Մենք շատ ենք ուրախանում, երբ տեսնում ենք, որ մեր հայ երեխաները միանում են Նաւասարդեան խաղերին։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասաց «Նաւասարդեան խաղերի» կազմկոմիտէի անդամ Դալար Գալստեանը։
«Ամէն տարի «Նաւասարդեան խաղերը» սկսւում են գրեթէ մարտ ամսին, իսկ խաղերն ընթանում են ամէն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։ Դրանք կայանում են տարբեր դպրոցներում, եւ ամէն տարի մեր մարզական թիմերը շատանում են՝ լինի բասկէտբոլը, թեթեւ աթլետիկան, վոլեյբոլը, լողը, նաեւ մեծ թուով երեխաներ շախմատի են մասնակցում։ Ամէն տարի թուերը մեծանում են, եւ շատ ենք ուրախանում, որ մեր հայ երեխաները միանում են եւ ներկայացնում այս ծրագիրը։
Եթէ որեւէ մէկը ցանկանայ մաս կազմել «Նաւասարդեան խաղերին», նախընտրելի է, որ նրանք մաս կազմէն ինչ-որ մասնաճիւղի։ Մենք Լոս Անջելեսում մասնաճիւղեր ունենք, իսկ Նեւադայում գործում է «Արցախ» մասնաճիւղը»,- ասաց Գալստեանը։
Խոսելով իր աշխատանքային գործունէութեան մասին՝ նա նշեց․
«Ես փոքր տարիքից մաս եմ կազմել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեանը (Homenetmen), Իրանում եղել եմ սկաուտ, յետոյ տեղափոխուել եմ ԱՄՆ, որտեղ էլ շարունակել եմ գործս։ Ես փորձում եմ երեխաներին, նոր սէրնդին փոխանցել այն դաստիարակութիւնը, որը ստացել եմ ՀՄԸՄի միջոցով։ Եւ արդէն շուրջ 5-6 տարի է, ինչ օգնում եմ Նաւասարդեան խաղերին, յատկապէս սկաուտների եւ փակման արարողութեան հարցերում»։