ՀՀ քննչական կոմիտէի զինուորական քննչական գլխաւոր վարչութեան յատկապէս կարեւոր գործերի քննութեան վարչութիւնում քննուող քրէական վարոյթի շրջանակներում իրականացուած մեծածաւալ քննչական եւ վարութային գործողութիւնների արդիւնքում պարզուել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած ագրեսիւ պատերազմի ընթացքում, յայտարարուած ռազմական դրութեան պայմաններում՝ 2020 թուականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատուածում, Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանութեան կազմակերպման ընթացքում անփոյթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականութիւնների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողութիւններն անզգուշութեամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. հակառակորդի զինուած ուժերն ամբողջութեամբ իրենց վերահսկողութեան տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատոյցները, իւրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրաւորներ։ Այս մասին յայտնում են ՀՀ քննչական կոմիտէի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Այսպէս.
Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատուութիւն կրելով ենթակայ զօրքերի պատրաստութեան եւ պատրաստականութեան, կիրառման, ինչպէս նաեւ՝ զօրքերին (ուժերին) առաջադրուած խնդիրների յաջող կատարման համար, 2020 թուականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զօրքերի (ուժերի) մարտական հնարաւորութիւնների արդիւնաւետ օգտագործումն ու սահմանուած ժամկէտներում առաջադրուած խնդիրների յաջող կատարումը, չի վերահսկել առաջադրուած խնդիրների կատարումը եւ չի ցուցաբերել անհրաժեշտ օգնութիւն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսեւորել հաստատակամութիւն ու վճռակայնութիւն, օպերատիւ ու ճկուն չի արձայգանքել ստեղծուած իրադրութեան փոփոխութիւններին, չի ապահովել զօրքերի կիրառման կայունութիւնը, անընդհատութիւնը, օպերատիւութիւնը, ներդաշնակ եւ լիարժէք հրամանատարութիւնը։
Մասնաւորապէս, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակուած մարտական կարգադրութեամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահուող հատուածում չի յանձնարարել զօրք տեղակայել, չի նշել հարեւանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմեան տեղամասում, ինչպէս նաեւ Շուշի-Լիսագոր աւտօմայրուղու հատուածում անհրաժեշտ պաշտպանութիւն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռեւս հոկտեմբերի 27-ից իր ենթակայութեան տակ ունեցել է Շուշիի ուղղութիւնում գտնուող N զօրամասի հէնքի վրայ կազմաւորուած 95 զինծառայողներից բաղկացած յատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից եւ 28-ից՝ իրենց պաշտպանութեան տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զօրամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տուեալ ժամանակահատուածում ներգրաւուած չէն եղել մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 6-ը ներառեալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրուած օպերատիւ ամփոփագրերում իրադրութիւնը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թւում՝ Շուշի քաղաքի ուղղութեամբ, իրադրութիւնը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թուականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին յաջողուել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշուած ստորաբաժանումները ներգրաւուել են ժամանակաւրէպ, մասնաւորապէս՝ նոյեմբերի 5-ին N զօրամասի մէկ հրաձգային գումարտակը տեղակայուել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչեւ «Իսահակի Աղբիւր» կոչուող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մօտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդէն իսկ հսկողութեան տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչուող տեղամասի հատուածը, եւ «Իսահակի Աղբիւր» կոչուող տեղամասի խորքն ընկած հատուածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանութիւն, տուեալ ուղղութիւն տեղափոխուելով՝ անմիջապէս յայտնուել է շրջափակման վտանգի տակ եւ պաշտպանութեան փոխարէն անցել է ինքնապաշտպանութեան՝ կրելով զոհեր եւ վիրաւորներ, մինչդեռ նշուած ստորաբաժանումը դեռեւս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրաւուել մարտական գործողութիւններին։
Բացի այդ, Շուշիի պաշտպանողական օպերացիայում չէն կիրառուել դեռեւս 2020 թուականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողութիւններում ներգրաւուելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ իւրաքանչիւրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռեւս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնաւոր բանակի ստորաբաժանումներ։
Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտուել են զօրքերի միանձնեայ ղեկավարման, ենթականերին առաջադրուած խնդիրների կատարման եղանակների որոշման նախաձեռնողականութեան տրամադրմամբ կենտրոնացուած կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղութեամբ գործող զօրքերի ղեկավարներն իրադարձութիւնների անընդհատ փոփոխման պայմաններում չէն հասցրել տեղում ուսումնասիրել իւրային ստորաբաժանումներին եւ դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտութեան, ապահովել Շուշիի ուղղութեամբ գործող կանոնաւոր բանակի ստորաբաժանումների եւ աշխարհազօրի միջեւ անհրաժեշտ համագործակցութիւնը, պաշտպանութեան մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ աւտօմայրուղու վրայ գտնուող լցակայանի խաչմերուկի մօտակայքում, տուեալ խաչմերուկից մինչեւ Շուշի–Քարին Տակ խաչմերուկն ընկած հատուածում, ստորաբաժանումներ չէն տեղակայուել («Իսահակի Աղբիւր» կոչուող տեղամասի ձորերի ու բարձունքների հատուածով հակառակորդը շրջանցել է իւրային ստորաբաժանումներին եւ շրջափակման մէջ վերցրել Շուշի քաղաքը)։
Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանութեան կազմակերպման ընթացքում անփոյթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականութիւնների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողութիւններն անզգուշութեամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. 2020 թուականի նոյեմբերի 2-ին՝ կէսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թեւից շրջանցել են իւրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանութեան բնագծի աջակողմեան հատուածի չպահուելու, իսկ յետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գիւղից շարժուելով «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչուող տեղամասէրի ուղղութիւններով՝ Շուշի քաղաքի եւ Լիսագոր բնակավայրի միջտարածութիւն, որից յետոյ նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչուող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբիւր» կոչուող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղութեամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը եւ առաջխաղացումը զարգացրել դէպի Շուշի քաղաք, այնուհետեւ շրջանցել են Շուշի — Քարին Տակ խաչմերուկում տեղակայուած իւրային ստորաբաժանումներին եւ նոյեմբերի 5-ին՝ երեկոյեան, Շուշի-Ստեփանակերտ աւտօճանապարհի վրայ գտնուող լցակայանի խաչմերուկի մօտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջութեամբ վերահսկողութեան տակ վերցնելով Շուշի քաղաքը եւ մատոյցները, իւրային ստորաբաժանումները, ժամանակաւրէպ կիրառելու հետեւանքով, տուել են զոհեր եւ վիրաւորներ:
2022 թուականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրուել 2003 թուականի ապրիլի 18-ին ընդունուած ՀՀ քրէական օրէնսգրքի 375-րդ յօդուածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրէական օրէնսգրքի 550-րդ յօդուածի 3-րդ մասին, այն է՝ զինուորական պաշտօնեական անփութութիւն): Ազատութեան մէջ գտնուող մեղադրեալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու անհրաժեշտութեամբ պայմանաւորուած՝ նոյն օրը որոշում է կայացուել վերջինիս ձերբակալելու մասին։
Նախաքննութիւնը շարունակւում է։
Յաւելենք, որ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախկին նախարար–Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխաւոր խորհրդական Միքայել Արզումանեանը բերման է ենթարկուել Արցախից Երեւան գնալու ճանապարհին: