«ԼՂ հակամարտութիւնը լուծուած չէ». ԱՀ ԱԺ պատգամաւոր Վահրամ Բալայեանը Լաւրով-Բայրամով մամլոյ ասուլիսի մասին

«ԼՂ հակամարտութիւնը լուծուած չէ». ԱՀ ԱԺ պատգամաւոր Վահրամ Բալայեանը Լաւրով-Բայրամով մամլոյ ասուլիսի մասին

Յունիսի 24-ին Բաքւում մեկնարկել էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջէյհուն Բայրամովի եւ Սերգէյ Լաւրովի հանդիպումը: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թէ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցութիւնը Մոսկուայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարը երէկ Բաքւում կրկին պնդել է՝ բանակցային այդ ձեւաչափն այլեւս գոյութիւն չունի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից օգտագործուեց նաեւ «յետկոնֆլիկտային» իրավիճակ եզրոյթը։ Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի խօսքով՝ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները մշտապէս բարձրաձայնել են, որ հակամարտութիւնը կարգաւորելու անհրաժեշտութիւն ունի եւ, կարծում եմ, որ Լաւրովի ասած այդ միտքը կարելի է հէնց այդ համատեքստում դիտարկել։ Այս մասին «Artsakh speaks» լրատուականի թղթակցի հետ զրոյցում նշեց Վ. Բալայեանը։

«Ռուսաստանի արտգործնախարարի կողմից բազմիցս շեշտուել է ոչ միայն Ադրբեջանի պաշտօնեաների հետ հանդիպումների ժամանակ, այլեւ ընդհանրապէս տարբեր ձեւաչափերով, որ կայ հակամարտութիւն եւ այդ հակամարտութիւնը կարգաւորելու անհրաժեշտութիւն։ Եղել է պատերազ․ պատերազմը աւարտուել է, բայց հակամարտութիւնը չի կարգաւորուել եւ երկարատեւ խաղաղութիւն ապահովելու առումով անհրաժեշտութիւն կայ, որպէսզի հակամարտութիւնը վերջնականապէս կարգաւորուի»,- նշեց Վ. Բալայեանը։

Մինչ այդ Ադրբեջանի նախագահը Լաւրովի հետ հանդիպմանը մեղադրում է, որ հայկական կողմը ձգձգում է խաղաղութեան օրակարգն ու չի կատարում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։ Աւելի վաղ Երեւանը յայտարարել էր, թէ առաջարկել է Բաքուին տարածքային ամբողջականութեան ճանաչմանը զուգահեռ նաեւ Ղարաբաղում ապրող հայերի իրաւունքների, անվտանգութեան ու կարգավիճակի հարցը քննարկել։

Վահրամ Բալայեանի կարծիքով, Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականութիւն հասկացողութիւնը, որեւէ առնչութիւն չունի մեր անկախութեան եւ պետականութեան հետ, որովհետեւ մշտապէս՝ մինչեւ Խորհրդային հատուածը ունեցել ենք պետականութիւն, Խորհրդային ժամանակահատուածում մենք ինքնավար կարգավիճակ ենք ունեցել։

«Եթէ միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի տարածք է դիտարկւում օրինակ Ակնան կամ Կովսականը, ապա չեմ կարծում, որ խօսքը վերաբերում է նաեւ ԼՂ ինքնավար մարզի տարածքներին, որովհետեւ ըստ էութեան ԼՂ ինքնավար մարզը տարածքային տեսանկիւնից եղել է Խորհրդային Միութեան կազմում, ինչպէս Ադրբեջանն է եղել Խորհրդային Միութեան կազմում։ Այսինքն, վարչատարածքային միաւորներ են եղել, որոնք միջազգային իրաւունքի սուբիեկտ չեն եղել, պարզապէս որոշ հարցեր, մանաւանդ տնտեսական բնոյթի, կառավարուել է Ադրբեջանի կողմից։ Այնպէս որ այս տեսանկիւնից Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականութիւն հասկացողութիւնը, որեւէ առնչութիւն չունի մեր անկախութեան եւ պետականութեան հետ, որովհետեւ մշտապէս թէ մինչեւ Խորհրդային հատուածը ունեցել ենք պետականութիւն, թէ Խորհրդային ժամանակահատուածում մենք ինքնավար կարգավիճակ ենք ունեցել, ինչպիսի կարգավիճակ մի փոքր աւելի բարձր ունեցել է Ադրբեջանը Խորհրդային Միութեան կազմում»,- յաւելեց զրուցակիցս։

Մեր վերջին հարցին ի պատասխան՝ արդեօ՞ք լինելու է Արցախի ԱԺ կողմից յայտարարութիւն Լաւրով-Բայրամով հանդիպման հետ կապուած, ԱԺ պատգամաւորը յաւելեց, որ այդ հարցը դեռ պէտք է քննարկենք:

Share