Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամուել Բաբայանի վերջին հարցազրոյցը փոթորկել է արցախեան քաղաքական դաշտը։
Բաբայանն ակնարկել էր, որ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, ՊԲ հրամանատարին մատնութեամբ են յանձնել Ադրբեջանին։
Հարցազրոյցից յետոյ 2 վարկած է քննարկւում։
Ըստ առաջինի՝ Նիկոլ Փաշինեանն է Ալիեւին ասել Բակոյ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի, Արայիկ Յարութիւնեանի, Դաւիթ Իշխանեանի, Լեւոն Մնացականեանի գտնուելու վայրը, որպէսզի նրանց տանեն Բաքու՝ հնարաւորութիւն չտալով մտնել Հայաստան ու ինչ-ինչ գործընթացներ գեներացնել Փաշինեանի դէմ։
Իսկ Բաբայանն ակնարկում է, որ գաղթի օրերին նախագահները գտնուել են Իւանեանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ռուսները խոստացել են, որ նրանց վերջում դուրս կը բերէն Արցախից, սակայն վերջին էտապում տարհանուողների մէջ են եղել ուժային կառոյցների ղեկավարները, բարձրաստիճան պաշտօնեաներ, այդ թւում՝ ՊԲ հրամանատար Կամոյ Վարդանեանը, Կարէն Սարգսեանը, ԱԱԾ հրամանատարներ եւ այլք:
Հակարի կամրջի մօտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ կայ՛մ ձեր ղեկավարների տեղն եք ասում, կայ՛մ ձեզ Բաքու ենք տանում, եւ, ըստ այս վարկածի, այս պաշտօնեաներն են մատնել նրանց:
Նրանք հետ են վերադարձել Արցախ, կապուել Բակոյ Սահակիչի հետ, նկարագրել իրողութիւնը եւ խնդրել, որ նախագահները գան Կարէն Սարգսեանի տուն` ադրբեջանցիների հետ բանակցելու։
Նրանք էլ, որպէսզի իրենց ընկերներին փրկէն, եկել են ու գերի ընկել: