«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրուած ներկայացուցչական մարմին, դեռեւս 2023 թուականի Յուլիսի 27ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրութեանը, ՄԱԿ անդամ պետութիւններին` կոչ անելով յանուն փրկութեան (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:
«ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւնները եւ այլ միջազգային դերակատարներ, չնայած բնակչութեանը ցեղասպանութիւնից պաշտպանելու իրենց միջազգային պարտաւորութիւններին (Responsibility to Protect), ցաւօք, բացարձակ անտարբերութիւն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդէպ Արցախի բնակչութեանը սպառնացող լրջագոյն գոյաբանական վտանգների մասին, եւ չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնները, երբ վերջինս 2023 թուականի Սեպտեմբերին ռազմական ագրեսիա (յարձակում) իրականացրեց Արցախի դէմ եւ էթնիկ (ցեղային) զտումների ու ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում բռնազաւթեց Արցախի Հանրապետութեան ողջ տարածքը:
«Մինչեւ Արցախի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան, Ադրբեջանը, խախտելով 2020 թուականի Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան դրոյթները` մասնաւորապէս 6րդ կէտը, 10 ամիս շարունակ արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` միջազգայնօրէն ճանաչուած արտատարածքային Լաչինի միջանցքը` անհնարին դարձնելով կենսական նշանակութիւն ունեցող ապրանքների` սննդամթերքի, մանկական սննդի, դեղորայքի մատակարարումները, ինչպէս նաեւ անտեսելով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2022 թուականի Դեկտեմբերի 21ի եւ ՄԱԿ միջազգային դատարանի 2023 թուականի Փետրուարի 22ի եւ Յուլիսի 6ի որոշումները Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերեալ:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան անպատիժ վարքագիծը ոգեւորիչ է այլոց համար: Աշխարհն օրէցօր ընկղմւում է նոր արհաւիրքների մէջ, որի գինը հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց կեանքն է:
«Առաջնորդուելով Արցախը իր կազմի մէջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականութեամբ եւ այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքոյց մտադրութեամբ`
«Ներկայումս Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում կամ իւրացնում է հազարամեակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժէքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմութիւն ունեցող հայկական գիւղերն ու քաղաքները, շարունակում պատանդութեան մէջ պահել տասնեակ մեր հայրենակիցների, այդ թւում` հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
«Այդ յանցագործ հակամարդկային քաղաքականութիւնը կանխելու եւ Արցախի քաղաքացիների` իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է:
«Մինչեւ միջազգային հանրութեան կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը եւ պատմական Հայրենիք հայ բնիկ բնակչութեան վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է ՄԱԿ համապատասխան կառոյցների միջոցով դադարեցնել այժմ ընթացող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի հայկական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի եւ պատմամշակութային արժէքների, հանրային եւ մասնաւոր սեփականութեան թալանն ու բարբարոսական աւերումը` պահպանելով Արցախի բնակչութեան հարկադրաբար լքած անշարժ եւ շարժական գոյքը, բոլոր պետական եւ համայնքային շէնք-շինութիւնների, արդիւնաբերական ձեռնարկութիւնների եւ առեւտրային օբյէկտների (վայրերու) անձեռնմխելիութիւնը:
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս առաջնային մանդատով օժտուած բարձրագոյն ներկայացուցչական մարմին, ուղերձով դիմում է միջազգային հանրութեանը եւ կոչ անում ՄԱԿ անդամ պետութիւններին.
«Առաջնորդուելով ՄԱԿ կանոնադրութեան մէջ ամրագրուած ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքով,հիմք ընդունելով 1991 թուականի Սեպտեմբերի 2ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թուականի Դեկտեմբերի 10ին կայացած անկախութեան համաժողովրդական հանրաքուէի արդիւնքները, ինչպէս նաեւ 1992 թ. Յունուարի 6ին ընդունուած Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին` ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)Հանրապետութեան անկախութիւնը` յանուն Արցախի բնիկ ժողովրդի իր պատմական հայրենիք վերադարձի:
«ՄԱԿ անդամ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը պատմական արդարութիւնը վերականգնելու միակ միջոցն է, այն կը դառնայ մեր ժողովրդի պաշտպանուածութեան յուսալի երաշխիքը, կնպաստի 150 հազար հայերի արժանապատիւ եւ անվտանգ վերադարձին իրենց պատմական Հայրենիք` արդէն ճանաչուած միջազգային սահմաններում, պատմական բնակութեան վայրերում բնականոն կեանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպէս նաեւ կապահովի երկարաժամկէտ եւ կայուն խաղաղութիւն հարաւկովկասեան տարածաշրջանում»: