ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել էր որոշում, որով Ադրբեջանը պարտաւոր է ապահովել Արցախում սեպտեմբերի 19-ից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտաւոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպէս նաեւ նրանց ապահով ապրելու հնարաւորութիւնը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։ Միջազգային դատարանը նաեւ պարտաւորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականութեան իրաւունքը հաստատող փաստաթղթերը։
Սակայն, պէտք է արձանագրենք, որ շատ յաճախ միջազգային կազմակերպութիւնների ընդունած որոշումները մնում են թղթի վրայ եւ չէն գործադրւում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը Միջազգային կազմակերպութիւնների, յատկապէս՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդեօ՞ք այն հնարաւոր կը լինի իրագործել։
Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախմբի անդամ Մարիո Նալբանդեանը, ով այս օրերին գտնւում է ՀՀ-ում՝ յանձնախմբի նիստին մասնկացելու նպատակով։
«Այս մէկ տարուայ ընթացքում, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումներում նկատելի էր, որ ըմբռնումով են մօտենում ստեղծուած իրավիճակին եւ պատրաստակամութիւն են ցոյց տալիս իրենց սահմաններում օգտակար լինել ե՛ւ Արցախից բռնի տեղահանուածներ արցախցիների սոցիալական վիճակի բարելաւման ե՛ւ նրանց վերադարձի իրաւունքի մասով, քանի որ միջազգային օրէնքով այն հիմնաւորուած իրաւունք է, որի հիման վրայ արցախցիները կարող են վերադառնալ եւ իրացնել իրենց իրաւունքը, եթէ պայմանները ստեղծուէն, այստեղ էլ կայ դրական ըմբռնում եւ մօտեցում»,- նշել է Մարիո Նալբանդեանը։
Ըստ Մարիո Նալբանդեանի՝ յարմար պահ է, որպէսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը հետապնդուի, դրա համար անհրաժեշտ է գտնում համընդհանուր քաղաքականութեան մշակումը եւ միասնական աշխատանքի ձեւաւորւումը՝ յստակ պահանջներով, օրուայ իրականութիւնից ելնելով։
«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրաւունքն անժխտելի իրաւունք է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մէկը իրաւունք ունի հերքելու կամ անտեսելու։ ԱՀ ԱԺ-ի կողմից ձեւաւորուած «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախումբն այսօր մեծ մարտահրաւէրի առջեւ է կանգնած՝ Արցախի ժողովրդի իրաւունքը միջազգայնօրէն իրացնելու համար եւ պատրաստ է լրջօրէն հետապնդելու այդ իրաւունքը թղթից վերածելու գործնականի»,- իր խօսքի աւարտին նշել է Մարիո Նալբանդեանը։