Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովի ընտրութիւններում յաղթել է «Կայուն Համայնք» ազգային ցուցակը

Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովի ընտրութիւններում յաղթել է «Կայուն Համայնք» ազգային ցուցակը

Թեհրանի Հայոց թեմի 17-րդ պատգամաւորական ժողովի ընտրութիւններում բացարձակ մեծամասնութեամբ յաղթելէ «Կայուն Համայնք» ազգային ցուցակը իսկ Փաշինեանի կողմնակիցների կազմած «Միասնական դաշինքը» զգալի պարտութիւն է կրել: Վերջին քանի տարիների պառակտիչ աշխատանքի արդիւնքում նրանց յաջողել է միայն երկու տեղ զբաղեցնել Պատգամաւորական ժողովում: Փաշինեանից սնուող «Միասնական դաշինքը» հանդէս էր եկել հներ-նորեր, ապագայ կայ եւ այլ նմանատիկ կարգախօսներով: 

Ջախջախիչ յաղթանակ է արձանագրել «Կայուն համայնք» ցուցակը, որի հիմքում ՀՅ Դաշնակցութեան Իրանի կառոյցն ու յարակից մարզամշակութային կազմակերպութիւններն են: «Կայուն համայնքը» նախնական տուեալներով ստացել է 83 տոկոս քուէ, ունենալով Պատգամաւորական ժողովում 35 պատգամաւոր: 2 պատգամաւոր ժողւում կ’ունենայ «Միասնական դաշինքը»: Ժողովը կ’ունենայ եւս 5 անկախ պատգամաւոր: Պատգամաւորների այս թուակազմին աւելանում է նաեւ Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի նշանակած թուով 7 քահանաների թիւը:

Թ.Հ.Թ. 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնը կայացել են Ուրբաթ, 16 յունիս 2023ին առ. Ժամը 8:00-ից մինչեւ երեկոյան ժամը 6:00-ը: Իրանի Հայոց թեմի ընտրութիւնները կայանում են ժողովրդական բոլոր խաւերի մասնակցութեամբ, որտեղ իւրաքանչիւր հայ համարւում է հայոց առաքելական եկեղեցու ծխական անդամ: Ընտրութիւնները կատարւում են պետական տարողութեամբ:

Թէպետ դեռ ամբողջական չեն ընտրութիւնների արդիւնքներն ու մանրամասները սակայն սոցիալական ցանցերում տարածուած տեղեկութիւնների համաձայն ուրբաթ օրը տեղի ունեցած 17-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններն առանց միջադէպի չեն անցել:

Միաժամանակ սոցցանցերում ակնարկներ կան պատգամաւորական ընտրութիւնների նախօրեակին Զ. Սինանեանի կատարած այցի մասին իրանի դեսպանատանը, այն որակելով իբրև Սինանեանի թեհրան այցելութեան մի այլ նախաքայլ: Այց` որ յայտարարուեց, բայց յետաձգուեց հիմնականում իրանահայութեան կողմից Սինանեանին մերժելու պատճառով:

«Սակայն ինչպէս արդէն նկատեցինք նրանց ծրագրաւորումները խանգարուեցին Թեհրանահայութեան զգաստութեան ու հայրենասիրութեան շնորհիւ: Իրանահայութիւնը Նիկոլին էլ, Զարեհ Սինանեանին էլ ու նրանց կողմից նշանակւող ցանկացած յանձնակատարի էլ կտրուկ «Ո՛չ» ասեց», ասում է իրանահայ թելեգրամեան ալիքը:

Share