Առաջին անհրաժեշտութեան ապրանքներ գրեթէ չկան խանութներում. Մետաքսէ Յակոբեանը Արցախից տեսակապով ներկայացնում է իրավիճակը
Արցախի Ազգային ժողովի «Արդարութիւն» խմբակցութեան քարտուղար Մետաքսէ Յակոբեանը ուղիղ տեսակապով Ֆրանսիայի դեսպանատան առջեւ նստացոյցի մասնակիցներին ներկայացնում է, թէ ինչ իրավիճակ է այժմ Արցախում:
«Դուք ականատես եք, որ ես մթութեան մէջ եմ, այսինքն՝ հերթական անջատումներն են: Արցախում արդէն տեւական ժամանակ օրը 3 անգամ 2-ական ժամով դեռեւս անջատումներ են լինում: Այսօր ես ոտքով կիլօմետրեր եմ անցել, որովհետեւ նախ այլեւս հնարաւորութիւն չունենք տեղաշարժուելու աւտօմեքենաներով, հանրային տրանսպորտը շատ ուշ-ուշ է աշխատում եւ բաւականին ծանրաբեռնուած է: Այս ընթացքում յատուկ մտել եմ խանութներ եւ տեսել եմ այն իրավիճակը, որն այսօր կայ: Արցախում ժամէրի ընթացքում իրավիճակ է փոխւում»,- ասաց Արցախի պատգամաւորը:
Յակոբեանի խօսքվ՝ առաջին անհրաժեշտութեան ապրանքներ խանութներում գրեթէ չկան.
«Կան բաներ, որոնք առօրեայ օգտագործման չէն եւ դեռեւս հնուց են մնացել: Բանջարեղենի եւ մրգի մասին այլեւս չենք խօսում, նոյնիսկ տեղական արտադրութեան շատ քիչ քանակութեամբ է լինում, աստղաբաշխական գներով են լինում եւ շատ արագ սպառւում են: Այսինքն՝ 21-րդ դարում այսօր Արցախում 30 հազար երեխայ ուղղակի զրկուած է վիտամիններով սնունդ ընդունելու հնարաւորութիւնից: Ժողովրդի մէջ մի պահ խուճապ էր առաջացել ցորենի պաշարների հետ կապուած: Մարդիկ փորձում են սնունդը պահեստաւորել: Անհանգստութիւնը ոչ թէ մեծ է, թէ ինչու չի բացւում ճանապահը, այլ նրանում է, որ վարուող քաղաքականութեան եւ միջազգային հանրութեան վերաբերմունքից»: