Նենսի Փելոսիի պատմական այցը Հայաստան

Նենսի Փելոսիի պատմական այցը Հայաստան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին Երեւանում է գտնւում: Սա այս մակարդակի առաջին այցելութիւնն է ԱՄՆի կողմից Հայաստան: Սոյն այցը աւելի իմաստալից է դառնում այն ժամանակ երբ տեղի է ունենում Ատէբէյջանի վերջին ոտնաձգութիւններից անմիջապէս յետոյ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Փելոսին ծաղկեպսակ է դրել յուշահամալիրի մօտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մօտ:

Ծիծեռնակաբերդի բարձունքում են եղել նաեւ պատւիրակութեան անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով յանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիէրը, որ ծագումով հայ է:

Նենսի Փելոսին շրջել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարանում, ծանօթացել 20-րդ դարասկզբին մարդկութեան դէմ գործւած մեծագոյն ոճրի մասին փաստող ցուցադրութեանը։ 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին Երեւանում ընդգծեց Հայոց Ցեղասպանութիւնը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտութիւնը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին այս մասին յայտարարեց Երեւանում, «Գաֆէսճեան» արւեստի կենտրոնում ունեցած ելոյթում: 

Նա շեշտեց Հայաստան այցի շրջանակում իր եւ կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յարգանքի իրենց տուրքը մատուցելու համար:

«Շատ յուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտութիւնը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին»,- ընդգծեց Փելոսին:

Նա յաւելեց. «Բաց վէրքերն ամոքելու համար աշխարհը պէտք է ճանաչի այն ոճրագործութիւնը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանութիւն: Ցեղասպանութեան ուղղութեամբ մեր ջանքերը պէտք է շարունակուեն, որպէսզի նման ոճրագործութիւններ երբեւէ չլինեն: Մենք երբեք չենք կարող այն մոռանալ»:

Նա յիշեցրեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը 2019-ին ներկայացրել է բանաձեւ, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց Ցեղասպանութիւնը, այլ նաեւ պատմութիւնը ջնջելու ջանքերի դէմ էր: «Մենք մերժում էինք բոլոր այն քայլերը, որոնցով ԱՄՆ կառավարութիւնը կարող էր Ցեղասպանութեան մերժման հարցի հետ առնչութիւն ունենալ»,- նշեց Փելոսին:

Փելոսին հայ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին եւ ՀՀ ինքնիշխան տարածքում ագրեսիայի սանձազերձմանը, ասել է, որ Միացեալ Նահանգների անմիջական արձագանքն էր՝ դադարեցնել բռնութիւնները եւ հրադադար հաստատել: 

«Մեր պատւիրակութիւնը շատ բաց խօսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել: Մենք ընդունել ենք, եւ այս այցի ընթացքում էլ շարունակում ենք իմանալ որոշ մարտահրաւէրների մասին, որոնք ծագում են խաղաղութեան համաձայնագրից՝ 2020 թ. հակամարտութեան հետ կապւած, եւ դա ինչպէս կարող է յանգեցնել Ադրբեջանի կողմից իրականացւող բռնութիւնների: Կարծում եմ՝ իմ գործընկերները եւս կարձագանգեն այս հարցին»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակը։ Գրում է Tert.am-ը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիէրը, անդրադառնալով նոյն թեմային, յիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատն արդէն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակները ՀՀ ժամանած քաղաքական գործիչներն են:

«Դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողութիւնները: Եւ ես լիայոյս եմ, որ այդ բանաձեւով մենք առաջ կը շարժւենք: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդէպ ունեցած մեր յանձնառութեանը, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ տարւող փորձերը դիմակայելուն եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխութեան դէմ ենք լինելու»,- ասել է Սփիէրը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով յանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնն էլ յաւելել է, որ իրենք հասկանում են, որ Հայաստանն ՀԱՊԿ մաս է Ռուսաստանի հետ։

«Ինչ մենք առաջարկում ենք, ասում ենք այն է, որ Հայաստանի անվտանգութեան հետ կապւած Միացեալ Նահանգները շատ մտահոգւած է եւ ցանկանում է հնարաւորինս աւելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում։ Եւ մենք ամէն ինչ կանենք, Միացեալ Նահանգները ամէն ինչ կանի Հայաստանին օգնելու համար՝ Ռուսաստանին նկատի չունենալով»,- նշել է Փալոնը:

Share