Արմէն Ց. Մարուքեան
Պատմ. գիտ. դոկտոր
Մուտք
2020 թ. 44-օրեայ պատերազմը ծանր հետեւանքներ ունեցաւ Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների համար: Մարդկային ու տարածքային լուրջ կորուստներից բացի, էապէս մեծացան անվտանգային սպառնալիքներն ու մարտահրաւէրները հայկական երկու հանրապետութիւնների բնակչութեան համար: Ինչպէս եւ սպասելի էր, Ատրպէյճանը չբաւարարուեց 2020 թ. պատերազմի արդիւնքներով, որոնք իրենց արտայայտութիւնը գտան Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան տեքստում(1)՝ փորձելով ամէն կերպ զարգացնել Թուրքիայի անմիջական ներգրաւուածութեամբ ու համակողմանի աջակցութեամբ ձեռք բերուած յաջողութիւնները: Հայկական հանրապետութիւնների նկատմամբ Ատրպէյճանի քաղաքականութեան ագրեսիւութիւնը ոչ միայն չնուազեց, այլեւ ստացաւ նոր դրսեւորումներ՝ վերածուելով բազմակողմ հիբրիդային պատերազմի:
Ուստի, 2020 թ. պատերազմից յետոյ հայկական հանրապետութիւնների նկատմամբ Ատրպէյճանի վարած յանցաւոր քաղաքականութեանն իրաւաքաղաքական գնահատական տալուց առաջ, անհրաժեշտ է ուսումնասիրել դրա նախապատրաստումը, իրագործման փուլերը, դրսեւորումները, նախապէս ծրագրուած լինելու հանգամանքը՝ դրա յաջորդ թիրախները յստակեցնելու, ինչպէս նաեւ հակազդման մեխանիզմներ մշակելու համար:
1.- Ատրպէյճանի յանցաւոր քաղաքականութիւնը 2020 թուականից յետոյ
Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների նկատմամբ 2020 թուականից յետոյ Ատրպէյճանի քաղաքականութեան դրսեւորումները պայմանականօրէն կարելի է դասակարգել 6 խմբի՝ ա) ռազմական յարձակումներ, բ) հոգեբանական ահաբեկում, գ) ապրուստի միջոցներից զրկում, դ) ազատ տեղաշարժի սահմանափակումներ, ե) էներգետիկ համակարգի խաթարում, զ) պարենային անվտանգութեան սպառնալիքների ստեղծում։
ա) Ռազմական յարձակումներ
2020 թ. պատերազմից եւ հրադադարի հաստատումից յետոյ ինչպէս Արցախից, այնպէս էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններից մարդիկ հեռանում էին իրենց բնակավայրերի նկատմամբ Ատրպէյճանի՝ չդադարող հրետակոծութիւնների պատճառով։ Ասուածը վերաբերում է ինչպէս Արցախի Խրամորթ գիւղին, այնպէս էլ ՀՀ Սոթք բնակավայրին, որի տների մեծ մասը վնասուել էր 2022 թ. Սեպտեմբերի 13-14-ի հրետակոծութիւններից յետոյ։ Սոթքի բնակիչների որոշ մասը մինչեւ օրս էլ չի վերադառնում վերանորոգուած տները։ Ատրպէյճանական զինուժի հրետակոծութիւնները ծանր հոգեբանական ազդեցութիւն ունեցան նաեւ Հայաստանի առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակիչների վրայ, որոնք չէին պատկերացնում, որ սահմանից 12 քլմ հեռավորութեան վրայ գտնուող իրենց բնակավայրը յարձակման կ’ենթարկուի։ Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրը նոյնպէս յայտնուեց ատրպէյճանական զինուժի թիրախում։ Յատկանշական է, որ Կութի հրետակոծութիւնները կատարւում էին Քարվաճառի այն դիրքերից, որոնք 2020 թ. Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին փաստաթղթով յանձնուել էին Ատրպէյճանի վերահսկողութեան տակ: Այս հանգամանքն Ատրպէյճանի կողմից հայկական տարածքների աստիճանական զաւթումների չափազանց կարեւոր արձանագրում է:
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) գործունէութիւնը նոյնպէս վկայում է, որ դրանք գտնւում են Ատրպէյճանի շարունակական յարձակումների սպառնալիքի տակ: Սահմանամերձ մի շարք բնակավայրերում կառուցուել են պատնէշներ, որոնք հրետակոծման դէպքում խաղաղ բնակչութեան համար որպէս պաշտպանիչ միջոց կարող են ծառայել: Բացի այդ, 2020 թ. Մարտից Տաւուշի մարզում կառուցուել են շուրջ 130 ապաստարաններ(2)։
բ) Հոգեբանական ահաբեկում
2022 թ. Փետրուար-Մարտ ամիսներին ատրպէյճանցիները Խրամորթ գիւղի բնակիչներին բարձրախօսներով յայտարարում էին, որ իրենք գտնւում են Ատրպէյճանի տարածքում եւ ուժի կիրառման սպառնալով պահանջում էին հեռանալ։ Բնակիչներին ահաբեկելու նպատակով բարձրախօսների կիրառումն արձանագրուել է նաեւ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայ եւ Թաղավարդ, ինչպէս նաեւ եւ Ասկերանի շրջանի Խնապատ, Նախիջեւանիկ եւ Փարուխ գիւղերում(3):
Սահմանամերձ բնակավայրերն ահաբեկման մէջ պահելու մէկ այլ միջոց էր անօդաչու թռչող սարքերի կիրառումը: 2020 թ. պատերազմից յետոյ Կութ գիւղում պարբերաբար նկատուել են ատրպէյճանական անօդաչու թռչող սարքեր, իսկ 2022 թ. Սեպտեմբերի 13-ի յարձակումից առաջ այդ սարքերի միջոցով կատարուած նկարահանումների տուեալներն օգտագործուել են հրետանային ճշգրիտ հարուածներ հասցնելու համար, այդ թւում՝ ոչ ռազմական օբիեկտներին:
Յաճախակի էին դարձել նաեւ մարդկանց առեւանգման դէպքերը։ Որոշ դէպքերում հայ բնակիչներն անզգուշաբար են յայտնուել Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում, սակայն գրանցուել են նաեւ դէպքեր, երբ ատրպէյճանական ուժերը, ներխուժելով հայկական վերահսկողութեան տակ գտնուող տարածքներ, սպառնացել կամ առեւանգել են հայ խաղաղ բնակիչներին։
գ) Ապրուստի միջոցներից զրկում
Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ տարածքների բնակիչների ապրուստի միջոցները թիրախաւորելը, մասնաւորապէս՝ գիւղատնտեսական աշխատանքները խոչընդոտելը, խոշոր եւ մանր եղջերաւոր անասուններին առեւանգելը սովորական էին դարձել ատրպէյճանական զինուած ուժերի համար: Այդ յարձակումների եւ ահաբեկումների հետեւանքով գիւղացիները դադարում էին հող մշակել, ինչի հետեւանքով կրճատւում էին ցանքատարածքները, մարդիկ վախենում էին իրենց անասուններին տանել արօտավայրեր, քանզի դրանց առեւանգման բազմաթիւ դէպքեր էին գրանցուել:
