Մարադոնայի մարզաշապիկը 9.28 միլիոն դոլար

Մարադոնայի մարզաշապիկը 9.28 միլիոն դոլար

Դիեգօ Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառւել է ռեկորդային 9.28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ ESPN-ին յղումով։

Վերջնական գինը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 5.64 միլիոն դոլարը, որը 2019-ին վճարւել էր «Նիւ-Եօրք Եանքիսի» խաղացող Բէյբ Ռութի 1928-1930թթ․ մարզաշապիկի համար։ Մարադոնայի մարզաշապիկի արժէքը գերազանցել է նաեւ առհասարակ սպորտային յիշարժան իրերի համար վճարւած ռեկորդային գինը, որը կազմում էր 8.8 միլիոն դոլար եւ վճարւել էր ձեռքով նկարւած օրիգինալ օլիմպիական մանիֆեստը․ այն վաճառւել էր 2019-ին Նիւ Եօրքում։

Աճուրդն առանց վիճաբանութիւնների չի անցել։ Երբ Sotheby’s-ը յայտարարել էր աճուրդի մասին, Մարադոնայի դուստրը՝ Դալման, յայտնել էր, որ դա այն մարզաշապիկը չէ։ Նա ասել էր, որ Մարադոնան դրանով անցկացրել է առաջին կէսը, բայց դրանով չի եղել գոլի հեղինակ դառնալուց։

Բայց Sotheby’s-ը դիմել էր Resolution Photomatching-ին, որպէսզի հաստատի, որ դա հէնց այդ մարզաշապիկն է, որով արգենտինացին գոլի հեղինակ էր դարձել։

Մարզաշապիկի գնորդը յայտնի չէ։

Share