Ուղերձ-կոչ Ստեփանակերտից

Ուղերձ-կոչ Ստեփանակերտից

Քայլերթ ու հանրահաւաք՝ նուիրուած ԱՀ հռչակման 31-ամեակին

«Արցախը անկախ է», «Միացում», «Միութիւն, պայքար, յաղթանակ», «Հայաստան, Արցախ, Սփիւռք». Այս կոչերով են Ստեփանակերտի Ազատութեան հրապարակից հազարաւոր քաղաքացիներ շարժուել դէպի Վերածննդի հրապարակ: Քայլերթին մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցութիւնների, ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան», «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների պատգամաւորներ, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, հոգեւոր այրեր:

Այնուհետեւ Վերածննդի հրապարակում կայացել է հանրահաւաք, որի ընթացքում ելոյթներով հանդէս են եկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը: Արցախի Հանրապետութեան հռչակման կապակցութեամբ շնորհաւորական նամակներ են յղել տարբեր երկրներից քաղաքական գործիչներ, գործող եւ նախկին մի շարք պատգամաւորներ:

Հանրահաւաքի աւարտին հնչել է ուղերձ-կոչ:

Սահմանները կապանքներ չէն, շղթաներն էլ` կփշրուէն․ ուղերձ-կոչ Ստեփանակերտից

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայր Հայրենիքում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող քոյրեր ու եղբայրներ,

Այսօր` 2022թ. սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահաւաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատուածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատուածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածուած գործողութիւններից է կախուած պետութեան ու պետականութեան ապագան:

Երեսունմէկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նոյն հրապարակում մեր հազարաւոր հայրենակիցներ «Միացում», «ազատութիւն» եւ «անկախութիւն» էին վանկարկում` յորդորելով արտահերթ նստաշրջանի հաւաքուած նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամաւորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպէս հիմա. ազատութեան համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասաւորումների ընթացքում քանդուող տէրութիւնների փլատակների տակ:

Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնաւար մարզի ազգաբնակչութեան ցանկութեանն ու կամքին՝ հռչակուեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետութիւնը: Պատմական այդ որոշմանը յաջորդեցին միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ դեռեւս գործող միութենական պետութեան օրէնսդրութեանը համապատասխան իրաւական ու քաղաքական գործողութիւնները՝ համաժողովրդական հանրաքուէն եւ ինքնիշխան պետութեան օրինական իշխանութիւնների ընտրութիւնները:

Անկախ պետութեան հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացուեց 1988թ. փետրուարին արցախահայութեան կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանութեան մէջ, որն արտայայտուել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիաւորելու գաղափարախօսութեամբ:

Ինքնիշխանութեան հաստատման ուղին ծանր էր ու յագեցած բազմաթիւ բարդութիւններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկուած զանգուածային ջարդերի, բռնաճնշումների եւ էթնիկ զտումների քաղաքականութիւնը շուտով վերաճեց բացայայտ ռազմական գործողութիւնների՝ հայկական Արցախի դէմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչութիւնը՝ Հայաստանից ու Սփիւռքից օգնութեան հասած բազմաթիւ հայրենակիցների հետ մէկտեղ:

Արցախի շուրջ օրէցօր սեղմուող օղակը ճեղքելու եւ հումանիտար աղէտից խուսափելու նպատակով եւ ուժերի մեծագոյն լարումով յաջողուեց 1992թ. մայիսին ազատագրել հաեօց բերադաքաղաք Շուշին, դէպի Սիւնիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային յուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատութեան ու անկախութեան համար պայքարում հազարաւոր հաեորդիներ իրենց կեանքը նուիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակուած Արցախի անկախ հանրապետութեան տարածքի գրեթէ կէսը օկուպացուած էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումեանի շրջանն ամբողջութեամբ եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը:

Բայց նոյնիսկ այդպիսի իրավիճակում հայութիւնն իր մէջ ուժ գտաւ համախմբուելու եւ կերտելու ապագայ յաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թոյլ տուեց ամուր հիմքերի վրայ դնել երկրի պաշտպանութեան ու անվտանգութեան հարցերը, որի շնորհիւ 1994թ. մայիսին թշնամին պարտադրուած էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձեւաւորուած իրավիճակը:

Ռազմի դաշտում գրանցած յաջողութիւններին զուգահեռ ակտիւացաւ նաեւ 1992թ. գարնանից ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նպատակով մեկնարկած եւ Մինսկի խմբի ձեւաչափում կենտրոնացուող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացաւ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտեան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպէս հակամարտող կողմի արձանագրումը:

Հետպատերազմեան տարիներին Արցախի Հանրապետութիւնը, յաղթահարելով բազմաթիւ նոր դժուարութիւններ, ձեռնամուխ եղաւ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրաւական ու ժողովրդավարական պետութեան կառուցմանը, եւ այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջին Սահմանադրութիւնը:

Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստօրէն հետեւում էր ղարաբաղեան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ եւ բացայայտ պատրաստւում էր նոր պատերազմի: Ցաւօք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպութիւններին եւ կարգաւորման գործընթացում ներգրաւուած դերակատարներին սպասուած արդիւնքներ չունեցան, եւ հակառակորդը, օգտուելով թողտուութիւնից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:

Այդ ամէնի կիզակէտը պէտք է համարել 2016թ. քառօրեայ պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտուելով միջազգային կառոյցների ոչ հասցէական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրութեանը: Այդ նոյն օրերին աշխարհասփիւռ հայութիւնը աննախադէպ աջակցութեան օրինակ եւ Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամութիւն ցոյց տուեց եւ, հաւանաբարար, հէնց այդ գործոնները յուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը հետ քաշուել եւ ապագայ ագրեսիւ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնութիւնը՝ Թուրքիայի գլխաւորութեամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղէտաբեր հետեւանքներ ունեցաւ մեր ժողովրդի համար: Օգտուելով մեր սխալներից եւ վերջին տարիներին իր կուտակած սպառազինութիւնների առաւելութիւններից՝ թշնամուն յաջողուեց ոչ միայն լրջօրէն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլեւ զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մէզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին եւ պատմական Արցախի այլ աւանդական բնակավայրերի: Հազարաւոր մեր հայրենակիցներ հայրենազրկուել եւ ունեզրկուել են՝ ստիպուած լինելով ապաստան գտնել Արցախի եւ Մայր Հայաստանի առաւել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրուած հերթական ցեղասպանութիւնը կանխուել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահի անմիջական միջամտութեամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որեւէ կասկած չի կարող յարուցել: Միաժամանակ, մենք համոզուած ենք, որ Արցախի անվտանգութեան ապահովման համար կարեւորագոյն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:

Հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրաւէրների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնութիւնն ու հայկական պետականութեան ապագան:

Եւ որպէսզի կարողանանք յաղթահարել մէզ համակած պարտուողական տրամադրութիւնները եւ վերագտնել 1988 եւ 1991 թուականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպէս նաեւ համաձայնեցուած ու համակարգուած աշխատանքներ նախաձեռնել ստեղծուած իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որպէսզի մենք ազգովի համախմբուենք միասնական հայկական օրակարգի շուրջ:

Իսկ դա նշանակում է.

1.Յենց այսօր, պատմական 1991թ. սեպտեմբերեան օրերից 31 տարի անց, արտայայտելով ողջ արցախահայութեան տեսակէտն ու կամքը, այս նոյն հարթակից մենք յայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին միաւորելու գաղափարը, չի փոխուել եւ, որ շատ կարեւոր է` Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մօտեցնող անհրաժեշտ քայլերից մէկն է:

2.Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ, եւ ինքնիշխան պետութիւնը Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտ նախապայմանն է:

3.Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկայ եւ գալիք բանակցողները պարտաւոր են հիմք ընդունել վերոնշեալ արձանագրումները եւ զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշուել են Արցախի Ազգային ժողովի ս. թ. ապրիլի 14-ի յայտարարութեան մէջ: Մենք պահանջում ենք առաջնորդուել միմիայն հնչեցուած օրակարգի դրոյթներով:

4.Միջազգային իրաւասու կառոյցներից եւ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հաւատարիմ մնալ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած մանդատին եւ առաջնորդուել Մինսկի խմբի շրջանակներում ընդունուած սկզբունքներով:

5.Համայն հայութեանը, մեր քոյրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարաւոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը եւ Արցախին վերաբերուել որպէս համազգային ձեռքբերում ու հպարտութիւն:

Սահմանները կապանքներ չէն, շղթաներն էլ` կփշրուէն:

Արցախը շարունակելու է պայքարը, եւ մենք դեռ տօնելու ենք նոր յաղթանակներ»:

ք. Ստեփանակերտ

02 սեպտեմբերի, 2022թ.

Share