Դեռ մինչեւ շրջափակումն արձանագրուել էին Արցախի սահմանամերձ որոշ բնակավայրերի հողատարածքների, տեխնիկայի եւ բնակելի թաղամասերի թիրախաւորման դէպքեր, այդ թւում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով, ինչը յանգեցրել էր գիւղատնտեսական աշխատանքների դադարեցմանը։ Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի՝ 2022 թ. Մարտին հրապարակուած զեկոյցում արձանագրուեց, որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն ապահովել գիւղատնտեսական աշխատանքներով զբաղուող քաղաքացիական անձանց անվտանգութիւնը(4)։
Վարչական եւ քաղաքացիական օբիեկտների թիրախաւորման, գիւղատնտեսական աշխատանքների խաթարման, անասունների սպանութեան կամ առեւանգման նոյն մարտավարութիւնն ատրպէյճանցիները կիրառում էին նաեւ Հայաստանի Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերի սահմանամերձ գիւղերում՝ սպառնալով խաղաղ բնակչութեան անվտանգութեանը եւ վերջիններիս զրկելով ապրուստի միջոցներից։ Ջերմուկի ուղղութեամբ ատրպէյճանական զինուժի յարձակումից յետոյ եւ անգամ վնասուած ճոպանուղու հիմնանորոգումից երկու ամիս անց էլ զբօսաշրջիկներ գրեթէ չէին գնում։
2022 թ. Դեկտեմբերի 12-ին Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը Արցախի բնակչութեան ապրուստի միջոցների խաթարման հիմնական պատճառ դարձաւ։ Երկրի արտադրութիւնը կրճատուեց աւելի քան 85%-ով, իսկ արտահանումը՝ 100%-ով, մասնաւոր հատուածի աշխատուժը՝ աւելի քան 60%-ով, ուստի շուրջ 11000 մարդ կորցրեց աշխատանքը կամ եկամտի աղբիւրները(5)։
դ) Ազատ տեղաշարժի սահմանափակումները
Բերձորի միջանցքի արգելափակումը ոչ միայն համատարած ձեւով խախտեց Արցախի բնակիչների սոցիալ-տնտեսական իրաւունքները, այլեւ լուրջ սպառնալիքեր ստեղծեց նրանց կեանքի իրաւունքի համար: Թէեւ Ատրպէյճանի նախագահը ժխտում էր այսպէս կոչուած «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման՝ ատրպէյճանական իշխանութիւնների առնչութիւնը, սակայն միեւնոյն ժամանակ արդարացնում էր այդ գործողութիւնը, իր կարծիքով՝ Արցախից բնական պաշարների, ապօրինի արտահանումը կասեցնելու հիմնաւորմամբ:
Ատրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով սննդի, առաջին անհրաժեշտութեան ապրանքների եւ դեղորայքի սակաւութիւնը յանգեցրեց Արցախի բնակչութեան առողջութեան իրաւունքի խաթարմանը։ ԿԽՄԿ-ն միջազգային հանրութեանը պարբերաբար զգուշացնում էր խոցելի խմբերի, յատկապէս՝ երեխաների, յղի կանանց, հաշմանդամների եւ տարեցների առողջութեան համար վտանգաւոր հետեւանքների մասին(6)։
2022 թ. Օգոստոսին Արցախի դէմ Ատրպէյճանի սանձազերծած հերթական ագրեսիայից, դրա հետեւանքով Բերձոր, Աղաւնոյ եւ Սուս բնակավայրերի յանձնումից ու Լաչինի միջանցքով երթուղին հարկադրաբար փոխելուց յետոյ, նոյն թուականի Դեկտեմբերին այսպէս կոչուած «բնապահպանների» կողմից Հայաստանի հետ Արցախը կապող «կեանքի ճանապարհի» շրջափակումը, Հակարիի կամրջի վրայ անցակէտի տեղադրումը յստակ վկայում էին, որ այդ քայլերը ծրագրուած եւ հետեւողականօրէն իրականացուող յանցաւոր քաղաքականութեան օղակներն էին, որոնք վերջնարդիւքնում պէտք է հասցնէին Արցախի հայաթափմանը:
ե) Էներգետիկ համակարգի խաթարումը
2022 թ. ընթացքում Ատրպէյճանը որոշակի քայլեր կատարեց Արցախի էներգետիկ համակարգը խաթարելու ուղղութեամբ։ Նախ 2022 թ. Մարտին Ատրպէյճանի կողմից վերահսկուող, Շուշիի տարածքով անցնող գազատարի պայթեցման հետեւանքով դադարեցուեց գազի մատակարարումը Արցախ(7)։ Այնուհետեւ Լաչինի միջանցքի շրջափակումից մէկ ամիս անց վնասուեց Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ մալուխը(8)։ Արցախի էլեկտրաէներգիայի խաթարումն էապէս վատթարացրեց բնակիչների կեանքի որակը: Ջեռուցման բացակայութեան պատճառով փակուեցին կրթական հաստատութիւնները, համացանցի եւ կապի միջոցների պարբերական խաթարումը խորացրեց արտաքին աշխարհից Արցախի մեկուսացումը։
զ) Պարենային անվտանգութեան սպառնալիքների ստեղծումը
Շրջափակումից յետոյ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը Արցախում սննդամթերքի պակասի ապացոյցները բաւարար համարեց եւ սահմանեց, որ հումանիտար մատակարարումների, ներառեալ՝ սննդի հասանելիութեան սահմանափակումը՝ արձանագրելով, որ «մարդկանց առողջութեան եւ կեանքի համար կարող է լուրջ վնասակար հետեւանքներ ունենալ»(9)։
Սննդի սակաւութեան ու սովահարութեան վտանգներն աւելի էին բարդացնում Արցախի առողջապահական վիճակը: Արցախում սկսեցին գրանցուել թերսնման եւ սովամահութեան դէպքեր: Միջազգային քրէական դատարանի (այսուհետ՝ ՄՔԴ) նախկին գլխաւոր դատախազ Լ.Մ. Օկամպոյի հրապարակած զեկոյցում Արցախում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտութեան իրերի մատակարարման սահմանափակումը որակւում էր որպէս «ցեղասպանութիւն՝ սովահարութեան մատնելու միջոցով»(10):
Միջազգային ճնշումների պայմաններում Ատրպէյճանը, Բերձորի միջանցքը բացելու փոխարէն, առաջ քաշեց Ակնայի (Աղտամի) միջանցք բացելու այլընտրանքային տարբերակը: Աղտամի ճանապարհի գործարկումը խնդրայարոյց էր նրանով, որ այդ երթուղին ամբողջութեամբ անցնում էր Ատրպէյճանի վերահսկողութեան տակ գտնուող տարածքով, իսկ Արցախ մտնելու կէտն արտաքին դիտորդների կողմից բացարձակապէս անվերահսկելի էր:
Միջազգային քրէական իրաւունքի տեսակէտից՝ 2020 թ. պատերազմից յետոյ Արցախի բնակչութեան նկատմամբ Ատրպէյճանի կողմից իրականացուած յանցաւոր գործողութիւնները համապատասխանում են ցեղասպանութեան յանցագործութեան յատկանիշներին: «Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի» գործի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանն անուղղակիօրէն հաստատեց, որ Ատրպէյճանի գործողութիւններում նկատւում են ցեղասպանութեան յանցագործութեան էական բաղադրատարրերը։ Դատարանի նախնական եզրակացութիւններում յստակ նշւում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի էթնիկ խմբի առողջութեան եւ կեանքի համար իրական եւ անմիջական սպառնալիք է ստեղծել(11): Ըստ էութեան, ՄԱԿ-ի դատարանի որոշմամբ արձանագրուեց, որ Ատրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումով արցախահայերը զրկուեցին դեղորայքի, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքների հասանելութիւնից, ինչը համապատասխանում է Ցեղասպանութեան կոնվենցիայի II հոդուածի «գ» կէտի բովանդակութեանը, այն է՝ Արցախում բնակուող հայկական էթնիկ խմբի համար կեանքի այնպիսի պայմանների միտումնաւոր ստեղծումը, որոնք ուղղուած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիքական ոչնչացմանը(12)։
44-օրեայ պատերազմից յետոյ արցախահայութեան դէմ Ատրպէյճանի յանցաւոր քաղաքականութեան դրսեւորումները յիշեցնում են Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից Սիրիայի եւ Միջագետքի անապատներում հայ գաղթականների համար այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք անհամատեղելի էին նրանց կենսագործունէութեանը եւ անխուսափելիօրէն յանգեցուելու էին մահուան: Պաքուի յանցաւոր վարչակազմի կողմից արցախահայերի նկատմամբ նոյնաբովանդակ գործողութիւնների կատարումը վկայում է այն մասին, որ Ատրպէյճանը ոչ միայն ամբողջութեամբ իւրացրել, այլեւ ժամանակի պահանջներին համահունչ՝ կատարելագործել է աւագ եղբօր՝ Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութեան գործիքակազմը:
2.- Ատրպէյճանի 2023 թ. Սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան եւ Արցախի հայաթափումը
Ինքնին հասկանալի էր, որ Ատրպէյճանը չէր բաւարարուելու կատարուած յանցագործութիւններով եւ փորձելու էր այսպէս կոչուած «վերաինտեգրման» անուան տակ աւարտին հասցնել արցախահայերին հպատակեցնելու, իսկ հակառակ պարագայում՝ բռնագաղթեցնելու միջոցով Արցախը հայաթափելու եւ այդպիսով նրան տիրանալու յանցաւոր ծրագիրը: Ուստի Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնութեամբ առաջին եւ վերջին բեռնատարի Արցախ մտնելուց մէկ շաբաթ անց Ատրպէյճանը նախաձեռնեց հերթական ռազմական ագրեսիան:
Արցախի դէմ հերթական ռազմական ագրեսիան նախաձեռնելուց առաջ Ատրպէյճանական կողմը կատարեց համապատասխան տեղեկատվական նախապատրաստութիւն: Բաքուն հաղորդագրութիւն տարածեց, որ Արցախի Հանրապետութեան տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվութեան գոտում սկսում է այսպէս կոչուած «հակաահաբեկչական գործողութիւն», ինչի մասին տեղեկացրեց վերջինիս հրամանատարութեանը, ինչպէս նաեւ Ակնայում գործող՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կեդրոնին:
Դրանից յետոյ 2023 թ. Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետութեան դէմ սկսուեց հերթական լայնամասշտապ ռազմական ագրեսիան: Յարձակումն սկսուեց շփման գծի ողջ երկայնքով՝ հրթիռա-հրետակոծութեամբ, ապա գործածուեցին անօդաչու թռչող սարքեր: Հրետակոծւում էր ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտը, այլեւ միւս քաղաքներն ու գիւղերը։ Ատրպէյճանական կողմը տարբեր բնակավայրերում թիրախաւորում էր կապի ամբողջական համակարգը: Բացի ռազմական օբիեկտներից, հրետանու, անօդաչու թռչող սարքերի եւ որոշակի հրթիռային համակարգերի միջոցով թիրախաւորւում էին նաեւ քաղաքացիական օբիեկտները:
Արցախի պաշտպանութեան բանակը ծանր մարտեր էր մղում ճակատի տարբեր ուղղութիւններում, իսկ մի շարք հատուածներում ինտենսիւ կրակով կասեցուեց ատրպէյճանական բանակի ճեղքումը դէպի հայկական բնակավայրեր: Չնայած Արցախի պաշտպանութեան բանակի անձնուրաց եւ հերոսական դիմադրութեանը՝ ակնյայտ էր, որ ուժերի եւ ռեսուրսների ծայրայեղ անհամաչափութեան պայմաններում մարտական գործողութիւնների հետագայ շարունակութիւնն անխուսափելիօրէն յանգեցնելու էր խաղաղ բնակչութեան շրջանում մարդկային կորուստների: Այդ գիտակցումից ելնելով եւ որեւէ տեղից (առաջին հերթին Հայաստանի Հանրապետութիւնից) օգնութեան կամ օժանդակութեան ակնկալիքներ չունենալու պայմաններում՝ հարկադրուած որոշում կայացուեց ռուս խաղաղապահների միջնորդութեամբ Ատրպէյճանի հետ հրադադար հաստատել եւ բանակցութիւններ սկսել դրա պայմանների շուրջ:
Չնայած Արցախի պաշտպանութեան բանակի անձնուրաց եւ հերոսական դիմադրութեանը, ծայրայեղ անհամաչափ ուժերի պայմաններում հակառակորդին հասցուած կորուստներին՝ 192 զոհ եւ 511 վիրաւոր(13), ակնյայտ էր, որ ռազմական գործողութիւնների հետագայ շարունակութիւնն քաղաքացիական բնակչութեան շրջանում անխուսափելիօրէն յանգեցնելու էր մեծաթիւ զոհերի: Օգտուելով մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների բազմապատիկ առաւելութիւնից՝ հակառակորդին յաջողուել էր հսկողութեան տակ առնել Արցախի միջհամայնքային ճանապարհները՝ կտրելով որոշ բնակավայրերի հաղորդակցութիւնը միմեանց եւ մայրաքաղաք Ստեփանակերտի միջեւ: Որոշ բնակավայրեր, այդ թւում՝ Մարտունի եւ Մարտակերտ քաղաքները, յայտնուել էին շրջափակման մէջ, ինչի հետեւանքով բնակչութիւնը կանգնել էր ջարդերի աճող վտանգի առաջ(14):
Ցեղասպանութեան վերահաս վտանգի պայմաններում Արցախի իշխանութիւնները, ռուս խաղաղապահների միջնորդութեամբ, ատրպէյճանական կողմի հետ հարկադրաբար գնացին հրադադարի բանակցութիւնների: Սեպտեմբերի 21-ին Արցախի ու Ատրպէյճանի ներկայացուցիչների միջեւ Եւլախում կայացած առաջին հանդիպման ընթացքում, ռազմական գործողութիւնների դադարեցմանը զուգահեռ, Պաքուն առաջ քաշեց Ատրպէյճանի սահմանադրութեան եւ օրէնքների շրջանակում Ղարաբաղի հայերի «վերաինտեգրացիայի» պահանջը՝ պայմանաւորուածութիւն ձեռք բերելով մօտ ժամանակներում անցկացնել հերթական հանդիպումը(15)։ Ըստ էութեան, արցախեան կողմին ժամանակ էր տրուել՝ ընդունելու ատրպէյճանական վերջնագրի պայմանները, հակառակ դէպքում ռազամական գործողութիւնները կարող էին վերսկսուել:
Եւլախի հանդիպումից չորս օր անց, արցախցիների զանգուածային բռնագաղթի գործընթացին զուգահեռ՝ Սեպտեմբերի 25-ին, նոր հանդիպում տեղի ունեցաւ Իւանեան համայնքում տեղակայուած ռուս խաղաղապահների հրամանատարական շտապում: Այս հանդիպման ընթացքում ատրպէյճանական կողմը փաստացի բացայայտել է «վերաինտեգրման» գործընթացի իր պատկերացումները եւ, որպէս այդ ճանապարհին առաջին քայլեր՝ պահանջել լուծարել Արցախի պետական ինստիտուտները, ինչպէս նաեւ ռուս խաղաղապահների միջոցով յանձնել Արցախի պաշտպանութեան բանակի ամբողջ զինտեխնիկան եւ զէնք-զինամթերքը: Ատրպէյճանական կողմն այս պահանջները դիտարկում էր իբրեւ նախապայման, որպէսզի «վերաինտեգրուել» չցանկացող արցախցիներին թոյլ տրուի Հակարիի կամրջի վրայ տեղադրուած անցակէտով հեռանալ Հայաստանի Հանրապետութեան տարածք: Ստեղծուած պայմաններում արցախահայութիւնն, անգամ հայրենի օճախները լքելու գնով, կտրականապէս հրաժարուեց ընդունել «վերաինտեգրուելու» Պաքուի վերջնագիրը։
Սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած մարտական գործողութիւնների ընթացքում եւ դրանցից յետոյ հայերի նկատմամբ իրականացուող էթնիկ զտումներն ուղեկցուեցին քաղաքացիական բնակչութեան, այդ թւում՝ երեխաների սպանութիւններով, զոհերի նկատմամբ ուղեկցուող դաժան վերաբերմունքով, կանանց նկատմամբ կատարուած բռնութիւններով, առեւանգումներով, գերեվարումներով, տասնեակ հազարաւոր հայերի՝ իրենց բնակավայրերից բռնի տեղահանութեամբ: Հոկտեմբերի 3-ի տուեալներով՝ Արցախի Հանրապետութիւնից Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործած բռնագաղթածների թիւը կազմում էր 100 617 մարդ(16):
Անդրադառնալով ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում Արցախից հայ բնակչութեանը բռնագաղթեցնելու Ատրպէյճանի քաղաքականութեան միջազգային իրաւական գնահատականին՝ հարկ է նշել, որ Միջազգային քրէական դատարանի (այսուհետ՝ ՄՔԴ) Հռոմի ստատուտի 7-րդ յօդուածի 2-րդ կէտի համաձայն, առանց միջազգային իրաւունքով թոյլատրուած հիմքերի բնակչութեան տեղահանումը կամ բռնի տեղափոխումը որակւում է որպէս մարդկայնութեան դէմ յանցագործութիւն։ ՄՔԴ-ը պարզաբանել է, որ նախնական բնակութեան վայրից մարդկանց ֆիզիքապէս տեղահանելուց բացի, ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը կարող է արտայայտուել բռնութեան հնարաւոր գործադրման կամ կալանաւորման վախի տարածման, ինչպէս նաեւ հոգեբանական ճնշումների այլ ձեւերով, նոյնպէս բաւարար են այդ գործողութիւնները մարդկութեան դէմ յանցագործութիւն որակուելու համար(17)։
Այսպիսով, միջազգային իրաւունքի նորմերի տեսակէտից, ողջամիտ հիմքեր կան՝ պնդելու, որ Արցախի դէմ 2023 թ. Սեպտեմբերի 19-ին ձեռնարկուած ռազմական յարձակումը ՄԱԿ-ի 1948 թ. Ցեղասպանութեան մասին կոնվենցիայի II յօդուածի «բ» եւ «գ» կէտերի համաձայն՝ կարող է որակուել որպէս ցեղասպանութիւն, իսկ դրանից յետոյ իրագործուած էթնիկ զտման կամ բռնի տեղահանութեան գործողութիւնը համապատասխանում է Հռոմի ստատուտի 7-րդ յօդուածի «դ» կէտի դրոյթներին եւ որակւում է որպէս մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն։
Միջազգային դատական ատեանների նախազգուշացումներից յետոյ էլ Ատրպէյճանի նախագահը գիտակցաբար շարունակում էր արգելափակուած պահել Լաչինի միջանցքը՝ Արցախում խորացնելով հումանիտար աղէտն ու ցեղասպանութեան վտանգները։ Պատճառաբանումներն առ այն, որ դա իբր կատարուել է բնական պաշարների մաքսանենգութիւնը կամ Արցախ զէնքի եւ ականների տեղափոխումը կանխելու նպատակով՝ որեւէ կերպ չեն կարող արդարացնել հումանիտար աղէտի ստեղծման միջոցով Արցախում ցեղասպանութեան իրագործումը: Աւելին՝ 2023 թ. Ապրիլի 23-ին Ատրպէյճանը Հակարիի կամրջի վրայ անցակէտ տեղադրեց՝ վերահաստատելով միջազգային այդ ծանր յանցագործութեան մէջ իր պատասխանատուութիւնը։ Ցինիզմի եւ միջազգային արդարադատութեան ծաղրի դրսեւորում պէտք է համարել Ատրպէյճանի նախագահի այն յայտարարութիւնը, թէ Հակարիի կամրջի անցակէտն իբր տեղադրուել է ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշման:
Ամփոփելով նշենք, որ Արցախի դէմ Ատրպէյճանի ձեռնարկած 2023 թ. սեպտեմբերեան ագրեսիային յաջորդած՝ արցախահայութեան բռնագաղթեցման գործընթացը միանգամայն կարելի է դիտարկել որպէս Մեծ եղեռնի ընթացքում երիտթուրքերի կողմից Արեւմտեան Հայաստանից եւ Օսմանեան կայսրութեան հայաբնակ այլ տարածքներից հայ բնակչութեան բռնի տեղահանութեան փաստի գրեթէ նոյնական վերարտադրութիւն, ինչի հետեւանքով հայ ժողովուրդը ենթարկուեց հայրենազրկման: Այսպիսով, 2020 թ. պատերազմից յետոյ Արցախի եւ նրա բնակչութեան նկատմամբ Ատրպէյճանի յանցաւոր քաղաքականութեան դրսեւորումները ոչ այլ ինչ են, քան Ատրպէյճանի կողմից Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թուրքերի տուած դասի ստեղծագործական իւրացում։
3.- Ատրպէյճանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ապօրինի առեւանգման ու ձերբակալութեան գնահատականն ըստ միջազգային իրաւունքի
Արցախի դէմ շուրջ 10 ամսուայ շրջափակումից յետոյ 2023 թ. Սեպտեմբերի 19-ին ձեռնարկուած հերթական ռազմական ագրեսիային ու արցախահայութեան զանգուածային բռնագաղթին զուգընթաց՝ Ատրպէյճանի նախագահի հրահանգով Արցախի ռազմաքաղաքական նախկին եւ գործող ղեկավարներն առեւանգուեցին եւ տեղափոխուեցին Պաքուի բանտ: Սա, ըստ էութեան, Ատրպէյճանի իւրատեսակ ուղերձն էր «վերաինտեգրման» վերջնագիրը մերժած Արցախի բնակիչներին, որ եթէ որոշեն վերադառնալ՝ իրենց հետ էլ նոյնը կարող է պատահել(18):
Պաքուի վարչակարգն իր ապօրինի գործողութիւնները փորձում էր արդարացնել այն «հիմնաւորմամբ», թէ ատրպէյճանական ներքին օրէնսդրութեամբ Արցախի ղեկավարները համարւում են յանցագործներ եւ ահաբեկիչներ: Այս թեզը, սակայն, լուրջ քննադատութեան չի դիմանում, քանզի ատրպէյճանական բանտում գտնուող Արցախի ղեկավարներին միջազգային հանրութիւնն ընդունել է որպէս ինքնորոշուած Արցախի Հանրապետութեան ժողովրդի օրինական ներկայացուցիչների, որոնք հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների օրէնսդիրների հետ, անմիջական մասնակցութիւն են ունեցել հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացներում՝ հանդիպումներ ունենալով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ: Անգամ 2020 թ. 44-օրեայ պատերազմից եւ Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ էլ, տարածքային կորուստներով հանդերձ, Արցախի Հանրապետութիւնը շարունակել էր Ատրպէյճանի վերահսկողութիւնից դուրս մնալ եւ պետական իշխանութեան մարմինները շարունակել էին գործել:
2020 թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 3-րդ, 6-րդ, 7-րդ յօդուածներում փաստացի շեշտւում է Լեռնային Ղարաբաղի՝ որպէս Ատրպէյճանից անկախ միաւորի գոյութիւնը, ինչի հետ համաձայնուել է Ատրպէյճանից նախագահը՝ ստորագրութիւն դնելով դրա տակ(19): Այս հանգամանքներից ելնելով՝ ատրպէյճանական իշխանութիւնների կողմից Արցախի նախկին եւ ներկայ ռազմաքաղաքական ղեկավարութեան ապօրինի ձերբակալումն ու Պաքուի բանտում պահելն իրաւական տեսակէտից պէտք է գնահատուի ոչ թէ Ատրպէյճանի ներպետական օրէնսդրութեան, այլ միջազգային իրաւունքի համատեքստում:
Միջազգային իրաւունքի տեսակէտից՝ Պաքուի բանտում պահուող Արցախի ռազմաքաղաքական նախկին եւ ներկայ ղեկավարները գտնւում են պատանդի կարգավիճակում, եւ նրանց նկատմամբ միանգամայն կիրառելի են 1979 թ. Դեկտեմբերի 17-ի ՄԱԿ-ի «Պատանդառութեան դէմ միջազգային կոնվենցիայի» դրոյթները, որի անդամ են հանդիսանում ինչպէս Ատրպէյճանը, այնպէս էլ՝ Հայաստանը(20):
ՄԱԿ-ի կոնվենցիայում պատանդառութիւնը սահմանւում է որպէս ոչ միայն որեւէ անձի կողմից մէկ այլ անձի (այսուհետ՝ «պատանդի») առեւանգում եւ կալանաւորում, այլեւ պատանդին մարմնական վնասուածք հասցնելու կամ նրան կալանաւորուած պահելու սպառնալիքով երրորդ կողմին՝ պետութեանը, միջազգային միջկառավարական կազմակերպութեանը, ֆիզիքական կամ իրաւաբանական անձանց պարտադրելով կատարել որոշ գործողութիւն կամ ձեռնպահ մնալ որոշ գործողութիւն կատարելուց, ինչը դիտարկւում է որպէս պատանդին ազատ արձակելու ուղղակի կամ անուղղակի պայման (յօդուած 1, կէտ 1)(21): Արցախի նախկին եւ գործող ղեկավարների ապօրինի առեւանգման եւ կալանաւորման պարագայում պատանդառուի դերում հանդէս է գալիս Ատրպէյճանի նախագահը, ով տուեալ գործողութիւնների միջոցով ակնյայտ քաղաքական նպատակներ է հետապնդում:
Ատրպէյճանի նախագահի հետապնդած քաղաքական նպատակները հասկանալու համար կարեւոր է յստակեցնել, թէ ինչ հանգամանքներում իրականացուեց Արցախի ղեկավարների պատանդառութիւնը։ Ապօրինի այդ ձերբակալութիւնները կատարուել են Եւլախում եւ Իւանեանում՝ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից եւ Արցախի բնակչութեան կողմից Ատրպէյճանի առաջարկած այսպէս կոչուած վերաինտեգրման առաջարկի փաստացի մերժումից յետոյ։ Այս հանգամանքներից ելնելով՝ կարելի է պնդել, որ ապօրինաբար ձերբակալուած Արցախի ղեկավարները ոչ թէ ռազմագերիներ կամ հարկադրաբար պահուող անձինք են, այլ քաղաքական պատանդներ։
Ռուսաստանաբնակ ձեռնարկատէր եւ բարերար Ռ. Վարդանեանի Արցախում յայտնուելը եւ հետագայում պետնախարար նշանակուելը չափազանց նեարդայնացրել էր Ատրպէյճանի նախագահին, ով յայտարարել էր, որ պատրաստ է երկխօսել Ղարաբաղի ներկայացուցիչների, բայց ոչ՝ այնտեղ յատուկ նպատակով եկած Ռուբէն Վարդանեանի հետ(22)։ Արցախի շրջափակումից յետոյ ատրպէյճանական կողմը Բերձորի (Լաչինի) միջանցքն ապաշրջափակելու համար պայման էր առաջադրում ոչ միայն Դրմբոնի ու Կաշէնի հանքերն իր վերահսկողութեան տակ փոխանցումը, այլեւ Վարդանեանին պաշտօնից ազատումն ու Արցախից հեռացումը։ Ուստի, միանգամայն սպասելի էր, որ պաշտօնից ազատուած, բայց Արցախում մնացած Վարդանեանը պէտք է յայտնուէր Ատրպէյճանի նախագահի հրահանգով ապօրինի ձերբակալուողների շարքում։ Արցախի նախկին արտգործնախարար Դ. Բաբայեանը ատրպէյճանական կողմին Շուշիում յանձնուելուց առաջ ֆէյսպուքեան իր էջում թողած գրառման մէջ նշել էր, որ իր չներկայանալը Արցախի բազմաչարչար ժողովրդին լուրջ վնաս կը հասցնի(23)։ Վարդանեանի ապօրինի ձերբակալութիւնից եւ Բաբայեանի յանձնուելուց յետոյ Հակարիի կամրջի անցակէտում ձերբակալուեցին Արցախի նախկին զինուորական ղեկավարները՝ պաշտպանութեան նախկին նախարար Լ. Մնացականեանը եւ նախարարի նախկին տեղակալ Դ. Մանուկեանը։
Ռուս խաղաղապահների միջնորդութեամբ ատրպէյճանական կողմի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից ելնելով՝ Արցախի իշխանութիւնները կատարում էին հրադադարը պահպանելու, ինչպէս նաեւ Պաշտպանութեան բանակի զինտեխնիկան եւ զէնք-զինամթերքը ռուս խաղաղապահներին փոխանցելու պարտաւորութիւնները, սակայն վերաինտեգրուելու Պաքուի պահանջը վճռականօրէն մերժուեց արցախցիների կողմից՝ յանգեցնելով հայրենի օճախներից հեռանալու դժուարին որոշման կայացմանը։
Դրանից յետոյ տեղի ունեցաւ Արցախի նախկին երեք նախագահների՝ Ա. Ղուկասեանի, Բ. Սահակեանի, Ա. Հարութիւնեանի եւ ԱԺ նախագահ Դ. Իշխանեանի յանձնուելը ատրպէյճանական կողմին։ Ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ Արցախի ղեկավարների ապօրինաբար ձերբակալուելու փաստը նոյնպէս հաստատում է, որ տուեալ դէպքում կիրառելի են ոչ թէ 1949 թ. Ժնեւեան կոնվենցիաների, այլ «Պատանդառութեան դէմ միջազգային կոնվենցիայի» դրոյթները (յօդուած 12)(24)։
Արցախի երեք նախկին նախագահների եւ ԱԺ նախագահի ապօրինի ձերբակալութիւնից յետոյ Արցախի նախագահ Ս. Շահրամանեանը, պաշտպանութեան նախարարի եւ երկու թիկնապահների հետ, Հայաստան է անցել ոչ թէ Հակարիի կամրջի անցակէտով, այլ ուղղաթիռով է տեղափոխուել Սիսիան։ Փոխադրումը կատարուել է ուղղաթիռով՝ Ստեփանակերտի օդանաւակայանի տարածքից, որտեղ տեղակայուած էր ռուս խաղաղապահների՝ Իւանեանի հրամանատարական շտապը։ Շահրամանեանն ինքը նոյնպէս նշում է Ատրպէյճանի կողմից Արցախի ղեկավարներին ընտրողաբար պատանդառելու հանգամանքը՝ շեշտելով, որ նրանք ձերբակալուել եւ Պաքու են տեղափոխուել քաղաքական նպատակներով(25)։
Արցախի նախկին եւ գործող ղեկավարութեան պատանդառութեան միջոցով Ատրպէյճանի նախագահը նպատակ է հետապնդում բարոյահոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրայ՝ ձգտելով «խաղաղութեան» շուրջ բանակցութիւններում միակողմանի զիջումներ կորզել Արցախի կարգավիճակի, արցախահայութեան խախտուած իրաւունքների վերականգնման, հարցերը բանակցային սեղանից ու փաստաթղթի նախագծից դուրս թողնելու, ինչպէս նաեւ Մեղրիի տարածքով Նախիջեւանի հետ արտատարածքային հաղորդակցութիւն՝ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք» ստանալու հարցերում: Անհրաժեշտ է գիտակցել, սակայն, որ որեւէ երաշխիք չկայ, որ Ատրպէյճանի պատանդառու նախագահի պայմանները կատարելուց յետոյ պատանդներն անվնաս ազատ կ’արձակուեն կամ նոր պահանջներ չեն ներկայացուի:
«Պատանդառութեան դէմ միջազգային կոնվենցիայում» (յօդուած 13) յստակ նշուած է, որ դրա դրոյթները կիրառելի չեն, եթէ յանցաւոր արարքը կատարուել է մէկ պետութեան ներսում, ենթադրեալ յանցագործը՝ պատանդառուն ու նրա զոհը տուեալ պետութեան քաղաքացիներ են եւ գտնւում են տուեալ պետութեան տարածքում(26)։ Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ Արցախի պատանդառուած ղեկավարներից որեւէ մէկը Ատրպէյճանի քաղաքացի չէ, ինչը լրացուցիչ կերպով հաստատում է տուեալ դէպքի նկատմամբ ՄԱԿ-ի յիշեալ կոնվենցիայի դրոյթների կիրառելի լինելը։
Անշուշտ, հնարաւոր չէ ակնկալել, որ Արցախի ղեկավարներին պատանդ վերցնելու հրահանգ տուած Ատրպէյճանի ղեկավարն ինքնակամ կը կատարի կոնվենցիայի 3-րդ յօդուածի պահանջը եւ պատանդների վիճակը մեղմելու կամ նրանց ազատ արձակելու միջոցներ կը ձեռնարկի(27)։ Տուեալ պարագայում պատանդառութեան դէմ կոնվենցիայի դրոյթների գործադրումը բարդանում է այնքանով, որքանով պատանդառուն հենց պետութեան ղեկավարն է, որը ներպետական շինծու մեղադրանքներով փորձում է պատանդներին ներկայացնել իբրեւ յանցագործներ եւ ահաբեկիչներ՝ այդ կերպ ձգտելով չէզոքացնել Արցախի նախկին եւ գործող ղեկավարների պատանդառման դէպքի նկատմամբ տուեալ կոնվենցիայի դրոյթների հնարաւոր տարածումը։ Այս դէպքը, սակայն, կարող է առաջին նախադէպային օրինակը դառնալ կոնվենցիայի լրամշակման համար։ Կոնվենցիայի 16-րդ յօդուածը հնարաւորութիւն է ընձեռում երկու կամ աւելի մասնակից պետութիւնների միջեւ տուեալ փաստաթղթի դրոյթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերեալ ցանկացած վէճի դէպքում նրանցից մէկի խնդրանքով հարցը ներկայացնել իրաւարարութեան (արբիտրաժի)։ Եթէ արբիտրաժի դիմումի օրուանից վեց ամսուայ ընթացքում կողմերը չեն կարողանում համաձայնութեան գալ արբիտրաժի կազմակերպման հարցի շուրջ, ապա կողմերից մէկի խնդրանքով վէճը կարող է ուղարկուել ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարան(28)։ Տուեալ յօդուածը Հայաստանի Հանրապետութեանը հնարաւորութիւն է տալիս Ատրպէյճանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառման դէպքի նկատմամբ ՄԱԿ-ի տուեալ կոնվենցիայի դրոյթների կիրառման հարցով դիմել նախ միջազգային իրաւարարութեան, իսկ Պաքուի կողմից մերժման դէպքում՝ նաեւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարան։ Յիշեցման կարգով նշենք, որ, ինչպէս Ատրպէյճանը, այնպէս էլ Հայաստանը տուեալ կոնվենցիան ստորագրել եւ վաւերացրել են առանց որեւէ վերապահման, ինչը նշանակում է, որ երկու երկրների նկատմամբ տուեալ փաստաթուղթը գործում է ամբողջութեամբ։
Հասկանալի է, որ այս դատական գործընթացները ժամանակատար են, եւ երաշխիք չկայ, որ դատարանը տուեալ դէպքի նկատմամբ կոնվենցիայի դրոյթների կիրառութիւնն ամբողջովին Արցախի պատանդառուած ղեկավարների օգտին կը մեկնաբանի։ Նման միջազգային իրաւական գործընթացի նախաձեռնումը, սակայն, նախ ամբողջ աշխարհի ուշադրութիւնը կը սեւեռի Պաքուի բանտում ապօրինաբար պահուող Արցախի ղեկավարների վրայ եւ կ’ուժեղացնի այդ հարցով Ատրպէյճանի նկատմամբ միջազգային հանրութեան ճնշումը, ինչպէս նաեւ լուրջ հարուած կը հասցնի Ատրպէյճանի միջազգային հեղինակութեանը՝ տուեալ երկիրն ու մասնաւորապէս նրա նախագահին ի ցոյց դնելով որպէս պատանդառու յանցագործի։ Այս առումով կարեւոր քայլ պէտք է համարել այն, որ Արցախի ղեկավարներին ապօրինաբար ձերբակալելուց յետոյ համաշխարհային աւելի քան 150 գործիչներ, այդ թւում՝ պետութիւնների նախկին ղեկավարներ, Նոպելեան մրցանակակիրներ, պիզնեսի ու մարդասիրական ոլորտի առաջնորդներ Ատրպէյճանից պահանջեցին անյապաղ եւ անվերապահ ազատ արձակել «հայ բանտարկեալներին»(29)։
Ատրպէյճանի նախագահի կողմից քաղաքական նպատակներով Արցախի ռազամաքաղաքական ղեկավարների առեւանգումն ու Պաքուի բանտում պատանդի կարգավիճակով ապօրինի պահելը միանգամայն նոյնականանում է Հայոց ցեղասպանութեան ընթացքում երիտթուրքերի կառավարութեան կողմից նախապէս կազմուած ցուցակներով հայ մտաւորականութեանը ձերբակալելու եւ հետագայում աքսորի ճանապարհին ֆիզիքապէս վերացնելու գործելաոճի հետ: Ատրպէյճանի այս ապօրինի գործողութիւններն Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքի ոտնահարման դրսեւորումներ են:
Եզրակացութիւններ եւ առաջարկներ
Նման դատական գործի նախաձեռնումն, անշուշտ, պէտք է ապահովագրուած լինի դրան նախորդող եւ դրան զուգահեռ ընթացող Ատրպէյճանի դէմ քաղաքական եւ քարոզչական-տեղեկատուական գործընթացով, ինչը կարող է նպաստել ՄՔԴ-ում վարոյթի օբիեկտիւ ընթացքին եւ համապատասխան որոշման կայացմանը: Ի հարկէ, ՄՔԴ որոշումները կեանքի կոչելու ոչ այդքան յաջող պրակտիկան որոշակի կասկածների տեղիք է տալիս, սակայն այս գործընթացի յաջողութիւնը զգալիօրէն կը զսպի Ատրպէյճանի եւ նրա թիկունքում գործող Թուրքիայի ագրեսիւ կեցուածքը եւ միջազգային իրաւական հիմքեր կը նախապատրաստի Արցախի ու արցախահայերի իրաւունքների հետագայ պաշտպանութեան համար:
Թէեւ Ատրպէյճանի վրայ միջազգային ճնշումներն աստիճանաբար մեծանում են, սակայն դրանք դեռեւս բաւարար չեն Արցախի բնակչութեան խախտուած իրաւունքները վերականգնելու եւ Ատրպէյճանի իրագործած յանցագործութիւնների համար այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեանը պատասխանատուութեան կանչելու համար: Ատրպէյճանի վրայ ճնշումը մեծացնելու նպատակով՝
1.- պէտք է նախաձեռնուի ՄԱԿ-ի անկողմնակալ առաքելութեան ժամանումը Հայաստան, որպէսզի դրանում ընդգրկուած տարբեր երկրների ներկայացուցիչները հնարաւորութիւն ունենան շփուել բռնի տեղահանուած արցախցիների հետ եւ օբիեկտիւ տեղեկատուութիւն ստանան Արցախի շրջափակման, 2023 թ. Սեպտեմբերի 19-ի ագրեսիայի եւ բռնագաղթի մասին: Այս տեղեկատուութեան հիման վրայ պատրաստուած անաչառ զեկոյցն արժանի հակահարուած կը լինի Ատրպէյճանի բարեկամ երկրների կողմից հայաթափուած Արցախ ժամանելուց յետոյ տարածուած կեղծ եւ շինծու զեկոյցներին:
2.- Արցախի իշխանութիւնների կողմից պէտք է նախաձեռնուի «Չներկայացուած ազգերի եւ ժողովուրդների կազմակերպութեանը» (այսուհետ՝ ՉԱԺԿ) Unrepresented Nations and Peoples Organization (UNPO) անդամակցելու գործընթաց՝ միջազգային այդ հարթակն օգտագործելով արցախահայութեան խախտուած իրաւունքների մասին բարձրաձայնելու եւ դրանց արդիւնաւէտ պաշտպանութեանը հասնելու նպատակով: Յատկանշական է, որ անգամ կառոյցին Արցախի Հանրապետութեան չանդամակցելու պարագայում ՉԱԺԿ-ը 44-օրեայ պատերազմի ընթացքում՝ 2020 թ. Հոկտեմբերի 20-ին հրապարակեց զեկոյց, որում արձանագրուեց, որ 2020 թ. Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում/Արցախի Հանրապետութիւնում սկսուած ռազմական գործողութիւնները յանգեցրել են հազարաւոր մարդկանց՝ հիմնականում կանանց եւ երեխաների տեղահանութիւններին եւ կոչ էր արւում միջազգային հանրութեանը, առաջին հերթին ԵՄ-ին՝ անյապաղ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետութիւնում քաղաքացիական անձանց կեանքը պաշտպանելու նպատակով, ապահովել միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքների կիրառութիւնը եւ պահպանել հրադադարի մասին համաձայնագրերը(30):
3.- Միջազգային կազմակերպութիւններում եւ միջազգային դատական ատեաններում հետեւողական աշխատանք պէտք է տարուի, որպէսզի արցախահայերի նկատմամբ Ատրպէյճանի յանցագործութիւններն այդ կառոյցների կողմից համարժէք քաղաքական եւ միջազգային իրաւական գնահատականի արժանանան: Օրինակ, քայլեր կարող են ձեռնարկուել, որ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղապանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի, ինչպէս նաեւ Միջազգային քրէական դատարանի Հռոմի կանոնադրութեան համապատասխան յօդուածների համաձայն՝ Ատրպէյճանի յանցաւոր քաղաքականութիւնը որակուի որպէս ցեղասպանութիւն եւ/կամ մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւն:
4.- Ցեղասպանութեան եւ էթնիկ զտման, ինչպէս նաեւ պատանդառութեան դէմ պայքարի համատեքստում Ատրպէյճանի դէմ տարբեր դատական գործերի յարուցումը եւ դրանց արդիւնքում միջազգային դատական ատեանների ընդունած համապատասխան որոշումները որոշակի զսպման մեխանիզմ կարող են դառնալ՝ ներկայումս վերաակտիւացող համաթուրանական ծրագրի յաջորդ փուլի՝ «Արեւմտեան Ատրպէյճան» զառանցանքը կեանքի կոչելու ճանապարհին։
Արմէն Ց. Մարուքեան – 60-ից աւելի գիտական յօդուածների, հայերէն, ռուսերէն եւ անգլերէն 10 գրքերի հեղինակ եւ փաստաթղթերի 4 ժողոուածուների կազմող է։ Գիտական հետաքրքրութիւնների շրջանակում են Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան հարցերը եւ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրները։
«ՎԷՄ»
Ծանօթագրութիւններ
1.- Տե՛ս Заявление президента Азербайджана, премьер-министра Армении и президента России 10 ноября 2020 года, http://kremlin.ru/events/president/news/64384
2.- Տե՛ս Amatuni Z., International Committee of the Red Cross, UNHR Interview in Yerevan, March 21, 2023.
