իր ցեղասպան քաղաքականութիւնը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկէ, ցեղասպանութեան հարցը եւ 44-օրեայ պատերազմը կապւել են միմեանց հետ»։ Պարզւեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդէն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերութեան տօնի օրերին։
Բայց Նիկոլը զոհաբերութեան սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թէ ինչ-որ մի կենդանի, ինչպէս անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը:
Յ.Գ. այս տողերը շարադրելիս դժւարութեամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խօսում…