Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Խաւիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայութեան հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարութեան մասին վրացական ծառայութեան լրագրող Անի Չխիկուաձէի հարցազրոյցի շրջանակում:
Իր խօսքում, գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հիւսիսատլանտեան դաշինքի համար Հարուային Կովկասի տարածաշրջանի կայունութեան կարեւրութիւնը եւ աջակցութիւն յայտնեց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներգրաւուածութեամբ Երեւանի ու Բաքուի միջեւ խաղաղ գործընթացին: «Վճռականօրէն աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, խաղաղութեան [հաստատման] բանակցութիւններին եւ նրանց միջեւ երկարատեւ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը։»,- ասել է Կոլոմինան:
Ստորեւ ներկայացնում ենք հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հատուածը:
«Ամերիկայի ձայն». «Շատ շնորհակալ եմ հարցազրոյցի համար: Հայաստանի վերաբերեալ հարց ունեմ իմ հայ գործընկերներից, եթէ թոյլ տաք։ Գիտենք, որ հանդիպել եք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտօնեաներին։ Ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարութիւնը երկու երկրների միջեւ ընթացող խաղաղ գործընթացում»։
Խաւիեր Կոլոմինայ. «Աջակցում ենք կարգաւորման գործընթացին, եւ դրա մասին ասել ենք հէնց սկզբից: Վճռականօրէն աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, խաղաղութեան [հաստատման] բանակցութիւններին եւ նրանց միջեւ երկարատեւ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մէջ էի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք աջակցում ենք Եւրամիութեան եւ Միացեալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխաւոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մէզ համար ճիշտ ուղին յարաբերութիւնների կարգաւորումն է, քանզի այն կայունութիւն կը բերի Կովկասում»։
«Ամերիկայի ձայն». «Եւս մէկ հարց, որո՞նք են ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում»։
Խաւիեր Կոլոմինայ. «Կովկասը սեւծովեան տարածաշրջանի վրայ ուղիղ ազդեցութիւն ունի։ Եւ, ինչպէս ասացինք, Մադրիդի ռազմավարական հայեցակարգում, Սեւ ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունութիւնն ազդում է մէզ վրայ»։
«Ամերիկայի ձայն». «Սակայն կարելի է ասել, որ դուք որեւէ դերակատարում չեք ունեցել ղարաբաղեան հարցի կարգաւորման հարցում։ Իսկ տեսնո՞ւմ եք առաջընթաց Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Խաղաղութեան այս գործընթացը ձգձգւում է: Արդեօ՞ք նշաններ տեսնում եք, որ կողմերը մօտ են համաձայնութեան»։
Խաւիեր Կոլոմինայ. «Դրական մտածող մարդ եմ։ Յոյս է ներշնչում այն առաջընթացը, որը նրանք գրանցում են: Այդ մասին ինձ երէկ տեղեկացրել են արտգործնախարարները։ [Կողմերի միջեւ] եռակողմ հանդիպում է տեղի ունեցել պէտքարտուղար Բլինքենի մասնակցութեամբ։ Եւ ես հաւատացած եմ, որ առաջընթաց կայ: Չգիտեմ, թէ այն մէզ ուր կը բերի։ Բայց մենք կը շարունակէնք աջակցել գործընթացին, որքան կարող ենք։ Շնորհակալութիւն»։
Նշէնք նաեւ, որ գագաթնաժողովի ընթացքում Խաւիեր Կոլոմինան գրառում է կատարել իր X հարթակի էջում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին:
Գրառման մէջ նշւում է. «Վաշինգտօնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, ուրախ էի հանդիպել [Ադրբեջանի] արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկել ենք ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցութեան եւ [հայ-ադրբեջանական] խաղաղ բանակցութիւնների ներկայ կարգավիճակը: ՆԱՏՕ-ն վճռականօրէն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ու երկարատեւ խաղաղութեան համաձայնագրի [կնքմանը]»,- իր գրառման մէջ գրել է Խաւիեր Կոլոմինան: