azatutyun.am
Բրիտանիան բանակցում է չորս երկրի, այդ թւում՝ Հայաստանի հետ Միացեալ Թագաւորութիւնից արտաքսուող անօրինական միգրանտներին ընդունելու համար, հաղորդում է բրիտանական The Times պարբերականը։ Արդեօ՞ք Մեծ Բրիտանիայից Հայաստանին նման առաջարկ եղել է եւ ի՞նչ փուլում է բանակցութիւնը։ Հայաստանի արտգործնախարարութիւնից արձագանքել են, թէ այդ հարցով տեխնիկական ու բովանդակային քննարկում չի եղել:
«Հայաստանն ու Միացեալ Թագաւորութիւնն ունեն քաղաքական երկխօսութեան լայն օրակարգ, իսկ կոնկրէտ հրապարակման մէջ բարձրացուած հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցութիւններ չէն եղել», — ասուած է հաղորդագրութիւնում:
Մինչդեռ Times-ը, յղում անելով իր տրամադրութեան տակ յայտնուած Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչութեան փաստաթղթերին, նշում է, որ այս հարցով Լոնդոնը Հայաստանից բացի բանակցում է Բոտսուանայի, Կոտ դ’Իւուարի եւ Կոստայ Ռիկայի հետ։ Ըստ թերթի՝ աֆրիկեան այլ երկրներ՝ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան եւ Թունիսը հրաժարուել են քննարկել այդ հարցը։
Ըստ հրապարակման՝ Մեծ Բրիտանիան աֆրիկեան պետութիւնների պահուստային ցուցակ ունի, որոնց հետ հնարաւոր է բանակցի։ Այդ ցանկում են Անգոլան, Կաբոյ Վերդէն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը եւ Սիերայ Լեոնէն։
Գուցէ տեխնիկապէս հարցը չի քննարկուել, բայց Հայաստանին նման առաջարկ արե՞լ են։ Արտաքին գործերի նախարարութիւնն այս հարցին կոնկրէտ չի պատասխանել։ Կառավարութիւնից էլ յղում են արել արտաքին գերատեսչութեանը։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից «Ազատութեանը» փոխանցել են, թէ չէն ցանկանում մեկնաբանել Times-ի տրամադրութեան տակ յայտնուած փաստաթղթերը։ Ուշադրութեան կենտրոնում Ռուանդայի օրինագիծն է։
Անօրինական միգրանտներին արտաքսելու գործաքը Հայաստանի հետ վտանգաւոր է. Արթուր Խաչատրեան
Անօրինական միգրանտներին արտաքսելու գործարքը Հայաստանի հետ վտանգաւոր է, կարծում է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը: Հայաստանի ցածր ծնելիութեան ու տասնեակ հազարաւոր միգրանտների ներհոսքի դէպքում պատկերացնո՞ւմ եք ինչ ներհոսք կը լինի մի քանի տարի անց, հարցնում է ընդդիմադիր պատգամաւորը:
«Հիմա էդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղի՞ց է աւելի շատ տեղի ունեցել՝ Աֆղանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական երկրներ, աֆրիկեան երկրներ, անհասկանալի իրաւական հիմքի վրայ Հնդկաստանից կամ Պակիստանից, Բանգլադեշից եկած անհասկանալի գործարքի արդիւնքում, որը մեծ կոռուպցիոն ռիսկ ունի ու թրաֆիքինգի հօտ է գալիս: Եւս 50-100 հազար մարդ գայ, հասկանո՞ւմ եք ինչ է լինելու Հայաստանի հետ 20 տարի յետոյ», — ասաց Խաչատրեանը:
Ընդդիմադիր պատգամաւորը Բրիտանիայի խորհրդարանում հայկական պատուիրակութեան հետ անօրինական միգրանտներին արտաքսելու թեմայով Բրիտանիայի վարչապետի ու ընդդիմադիր պատգամաւորների հարցուպատասխանին հետեւել է։ Հարցը կենսական նշանակութեան խնդիր է այնտեղ, ասում է Արթուր Խաչատրեանը։
Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարութիւնը դիտարկել է նաեւ Հարաւային Ամերիկայի պետութիւնները՝ Պարագուայը, Պերուն, Բրազիլիան եւ Էկուադորը, սակայն համարել է, որ այդ երկրների կառավարութիւնները միգրանտներին ընդունելու հարցում այդքան էլ հետաքրքրուած չլինէն։
Անօրինական միգրանտներին արտաքսելու հինգ տարուայ համաձայնագիր Միացեալ Թագաւորութիւնն ունի Ռուանդայի հետ։ Ըստ BBC-ի՝ Մեծ Բրիտանիան դրա համար արդէն 240 միլիոն ֆունտ է վճարել Ռուանդային։ Համաձայն այդ պայմանաւորուածութեան՝ Միացեալ Թագաւորութիւնում ապաստան փնտրողները կ’ուղարկուեն Ռուանդայ, որտեղից ապաստանի իրենց դիմումները կը ներկայացնեն։ Եթէ փախստականի կարգավիճակ չստանան, կարող են հաստատուել Ռուանդայում կամ ապաստան խնդրել երրորդ «ապահով երկրում»։
Ըստ BBC-ի՝ նախկինում հրապարակուած պաշտօնական տուեալներով՝ իւրաքանչիւր անձի երրորդ երկիր տեղափոխելը կարժենայ 63 հազար ֆունտ ստէրլինգ, սա աւելին է քան նրանց Մեծ Բրիտանիայում պահելը։ Բայց այս գործընթացը հարթ չի ընթանում։ Անցած նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագոյն դատարանը միաձայն որոշել է, որ Ռուանդայի սխեման անօրինական է, դատաւորները եզրակացրել են, որ փախստականները կարող են յայտնուել իրենց հայրենի երկրներում, որտեղ ապահով չէ։