Արցախի Հանրապետութեան օրուայ առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցութիւնների նախաձեռնութեամբ սեպտեմբերի 2-ին յայտարարւում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին:
Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատութեան հրապարակից (Կոլցեւոյ) բոլոր քաղաքացիներին եւ մայրաքաղաքի հիւրերին հրաւիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կ’ունենայ հանրահաւաք՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան հռչակմանը:
Արցախի ժողովուրդը հաւատարիմ է իր զաւակների արեամբ հաստատուած, հազարաւոր նուիրեալների յամառ աշխատանքով ու քրտինքով կերտուած ինքնիշխան պետականութեանը: Մասնակցելով երթ-հանրահաւաքին, մենք միանում ենք ազատութեան համար շարունակուող պայքարին՝ աշխարհին ի ցոյց դնելով մեր միասնականութիւնը եւ մեր իրաւունքներին տէր կանգնելու կամքն ու վճռականութիւնը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է:
ԱՀ Ազգային ժողով