Հանդիպում ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Հրաչ Վարժապետեանի հետ

Հանդիպում ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Հրաչ Վարժապետեանի հետ

Բրբէնք- Երկուշաբթի, Մայիս 16-ին Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական կենտրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Արևմտեան Շրջանի Կենտրոնական Կոմիտէն հանդիպում ունեցաւ ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ: Արևմտեան Եւրոպայի շրջանը իր մէջ է ներառում Ֆրանսիան, Բելգիան և Նեդրլանդները:

Հանդիպման ընթացքում քննարկուեցին հայկական գաղութների հիմնահարցերն ու մարտահրաւէրները: Պարզուեց, որ գրեթէ նոյն մտահոգութիւններն են, որ այսօր տագնապեցնում են հայկական բոլոր գաղութներին: Թէ համեմատաբար նոր համայնքներին և թէ աւելի հին անցեալ ունեցող համայնքներին տագնապեցնում են գրեթէ նոյն հոգեբարոյական դժուարութիւնները:

Մատնանշուեց, որ հայ համայնքները առաւել կրաւորական են դարձել ազգային խնդիրների հետապնդման իմաստով յատկապէս նախորդ տարուայ Հայաստանի և Արցախի կրած մեծ կորստի պատճառով:

Քննարկուեցին համայնքների երբեմնի աշխուժութիւնն ու եռանդը վերականգնելու և նոր սերնդին յուսադրելու միջոցները: Քննութեան առարկայ դարձան նաև Հայաստանին ու Արցախին վտանգող իրավիճակն ու այս օրերին Հայաստանի ընդդիմութեան շարժման կապակցութեամբ սփիւռքից ակնկալուած զօրակցութեան խնդիրները: Նաև քննարկուեցին կազմակերպական և միութենական կեանքի տարբեր ուղիները: Բոլորե շեշտեցին Դաշնակցութեան համաշխարհային կառոյցի ամրապնդման և կազմակերպութիւնը ջլատող արտաքին միջամտութիւնները չէզոքացնելու անհրաժեշտութիւնը:

Share