Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
ՀՀ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինուած ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղութեամբ իրականացուող սադրիչ եւ ագրեսիւ գործողութիւնների վերաբերեալ: Տեղեկութիւնը հաղորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Նախագահ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է եւ Իրանն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթիւնները պէտք է լուծուեն խաղաղ ճանապարհով եւ պետութիւնների տարածքային ամբողջականութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշումը յստակ է:
Իրանի նախագահը յիշատակել է Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Այաթ. Խամենէիի խօսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպէտք է վտանգուի, իսկ հաղորդակցութեան ուղիները պէտք է լինեն պետութիւնների սուվերենութեան ներքոյ:
Էբրահիմ Ռէյիսին շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը՝ յաւելելով, որ Հայաստանի անվտանգութեան հարցը կարեւոր է Իրանի համար: