Իսրայելում զանգուածային ցոյցեր են վարչապետ Նեթանեահուի կառավարութեան դէմ

Իսրայելում զանգուածային ցոյցեր են վարչապետ Նեթանեահուի կառավարութեան դէմ

Հազարաւոր իսրայէլցիներ երկուշաբթի Երուսաղեմում զանգուածային հանրահաւաք էին կազմակերպել՝ ի նշան բողոքի, թէ վարչապետ Բենիամին Նեթանեահուի կառավարութիւնն ինչպէս է վարում ռազմական գործողութիւնները Գազայում։

Ցոյցը մեկնարկել էր երկրի խորհրդարանի՝ Կնեսետի շէնքի առջեւ, որից յետոյ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժուել էին Նեթանեահուի նստավայր: Ցուցարարները կառավարութիւնից պահանջում էին բանակցութիւններ սկսել «Համասի» հետ՝ վերադարձնելու պաղեստինցիների ձեռքին գտնուող պատանդներին, ինչպէս նաեւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Reuters-ը հաղորդում է, թէ ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական պատնէշը, սակայն անվտանգութեան ուժերին յաջողուել է հետ մղել նրանց՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։

Իսրայելում բողոքի ակցիաները բռնկուեցին ժամէր անց, երբ Բենիամին Նեթանեահուն յունիսի 17-ին ցրեց, այսպէս կոչուած, պատերազմական կառավարութիւնը, որը ձեւաւորուել էր անցած տարուայ հոկտեմբերի 11-ին՝ հրէական պետութեան դէմ «Համասի» զինեալների արիւնալի գրոհից օրեր անց։ Երբ նախկին բարձրաստիճան գեներալներ, ներկայում ընդդիմադիր քաղաքական գործիչներ Բենի Գանցը եւ Գադի Էյզէնկոտը օրեր առաջ՝ յունիսի 13-ին, լքեցին պատերազմական կառավարութիւնը՝ Գազայում ընթացող ռազմական գործողութիւնների հարցում Իսրայելի վարչապետի հետ ունեցած տարաձայնութիւնների պատճառով, այնտեղ մնացել էին վարչապետ Նեթանեահուն, Իսրայելի պաշտպանութեան նախարար Եօաւ Գալանտը ու եւս երկու հոգի։

Սպիտակ տունը երկուշաբթի արձագանքեց, թէ տեղի ունեցածն Իսրայելի ներքին գործն է, եւ Միացեալ Նահանգները կը շարունակի համագործակցել Նեթանեահուի կառավարութեան հետ:

Պետքարտուղարութեան մամուլի խօսնակ Մեթյու Միլլերը ճեպազրոյցի ժամանակ մանրամասնել է՝ ԱՄՆ-ն չի որոշելու, թէ ով պէտք է լինի Իսրայելի կառավարութիւնում։

Այնուամենանիւ, Միլլերը յաւելել է, որ Վաշինգտօնը հրապարակաւ անհամաձայնութիւն կը յայտնի այն քաղաքականութեան վերաբերեալ, «որը, մեր կարծիքով, անարդիւնաւետ է ոչ միայն Պաղեստինի ժողովրդի, այլեւ Իսրայելի անվտանգութեան համար»։

Ժամանակին ԱՄՆ-ն կողմ էր արտայայտուել Իսրայելում «ռազմական կառավարութեան» գաղափարին:

Այս ամէնին զուգահեռ՝ երկուշաբթիից ուժի մէջ մտաւ Գազայի հարաւային հատուածում իսրայէլական ռազուժի սահմանած ցերէկային՝ 11-ժամեայ «տակտիկական զինադադարը»:

Ըստ Իսրայելի, Գազայի հարաւում նման հրադադարը թոյլ կը տայ լրացուցիչ մարդասիրական օգնութեան հասցնել Իսրայելի կողմից վերահսկուող «Կերեմ-Շալոմ» անցակէտ։ Այնուհետեւ, բեռնատարները կարող են ապահով կերպով շարժուել առաջ՝ Գազայ հասցնելու խիստ անհրաժեշտ սնունդ եւ բժշկական պարագաներ:

Իսրայելցի զինուորականների կողմից յայտարարուած «մարտավարական զինադադարը» վերաբերում է Ռաֆահի շրջանում գտնուող մօտ 12 կիլօմետրանոց ճանապարհին, եւ կապ չունի Գազայում միւս մասէրի հետ։

Ինչպէս յայտնի է, Միացեալ Նահանգներն ու միջազգային հանրութիւնը շարունակում են կոչ անել հրէական պետութեանը եւ «Համասին» համաձայնութեան գալ առաջարկուած նախագծի շուրջ, որը նախատեսում է 6-շաբաթեայ զինադադար, պատանդների եւ իսրայէլական բանտերում գտնուող պաղեստինցիների ազատ արձակում: Սակայն դեռ վաղ է խօսել բանակցութիւններում «ճեղքման» մասին:

Ինչեւէ, անգամ Գազայի հատուածում գործող նման զինդադարը, եթէ այն շարունակուի, ապա կարող է լուծել պաղեստինցիների առջեւ կանգնած որոշ կենսական հարցեր՝ սննդի մատակարարումից մինչեւ դեղորայքի առաքումներ:

Իսրայելի ներկայացմամբ, Գազայի հարաւ մատակարարուող մարդասիրական օգնութեան ծաւալների աւելացումը դրական ազդեցութիւն կը թողնի նաեւ Գազայի այլ հատուածներում՝ յատկապէս կենտրոնական, քանզի հիւսիսային մասը սնուցւում է Գազայի հիւսիսում գտնուող անցակէտի միջոցով։

Երուսաղեմում ուշադրութիւն են հրաւիրում՝ նման զինադադար է առաջարկուել, երբ
մեկնարկել է մահմեդականների գլխաւոր տօներից մէկը՝ Իդ ալ-Ադհան, իսկ հրադադարի վերաբերեալ վերջնական որոշումը կայացուել է ՄԱԿ-ի ու մարդասիրական աջակցութիւն ցուցաբերող միջազգային կազմակերպութիւնների հետ քննարկումներից յետոյ:

Գազայի հարաւում օգնութեան հոսքը սկսեց նուազել է այն ժամանակ, երբ դրա կարիքն աճում էր: Աւելի քան 1 միլիոն տեղահանուած պաղեստինցիներ Գազայի այլ հատուածներից ապաստան էին գտել Ռաֆահում: Վրանային ճամբարներում շատերի վիճակն օրհասական է:

ՄԱԿ-ի ներկայացմամբ, մայիսի 6-ից մինչեւ յունիսի 6-ը Գազայի հարաւային շրջան օրական մուտք է գործել միջինը 68 բեռնատար, այնինչ ապրիլին այդ թիւն օրական 168 էր։ Ըստ ՄԱԿ-ի, իրականում օրական անհրաժեշտ է առնուազն 500 բեռնատար:

Ինչեւէ, «մարտավարական զինդադարի» արդիւնքում իւրաքանչիւր օր՝ կը գործի 11-ժամեայ «պատուհան», որի միջոցով հնարաւոր կը լինի մարդասիրական օգնութիւն առաքել։

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի նման որոշումը՝ յոյս յայտնելով, որ այն կեանգեցնի «Իսրայելի կողմից յետագայ կոնկրէտ միջոցառումների՝ Գազայի հատուածում խնդիրների երկարատեւ լուծման համար»:

Սակայն անգամ նման՝ սահմանափակ զինադադարը պատճառ հանդիսացաւ, որ Նեթանեահուի գլխաւորած կառավարութեան ծայրահեղ աջերը սուր քննադատութեան ենթարկէն այն, թէեւ Իսրայելի պաշտպանութեան նախարարութեան ներկայացմամբ, հարաւային Գազայի միւս մասերում մարտէրը չէն դադարեցւում:

Յիշեցնենք, որ մերձաւորարեւելեան ներկայիս հակամարտութիւնը ծագեց, երբ անցած տարուայ հոկտեմբերի 7-ին «Համասը» արիւնալի գրոհ ձեռնարկեց հրէական պետութեան դէմ՝ սպանելով 1 200 իսրայէլցու, պատանդ տանելով մօտ 250-ին։ Այդ գրոհին հետեւեցին իսրայէլական ռազմուժի պատասխան գործողութիւնները, որոնց հետեւանքով, ըստ պաղեստինեան կողմի, Գազայում առ այսօր զոհուել է աւելի քան 37 հազար հոգի։

Նայք Չինգ, Մարգարեթ Բեշեր, «Ամերիկայի ձայն»
Այս նիւթում օգտագործուել են նաեւ Agence France-Presse-ի ու Reuters-ի
հրապարակումները:

Share