«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը». ՆԱՏՕ-ի եւ միջազգային սիոնիզմի դաւադրութիւնն ընդդէմ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի

«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը». ՆԱՏՕ-ի եւ միջազգային սիոնիզմի դաւադրութիւնն ընդդէմ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի

Թեհրան  «ԻՌՆԱ» պետական լրատւական գործակալութեան հարցազրոյցը դոկտոր Ահմադ Քազեմիի հետսեպտեմբերի 3, 2022 թ.

Դոկտոր Ահմադ ՔազեմիՄիջազգային իրաւունքի եւ եւրասիական հարցերի փորձագէտ

— Ղարաբաղեան երկրորդ պատերազմի սցենարից անցել է աւելի քան 22 ամիս: «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» հարցը, որը Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Թուրքիան անհիմն կերպով անւանում են «Զանգեզուրի միջանցք», շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի եւ յատկապէս Միացեալ Թագաւորութեան ու միջազգային սիոնիզմի օրակարգում, որն էլ իրականացւում է Բաքւի եւ Անկարայի անմիջական գործակցութեամբ:

— Ղարաբաղեան երկրորդ պատերազմում Ղարաբաղի ազատագրման նպատակը իրականում քող էր «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» նախագծի իրականացման համար, ինչը մինչ այս ձախողւել է։ Այս պնդման ապացոյցն այն է, որ եթէ Ադրբեջանի Հանրապետութիւնն իսկապէս ունենար Ղարաբաղի ազատագրման «ինքնուրոյն կամք», տրամաբանօրէն 26 տարւայ ընթացքում` 1994 թ. զինադադարից սկսած մինչեւ 2020 թւականը, թէկուզ սահմանափակ, սակայն որոշակի քայլեր պէտք է ձեռնարկէր այդ ուղղութեամբ եւ ոչ թէ իմանալով ԱՄՆ-ի, Միացեալ Թագաւորութեան եւ Ֆրանսիայի բացասական վերաբերմունքի մասին՝ ռազմական գործողութիւնների առնչութեամբ պնդէր Մինսկի խմբի գործունէութիւնը շարունակելու հարցում եւ, դադարեցնելով հակաիրանական քարոզչութիւնը, պէտք է դրականօրէն արձագանգէր բռնագրաւեալ տարածքների ազատագրման վերաբերեալ Թեհրանի առաջարկին: Առ այդ թւում է, որ եւրասիական իրադարձութիւնների հարցում հիմնական խաղացողների ստանդարտ մօտեցումների փոփոխութեան հետեւանքով Ղարաբաղը եւս 2020թ. սկսած վերածւել է ՆԱՏՕ-ի եւ միջազգային սիոնիզմի աշխարհաքաղաքական նպատակների իրագործման միջոցի, որոնց առանցքում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հիմնարար շահերին հարւածելու նպատակով «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծումն է:

Այս համատեքստում կարեւոր է անդրադառնալ երկու կէտի. առաջին՝ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի փոխարէն «Զանգեզուրի միջանցք» կեղծ եզրի օգտագործումը պատմական, քաղաքական եւ իրաւական առումներով սխալ է, քանի որ «Զանգեզուրի միջանցք» կամ աւելի ստոյգ՝ «Արեւմտեան Զանգեզուր» կեղծ եզրը, որը մոգոնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, վերաբերում է Հայաստանի հարաւային մարզ Սիւնիքին, որը Իրան-Հայաստան սահմանային գօտին է: Իրականում այս եզրը պարունակում է Բաքւի տարածքային նկրտումները Հայաստանի Սիւնիքի մարզի նկատմամբ: Ադրբեջանի Հանրապետութեան ղեկավարութեան տրամաբանութիւնն այն է, որ այդ շրջանը (Սիւնիքը) 1922թ. ԽՍՀՄ-ի կողմից յանձնւել է Հայաստանին: Եթէ առաջնորդւենք այս տրամաբանութեամբ, ապա կան բազմաթիւ նմանատիպ տարածքներ, այդ թւում՝ Կովկասը` Ադրբեջանի Հանրապետութիւնը ներառեալ, որոնք 1828թ. անջատւել են Իրանից եւ կցւել Ռուսական կայսրութեանը: Իգդիրը, Կարսը եւ Ղարասուի միջանցքը, որոնք բոլորն էլ պատկանել են Իրանին, 1931թ. առանց որեւէ իրաւական հիմնաւորման յանձնւել են Թուրքիային: Կամ՝ Օսմանեան կայսրութեան կողմից 1920թ. ստորագրւած Սեւրի պայմանագրի համաձայն՝ այդ կայսրութեան հարաւարեւելեան 6 նահանգները «Արեւմտեան Հայաստան» անւամբ պատկանում են հայերին: Բնականաբար, եթէ առաջնորդւենք Բաքւի տրամաբանութեամբ, այս բոլոր տարածքները պէտք է վերադարձւեն իրենց պատմական տէրերին:

Սա է պատճառը, որ միջազգային իրաւունքը Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռներում շեշտում է՝ պատմական իրադարձութիւնները, որոնք հետագայում ենթարկւել են միջազգային յարաբերութիւններում գրանցւած փոփոխութիւններին, չեն կարող դառնալ տարածքային պահանջատիրութեան հիմք: Առ այդ Հայաստանի հարաւային շրջանի նկատմամբ «Զանգեզուր» եզրոյթի կիրառումը նշանակում է այդ երկրի տարածքային ամբողջականութեան խախտում եւ հակասում է ՄԱԿ-ի կանոնադրութեան 4-րդ յօդւածին: Հետեւաբար «Զանգեզուրի միջանցք» կեղծ եզրոյթի կիրառումը, որը, ցաւօք, ակամայ գործածւում է իրանական որոշ լրատւական եւ վերլուծական հրապարակումներում, որոնցում յղում է արւում Բաքւի եւ Անկարայի պաշտօնեաներին, եւ միտումնաւոր տիրաժաւորւում պանթուրքիստական լոբբիստական շրջանակների կողմից, քաղաքական, իրաւական եւ պատմական առումներով սխալ է: Որեւէ կեղծ եզրոյթ «ահաբեկչութիւն» երեւոյթի պէս չի կարող լաւը կամ վատը լինել: Ինչպէս «Արաբական ծոց» կամ «Հարաւային Ադրբեջան» կեղծ եզրոյթների կիրառումն է անընդունելի, նոյնպէս էլ «Զանգեզուրի միջանցք» եզրոյթի: Թւում է, թէ այս կեղծ եզրոյթի լաւագոյն այլընտրանքը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» անւանումն է, որը ես օգտագործել եմ դեռեւս 22 ամիս առաջ: Քանի որ նախ՝ «թուրանական» այս միջանցքի ստեղծումը անմիջականօրէն ուղղւած է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ, եւ երկրորդ` այս նախագծի իրականացումը վեր է Ադրբեջանի ու Թուրքիայի ուժերից: Կուլիսներում բրիտանական գաղութատիրութիւնն է, որն աւելի քան 200 տարի ձեւաւորել ու զարգացրել է պանթուրքիստական գաղափարախօսութիւնը հրէական ծագումով անգլիացի այնպիսի տեսաբանների միջոցով, ինչպիսիք են Քոենը եւ Արթուր Լիւմլէն:

Ի դէպ, սա նոյն գաղափարախօսութիւնն է, որն ընկած էր Օսմանեան կայսրութեան փլուզման հիմքում: Յաջորդն այն է, որ Բաքւի յղումը 2020թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտին զուրկ է որեւէ իրաւական հիմքից, քանի որ, հակառակ յայտարարութեան 6-րդ կէտի, որում յստակօրէն նշւած է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ 5 կմ լայնութեամբ Լաչինի միջանցքի ստեղծման մասին, 9-րդ եւ 10-րդ կէտերում խօսւում է միայն հաղորդակցական ուղիների վերաբացման եւ կառուցման մասին, որոնց առումով որեւէ յստակ տեղանք նշւած չէ: Եւ այս ուղիները Հայաստանի հարաւային շրջանի փոխարէն կարող են անցնել Ադրբեջանի Հանրապետութեան հիւսիսային շրջանով՝ Ղազախով, որը կապող ճանապարհներ ունի Հայաստանի եւ Նախիջեւանի հետ: Միեւնոյն ժամանակ հաղորդակցական այդ ուղիները պէտք է գտնւեն տւեալ երկրի (Հայաստանի) իշխանութեան ներքոյ այն դէպքում, երբ Լաչինի միջանցքի առնչութեամբ հրադադարի համաձայնագրում Բաքւի վերահսկողութեան մասին որեւէ խօսք չկայ:

Միւս կողմից՝ Լաչինի միջանցքի եւ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակների համահարթեցումը, որն ուղեկցւում է Բաքւի կողմից Երեւանի նկատմամբ հոգեբանական ու մեդիա շանտաժներով եւ քաղաքական ու ռազմական ճնշումներով, իրաւաբանական մէկ այլ դիտանկիւնից եւս խոցելի է: Դա վերաբերում է Լաչինի միջանցքի իրաւական ճակատագրի եւ Ղարաբաղի իրաւական կարգավիճակի նոյնութեանը, որը կառուցւած է Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարութեան (գոնէ այնպիսին, ինչպիսին Նախիջեւանի պարագայում է) առանցքի շուրջ: Կարգավիճակ, որն ընդունւել է Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ԵԱՀԿ լիսաբոնեան գագաթնաժողովի ժամանակ` 1996թ., եւ որի տրամադրման մասին Բաքուն բազմիցս իր պատրաստակամութիւնն է յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մինչդեռ այսօր պաշտօնական Բաքւի դիրքորոշումը փոփոխութեան է ենթարկւել, եւ Ադրբեջանի նախագահը շեշտում է Ղարաբաղին որեւէ իրաւական կարգավիճակ չտրամադրելու մասին:

Բնական է, որ Ղարաբաղի իրաւական կարգավիճակի բացակայութեան դէպքում հայերի համար Լաչինի միջանցքը կորցնում է իր իրաւական նշանակութիւնը:

Այն, որ, չնայած Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորւած չլինելուն, Ադրբեջանի Հանրապետութիւնը կենտրոնացած է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» միջոցով Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանային կապի խզման վրայ, պայմանաւորւած է մէկ այլ՝ աւելի մեծ դաւադրութեամբ, որը տարիներ ի վեր նախագծւել է ՆԱՏՕ-ի անվտանգային ուղեղային կենտրոններում` Միացեալ Թագաւորութեան եւ միջազգային սիոնիզմի առանցքային դերակատարութեամբ, եւ որի իրականացման համար մշակւել են գործնական ուղիներ: Նրանց տեսանկիւնից Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը ՆԱՏՕ-ի երեք հիմնական ախոյեաններն են, որոնց միջեւ դաշինքի ձեւաւորումը կը նշանակի Արեւմուտքի դէմ տարածաշրջանային նոր համակարգի ստեղծում:

Եւ քանի որ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան համարւում են աշխարհի աշխարհաքաղաքական զարգացումների կենտրոնը, միակ տարածաշրջանն են, որտեղ համընկնում են այս երեք տէրութիւնների շահերը, ուստի աշխարհագրական ամենանպաստաւոր կենտրոնն են Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին հարւածելու համար, ինչի շարժիչ ուժը պանթուրանական գաղափարախօսութիւնն է: Աշխարհաքաղաքական փոփոխութիւնների այս գործընթացում պանթուրանիզմը եւ թուրանական միջանցքը պէտք է գործեն այնպէս, ինչպէս նացիզմը եւ Հիտլէրի Դանցինգի միջանցքը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը», վերացնելով Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը, պէտք է ապահովի պանթուրանական շղթայի աշխարհագրական ձեւաւորումը Թուրքիայից մինչեւ Ադրբեջանի Հանրապետութիւն եւ Կենտրոնական Ասիա` միջազգային սիոնիզմի եւ ՆԱՏՕ-ի տրամաբանութեան շրջանակներում երաշխաւորելով Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի կենսական շահերին վճռական հարւածի արդիւնաւէտութիւնը ներքոնշեալ 4 ոլորտներում:

Տարանցիկ հաղորդակցութիւնների ոլորտ. Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը ներկայ պահի դրութեամբ համագործակցում են տարանցիկ 4 մեծ նախագծերի (Մետաքսի ճանապարհի վերականգնման, հիւսիս-հարաւ միջանցքի, Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի եւ ԷԿՕ-ի միջանցքի) շրջանակներում:

«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» շրջանակում Անկարայի միջոցով պէտք է ստեղծւի «Լազուրի միջանցքը», որը պէտք է ձգւի Թուրքիայից մինչեւ Կովկաս, Կենտրոնական Ասիա, Աֆղանստան եւ Պակիստան` ընդհատելով եւ թուլացնելով 4 տարանցիկ միջանցքները: Այս միջանցքը կարեւորւում է նրանով, որ ամերիկեան ուղեղային կենտրոնները յայտարարել են, որ ԱՄՆ-ի համար Չինաստանի նախագիծը («Մէկ ճանապարհ, մէկ գօտի») շատ աւելի վտանգաւոր է, քան նրա ռազմական ներուժը: Այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, այսպէս կոչւած, Թուրքալեզու երկրների համագործակցութեան խորհրդին դիտորդի կարգավիճակով պարսկափուշտունալեզու Աֆղանստանի անդամակցութեան հարցում, բխում է Աֆղանստանի առանցքային դերակատարութիւնից, որը նախատեսւած է «Լազուրի միջանցքում»:

Էներգետիկայի ոլորտ. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» պէտք է Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի գազը Կասպից ծովով Բաքու հասցնի: Ներկայ պահի դրութեամբ գործում է Ադրբեջանի գազը Եւրոպա հասցնող` Բաքւից Իտալիա ձգւող գազամուղը: Ադրբեջանը, սակայն, չի կարողանում ապահովել գազամուղի ամբողջական թողունակութիւնը: «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ծրագրի իրականացման եւ դրա շրջանակում միջինասիական վերոնշեալ երեք երկրների գազի հոսքի ապահովման դէպքում Եւրոպան այլեւս ռուսական («Նորդ Սթրիմ» գազամուղ) եւ իրանական գազի («Նաբուկօ» նախագիծ) կարիքը չի ունենայ, ինչը զգալիօրէն կը թուլացնի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը եւ միեւնոյն ժամանակ լուրջ խնդիրներ կը ստեղծի Չինաստանի համար Կենտրոնական Ասիայից, յատկապէս Թուրքմենստանից իրեն անհրաժեշտ գազի ծաւալների ապահովման հարցում:

Ազգային հարցերի ոլորտ. նախատեսւում է, որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը», յենւելով վերջին տասնամեակների ընթացքում Անկարայի եւ Բաքւի կողմից ազերիների, թուրքմենների, թաթարների եւ ոյղուրների շրջանում հրահրւած ազգայնական խնդրի վրայ, կը ձեւաւորի պանթուրքիզմի հիմքի վրայ ազգայնական լուրջ շարժում Իրանի ազերիաբնակ ու թուրքմենաբնակ շրջաններում, Չինաստանի ոյղուրաբնակ շրջանում եւ Ռուսաստանի թաթարաբնակ ու թուրքաբնակ շրջաններում:

ՆԱՏՕ-ի ընդլայնման ոլորտ. թուրանական միջանցքի միջոցով ՆԱՏՕ-ն պէտք է ուղղակիօրէն ներթափանցի Իրանի հիւսիսային, Ռուսաստանի հարաւային եւ Չինաստանի արեւելեան սահմաններ՝ ամբողջացնելով այդ երկրների ամբողջական շրջափակման նախագիծը, որը հող է նախապատրաստելու դրանց կազմաքանդման համար: Իրականութիւնն այն է, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ դէպի արեւելք ընդլայնւելու ՆԱՏՕ-ի ցանկութիւնը երբեք էլ չի մարել: Վերանայելով իր միջազգային դերակատարութիւնը՝ ՆԱՏՕ-ն երբեւէ մտադիր չի եղել հրաժարւել այնպիսի տարածաշրջաններից, ինչպիսիք են Կովկասը եւ Կենտրոնական Ասիան: Ինչպէս ասել է ՆԱՏՕ-ում Միացեալ Թագաւորութեան նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը, թուրանական միջանցքը ՆԱՏՕ-ն կը հասցնի մինչեւ Չինաստանի արեւմտեան սահմաններ:

Պարզամտութիւն կը լինի ընդունել այն տեսակէտը, թէ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցութեամբ պայմանաւորւած՝ այդ կազմակերպութեանը անհրաժեշտ չէ անմիջական ներկայութիւն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասը եւ Կենտրոնական Ասիան: Քանի որ նախ՝ նման տրամաբանութեամբ ՆԱՏՕ-ն չպէտք է ձգտէր ընդլայնւելու դէպի Ուկրայինա, Շւեդիա եւ Ֆինլանդիա` Ռուսաստանի դէմ պատերազմի մէջ ներքաշւելու գնով: Քանզի Ռուսաստանի միւս հարեւանները` մերձբալթեան երեք հանրապետութիւնները, սկսած 2004 թւականից, եւ Լեհաստանը (Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հարեւանը), սկսած 1999 թւականից, ՆԱՏՕ-ի անդամներ են: Երկրորդ՝ ՆԱՏՕ-ի գլխաւոր նպատակներից մէկը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի շրջափակումն է: Ըստ էութեան, ՆԱՏՕ-ի ներկայութիւնը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կը լրացնի Ռուսաստանի` Սեւ ծովի կողմից, Չինաստանի՝ Հարաւչինական ծովի կողմից եւ Իրանի` Պարսից ծոցի կողմից շրջափակումը: Երրորդ՝ ՆԱՏՕ-ի նպատակների սահմանման շրջանակում («ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը») Թուրքալեզու երկրների կազմակերպութեան հզօրացման եւ դրա շրջանակում, այսպէս կոչւած, «Թիւրքական ՆԱՏՕ-ի» ստեղծման նախապայմանն է այնպէս, ինչպէս Պարսից ծոցի համագործակցութեան կազմակերպութեան շրջանակում «Արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծումն է:

Հէնց այդ պատճառով էլ վերջին տասնամեակների ընթացքում, չնայած Ռուսաստանի զգայնութեանը, ՆԱՏՕ-ն չի բաւարարւել Թուրքիայի անդամակցութեամբ եւ շարունակել է ընդլայնումը դէպի արեւելք այնպիսի ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան», «ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերութեան» կամ «Բաց երկնքի» ծրագրերը:

Հաշւի առնելով («ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի») վերոնշեալ չորս հակագործառոյթները՝ ակնյայտ է դառնում, թէ որն է այս միջանցքի ստեղծման հարցում յամառութեան պատճառը, եւ ինչու է ոգեւորւած Բաքուն, ինչը նաեւ մեծապէս պայմանաւորւած է Միացեալ Թագաւորութեան եւ Իսրայէլի հովանաւորութեամբ:

Վերոնշեալ հակագործառոյթներից բացի՝ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» որոշակի հետեւանքներ կունենայ յատկապէս Իրանի համար: Այս միջանցքի ծրագրի շրջանակում նախատեսւում է Հայաստանի հարաւում կառուցել նոր գազամուղ, որը գործնականում առ ոչինչ կը դարձնի դէպի Նախիջեւան, Թուրքիա եւ նոյնիսկ Հայաստան իրանական գազի արտահանումը, կը չէզոքացնի Իրանի տարածքով դէպի Ադրբեջան թուրքմենական գազի սւափը, նաեւ խիստ բացասական ազդեցութիւն կունենայ Թուրքիայից դէպի Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիա Իրանի տարանցիկ աշխարհաքաղաքական նշանակութեան վրայ:

Միեւնոյն ժամանակ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» կը խթանի ազերիական ինքնութեան տարրալուծումը պանթուրքիստական գաղափարախօսութեան մէջ: Այս երեւոյթը հետապնդում է 2 գլխաւոր նպատակ. առաջին՝ չէզոքացնել կամ վերացնել ազերիական ինքնութիւնը, որը պատմութեան ընթացքում դիմակայել է անատոլիական-թուրքական-հանաֆիական ինքնութեանը՝ այն փոխարինելով թուրքական-անատոլիական ինքնութեամբ: Միւս կողմից՝ ազերիական ինքնութեան կերպափոխումը թուրքականի կը նպաստի ազերիների շրջանում շիիզմի վերացմանը: Հէնց այս պատճառով էլ չափազանց կարեւոր է բոլոր իրանցիների, յատկապէս Իրանի ազերիների (որոնք պատմութեան ընթացքում մշտապէս եղել են իրանական քաղաքակրթութեան եւ շիիզմի պաշտպանները Կովկասում) դիմակայութիւնն այս դաւադրական ծրագրին, որի շրջանակում էլ պէտք է դիտարկել պանթուրքիստների, այսպէս կոչւած, «Հարաւային Ադրբեջան» նողկալի ծրագիրը:

Հէնց այս պատճառով էլ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութիւնում սկսւել է ադրբեջանական ինքնութեան թուլացումը, եւ Բաքւի պետական, քաղաքական, անվտանգային եւ մեդիա շրջանակների օրակարգում է յայտնւել այդ ինքնութեան թուրքացման ծրագիրը: Սա այն դէպքում, երբ Ադրբեջանի խորհրդարանի 1996թ. ընդունած բանաձեւով ազերիական ինքնութիւնը յստակօրէն տարանջատւել է անատոլիական-թուրքական ինքնութիւնից: Ըստ այդմ՝ կարելի է նշել, որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման գլխաւոր նպատակներից մէկը Իրանի, Ադրբեջանի եւ Կովկասի միջեւ պատմական, մշակութային եւ կրօնական խզում առաջացնելն է, ինչը համապատասխանում է միջազգային սիոնիզմի նպատակներին:

Հէնց այս հանգամանքը հաշւի առնելով՝ Իրանի հոգեւոր առաջնորդը Թեհրանում կայացած Աստանայի գործընթացի անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումների ժամանակ նշեց, որ չի հանդուրժելու որեւէ ծրագիր, որը կը վերացնի Իրանի եւ Հայաստանի միջեւ եղած սահմանը: Այս կերպ Իրանի հոգեւոր առաջնորդը յստակօրէն եւ բացայայտօրէն նշեց, որ Իրանը դէմ է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքին», եւ դա Իրանի անփոփոխ կարմիր գիծն է: Այնուհետեւ՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի վարչապետի հետ հեռախօսազրոյցի ընթացքում նախագահ Ռէյիսին, կարեւորելով Իրան-Հայաստան սահմանային գօտին, շեշտեց, որ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի քաղաքական քարտէզի որեւէ փոփոխութիւն, եւ Իրանը պատրաստ է իր ողջ ներուժը ներդնելու Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում: Վերոնշեալ մօտեցումներից պարզ է դառնում, որ Իրանը որեւէ կերպ թոյլ չի տայ, որ ստեղծւի «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը», ինչի նպատակն է փոփոխութեան ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզն ու կազմաքանդել տարածաշրջանի երկրները:
Վերջում անհրաժեշտ է անդրադառնալ այս թեմային վերաբերող 4 հարցի:

Առաջին. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» ինչպէս Իրանի, այնպէս էլ Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ է: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապւած պանթուրքիստական կառոյցները փորձում են ցոյց տալ, թէ իբր Մոսկւան կողմ է այդ միջանցքի ստեղծմանը: Նրանց վկայակոչումը ռուս պաշտօնանկ արւած մի զինւորականի, որը յայտնի է պանթուրքիստական շրջանակների հետ իր համագործակցութեամբ, փաստում է, որ պանթուրքիստները որեւէ առիթ բաց չեն թողնում մոլորեցնելու իրանցի պաշտօնեաներին: Իրականութիւնն այն է, որ ռուս-վրացական պատերազմում (2008թ.) Ուկրայինայի դէմ պատերազմը, ինչպէս նաեւ ռուսական ուժերի մասնակցութիւնը 2021թ. Ղազախստանում տեղի ունեցած քաղաքացիական անկարգութիւնների ճնշմանը փաստում են, որ Ռուսաստանը անտարբեր չի անցնելու «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման փորձերի կողքով: Այն, որ այս միջանցքը, Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանի արեւմտամէտ իշխանութիւնների վրայ 22 ամիս շարունակ գործադրւած ռազմական, քաղաքական եւ անվտանգային ճնշումներով հանդերձ, դեռեւս կեանքի չի կոչւել, որոշակիօրէն պայմանաւորւած է Ռուսաստանի դիրքորոշմամբ: Ուկրայինական պատերազմի առաջին օրերին Ռուսաստանի հետ դաշնակիցների յայտարարութեանը միանալու Ադրբեջանի նախագահի հապճեպ քայլը վկայում է այն մասին, որ պաշտօնական Բաքուն չէր ցանկանում, որ Մոսկւայում տպաւորութիւն ստեղծւէր, թէ Ադրբեջանը փորձում է նպաստել ՆԱՏՕ-ի ներթափանցմանը տարածաշրջան: Ներկայ պահի դրութեամբ Ռուսաստանը հաստատւած է Ղարաբաղում եւ ունի տարածաշրջանային իրադարձութիւնների վրայ ազդելու գլխաւոր լծակները: Միեւնոյն ժամանակ Թուրքիայի հետ Սեւ ծովի իրաւական կարգավիճակի, էներգակիրների եւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների առնչութեամբ ունի վերապահումներ եւ հէնց այդ պատճառով խուսափում է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» շուրջ աւելորդ աղմուկից:

Երկրորդ. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծումը կը նպաստի տարածաշրջանում պանթուրքիզմի կտրուկ հզօրացմանը, կը հարւածի Հայաստանի տարածքային ամբողջականութեանը` վտանգելով այդ երկրի պետականութեան գոյութիւնը:

Առ այդ, բոլոր պնդումներով հանդերձ, Հայաստանի որեւէ կառավարութիւն չի կարող ստորագրել նման ստորացուցիչ պայմանագիր եւ շարունակել գոյատեւել: Հէնց այդ պատճառով էլ, Հայաստանի համար ենթադրեալ տնտեսական առաւելութիւնների վերաբերեալ Բաքւի եւ Անկարայի բոլոր պնդումներով հանդերձ, Հայաստանը դիմակայել է բոլոր ճնշումներին եւ ողջունել Կապանում Իրանի հիւպատոսարանի բացումը:

Երրորդ. այսպէս կոչւած Թուրքալեզու երկրների կազմակերպութեան ամրապնդման փորձերը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» դաւադրական ծրագրի մի մասն են: Այդ կազմակերպութեան նպատակը տարածաշրջանում պանթուրքիստական գաղափարախօսութեան տարածումն ու Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան, ինչպէս նաեւ տնտեսական համագործակցութեան զարգացման «ԷԿՕ» կազմակերպութեան դիրքերի թուլացումն ու պառակտումն է: Նրանք, ովքեր միտումնաւոր կամ ակամայ խօսում են Թուրքալեզու երկրների կազմակերպութեանը դիտորդի կարգավիճակով Իրանի անդամակցութեան անհրաժեշտութեան մասին` տւեալ կազմակերպութեան որոշումների վրայ ազդելու պարզամիտ հիմնաւորմամբ, իրականում գործում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» գաղափարի ամրապնդման ուղղութեամբ: Քանի որ անգամ դիտորդի կարգավիճակով Իրանի անդամակցութիւնը կը նպաստի, այսպէս կոչւած, Թուրքալեզու երկրների կազմակերպութեան լեգիտիմացմանը այն դէպքում, երբ այդ կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարները հաղորդակցւում են թարգմանչի օգնութեամբ: Ինչպէս, այսպէս կոչւած, Արաբական ծոցի համագործակցութեան խորհուրդը չունի օրակարգային առաջնահերթութիւն Իրանի համար, Թուրքալեզու երկրների խորհուրդը եւս չպէտք է ունենայ որեւէ կարեւորութիւն: Պանթուրքիստների հետ կապւած տւեալ կազմակերպութեանը դիտորդի կարգավիճակով Իրանի անդամակցութեան անհրաժեշտութեան մասին պանթուրքիստական շրջանակների հետ կապւած մեդիացանցի պնդումները իրականում նպատակ են հետապնդում ապացուցելու, որ Իրանի ազերիները թիւրքական աշխարհի բաղադրիչ մասնիկն են: Միեւնոյն ժամանակ չպէտք է աչքաթող անել այն իրողութիւնը, որ, այսպէս կոչւած, Թուրքալեզու երկրների կազմակերպութեան բոլոր անդամները անդամակցում են մէկ կամ մի քանի տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպութիւնների, որոնց անդամակցում է նաեւ Իրանը: Այնպէս որ այդ երկրների հետ յարաբերութիւնների կարգաւորման համար գործիքակազմի պակաս չի զգացւում:

Չորրորդ. եթէ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման միջոցով Բաքուն, Անկարան եւ ՆԱՏՕ-ն իսկապէս չեն հետապնդում դաւադիր նպատակ՝ բռնակցելու Սիւնիքը եւ խզելու Իրան-Հայաստան ցամաքային կապը, այդ դէպքում կարող են օգտագործել Զանգելանի եւ Նախիջեւանի սահմանային կէտերից Իրանի տարածքով Հայաստանի հետ կապի հնարաւորութիւնը, որի մասին յուշագիրը ստորագրւել է 2022թ. մարտին Թեհրանի եւ Բաքւի միջեւ: Վերջին երեք տասնամեակների ընթացքում Իրանը համարւել է Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կապի հիմնական տարանցիկ, ինչպէս նաեւ արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապի հիմնական ուղին: Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղութեան հաստատման գործում Իրանը կարող է այժմ նոյն առանցքային դերակատարութիւնն ունենալ իր տարածքով անցնող՝ Զանգելանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհով: Դրանից բացի՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապի համար կարող է օգտագործել Թովուզի եւ Ղազախի շրջանները, որոնք ունեն դէպի Երեւան եւ այնտեղից դէպի Նախիջեւանի հիւսիս ձգւող ճանապարհներ: Նման այլընտրանքների առկայութեան պայմաններում Բաքւի եւ Անկարայի պնդումներն այն մասին, թէ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհը պէտք է անցնի բացառապէս Սիւնիքի տարածքով, ոչ այլ ինչ են, քան «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման փորձ, որը չունի որեւէ տարանցիկ եւ տնտեսական դեր, եւ որի դերը բացառապէս քաղաքական, անվտանգային, ռազմական եւ աշխարհաքաղաքական է: Բնականաբար, եթէ առաջնորդւենք Ադրբեջանի եւ Թուրքիայի տրամաբանութեամբ, Իրանը եւս կարող է պահանջել, որ Ղարասուի շրջանով Երեւանի հետ կապւող միջանցք տրամադրւի, որը սահմանային կէտից Իրանի եւ Հայաստանի մայրաքաղաքների միջեւ տարածութիւնը 400 կմ-ից կը հասցնի 50 կմ-ի:

«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման վերաբերեալ Բաքւի եւ Անկարայի պնդումները ոչ միայն չեն նպաստի դրա ստեղծմանը, այլեւ ընդհակառակը` ազգայնական գործօնի առկայութեան պատճառով կը նպաստեն տարածաշրջանային խզումների խորացմանը՝ առաւել բարդացնելով Ղարաբաղի ապագայի խնդիրը, միաժամանակ նպաստելով Ալիեւի վարչակազմի ներսում եղած տարաձայնութիւնների խորացմանը, ինչպէս նաեւ Ադրբեջանում էթնիկ խզումների ակտիւացմանը: Դրանից բացի՝ այս թեման Թուրքիայում 2023թ. նախատեսւող ընտրութիւնների ժամանակ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան համար վեցեակ կուսակցութիւնների դաշինքի եւ քրդերի ու ալաւիների դաշինքի դէմ պայքարում կարող է վերածւել աքիլլէսեան գարշապարի:

Թարգմանութիւնը՝ Իւետ Դանիէլեանի

Share