Արցախեան նոր օրակարգ

Արցախեան նոր օրակարգ

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Արցախի Հանրապետութեան կայացման եւ արցախեան հարցի բանակցային պատմութիւնը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու յայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացուեց այս իշխանութեան օրօք։
Հիմա բոլորովին նոր վիճակ է, եւ այդ վիճակը որեւէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրօք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամէն ինչ զրոյացուել է, բանակցային պատմութիւնը դարձել է պատմութիւն։ Սա է փաստը։

Այսօր մէզ անհրաժեշտ է նոր արցախեան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը Բաքուի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որեւէ փուլում հնարաւոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամէնը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանութեան (եւ/կամ սեփական անձի անվտանգութեան) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախեան նախորդ բանակցային օրակարգերի այս ցաւոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մէկ մարդու, եւ այդ մէկ մարդը Արցախի գերեզմանափորն է։

Պետական մտածողութիւնն այն է, որ պէտք է վեր կանգնել «իմ նախագահի օրօք աւելի լաւ վիճակ էր, քան՝ միւսի» թիմային մրցակցութիւնից։ Չի կարելի շարժուել ապագայ պատմութեան դասագրքերում գրուելիքի մօտիւացիայով։
Եւ այս իմպերատիւ լրջութիւնը պէտք է գայ նախկին նախագահներից, եւ թիմերը դա պէտք է ընկալէն որպէս առաջ շարժուելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրօք եղել է աւելի լաւ վիճակ, քան հիմա է։
Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականութեան շարունակութիւն ապահովելու համար մէզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախեան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պէտք է միաւորուեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կը կարողանան պոկուել անձնական ամբիցիաների ու թշնամութեան թունաւոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միաւորելու նաեւ երիտասարդ, որեւէ նախկին կամ ներկայ իշխանական շրջանակների հետ չկապուած, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միաւորել արցախեան բզկտուած հանրութեանը, որի ներսում նոյնպէս այս իշխանական քարոզչախումբը յաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։

Միեւնոյն է վերադառնալու ենք

Նոր արցախեան օրակարգի ստրատէգիական բանաձեւը պէտք է լինի դա. Միեւնոյն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պէտք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամեակ։ Ինչքան էլ պահանջուի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պէտք է փոխանցուի։ Նաեւ այս ձեւով են շարունակական ազգ լինում։
Սա ոչ թէ երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։

Նոր արցախեան օրակարգը պարտաւոր է իրատեսօրէն գնահատել մեր հնարաւոր բոլոր ռեսուրսները, պարտաւոր է ընտրել ճիշտ հռետորաբանութիւն՝ փոփոխուող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախեան օրակարգը պէտք է լինի ճկուն, եթէ կուզեք՝ խորամանկ։ Ամենակարեւորը՝ նոր արցախեան օրակարգը պէտք է լինի խաղաղութեան օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հաւասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկուատ կառավարման, հանրութեան հետ մշտական երկխօսութեան ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի եւ չշահարկի հանրութեան համար նուրբ եւ ցաւոտ կէտէրը։
Նոր արցախեան կոնցեպտի առանցքն ու նպատակը պէտք է լինի Արցախում հայկականութեան շարունակութիւնը։

Իսկ որպէս սկիզբ՝ փակել է պէտք նախորդ բանակցութիւնների քննարկումը եւ դա թողնել շատ աւելի յետոյ՝ որպէս Անկախ Հայաստանի պատմութեան քննութեան մաս։ Տեսականօրէն ենթադրենք՝ երեք նախագահներից մէկն այս մրցավազքում յաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժուար վիճակում։
Այսօր այս բանաւէճը ոչ թէ անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանութիւնը։

Share