3.- Տե՛ս Human Rights Defender of the Republic of Artsakh. 2023. “Interim Report on Violations of the Rights of Artsakh People by Azerbaijan in February – March.”
artsakhombuds.am. https://artsakhombuds.am/en/document/910
4.- Տե՛ս նոյն տեղում:
5.- Տե՛ս Human Rights Defender of the Republic of Artsakh. «Report on the Violations of Individual and Collective Human Rights as a Result of Azerbaijan’s Blockade of Artsakh (Nagorno-Karabakh) (100 Days).» Artsakh Ombudsman,2023., https://artsakhombuds.am/en/document/1028
6.- Տե՛ս Human Rights Ombudsman of the Republic of Artsakh. “Report on the Violations of Individual and Collective Human Rights as a Result of Azerbaijan’s Blockade of Artsakh, p. 12.
7.- Տե՛ս Human Rights Defender of the Republic of Artsakh. Interim Report on Violations of the Rights of Artsakh People by Azerbaijan in February – March, p. 11-12.
8.- Տե՛ս Avetisyan A., Weaponizing Energy: Nagorno-Karabakh’s Energy Supplies Under Siege. EVN Report, 2023, https://evnreport.com/spotlight-karabakh/weaponizing-energy-nagorno-karabakhs-energy-supplies-under-siege/.
9.- Տե՛ս International Court of Justice, “Summary of the Order of 22 February 2023”, https://www.icj-cij.org/node/202558
10.- Տե՛ս Former International Criminal Court prosecutor, Luis Moreno Ocampo, issued report stating the blockade of Nagorno-Karabakh is «Genocide». Center for Truth and Justice, 2023, https://www.cftjustice.org/former-international-criminal-court-prosecutor-luis-moreno-ocampo-issued-report-stating-the-blockade-of-nagorno-karabakh-is-genocide/
11.- Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan) (Order on Provisional Measures) February 22, 2023, paras 62, 67.
12.- Տե՛ս Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (adopted December 9, 1948) 78 UNTS 277 (Genocide Convention) art II(c).
13.- Ատրպէյճանը հրապարակել է Սեպտեմբերի 19-ի յարձակման հետեւանքով զոհերի թիւը, https://www.tert.am/am/news/2023/09/27/azerbaijan/4008682
14.- Բեգլարեան Ա., Ատրպէյճանը վերահսկողութեան տակ է վերցրել նաեւ Արցախի որոշ համայնքներ, https://arm.sputniknews.ru/20230920/adrbejany-verahskvoghutjan-tak-e-vercrel-naev-arcakhi-vorvosh-hamajnqner-beglarjan-66148610.html
15.- Բանակցութիւններ Եւլախում․ ինչ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել՝ ըստ Ատրպէյճանական կողմի, https://hetq.am/hy/article/160361
16.- Քանի քաղաքացի է ԼՂ-ից մտել Հայաստան՝ վերջին տուեալներով,
https://hraparak.am/post/861cf8e364f9ab1950b2221ab59142f3
17.- Տե՛ս International Criminal Court (ICC), Elements of Crimes, Footnote 12, 2013, The Hague, https://www.icc-cpi.int/sites/default/files/Publications/Elements-of-Crimes.pdf
18.- Տե՛ս Ocampo L. M., Current genocides and the consistent international practice to deny them. Summary of the case of Nagorno-Karabakh, REPORT-USP-Innovation-on-Global-Order.-Nagorno-Karabakh-case%20(1).pdf
19.- Տե՛ս Заявление президента Азербайджана, премьер-министра Армении и президента России 10 ноября 2020 года, http://kremlin.ru/events/president/news/64384
20.- 1979 թ. Դեկտեմբերի 17-ի ՄԱԿ-ի «Պատանդառութեան դէմ միջազգային կոնվենցիային» Ատրպէյճանը միացել է 2000 թ. Փետրուարի 29-ին, իսկ Հայաստանը՝ 2004 թ. Մարտի 16-ին: Երկու երկրներն էլ կոնվենցիան վաւերացրել են առանց վերապահումների, ինչը նշանակում է, որ նրանց նկատմամբ կոնվենցիան գործում է ամբողջութեամբ:
21.- Տե՛ս International Convention against the taking hostages. Adopted by the General Assembly of the United Nations on 17 December 1979, United Nations – Treaty Series, 1983, N 21931, p. 207.
22.- Տե՛ս Պաքուն պատրաստ է խօսել Արցախի հետ, բայց առանց Ռուբէն Վարդանեանի, https://www.hetq.am/hy/article/15337
23.- Տե՛ս Ինչո՞ւմ է մեղադրում Պաքուն Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչներին, https://www.hetq.am/hy/article/161253
24.- Տե՛ս International Convention against the taking hostages, p. 210.
25.- Տե՛ս Սամուէլ Շահրամանեանը Արցախից Հայաստան է տեղափոխուել ուղղաթիռով, https://www.tert.am/am/news/2023/10/28/shahramanyan/4024101
26.- Տե՛ս International Convention against the taking hostages, p. 210.
27.- Տե՛ս նոյն տեղում, էջ 207:
28.- Տե՛ս նոյն տեղում, էջ 210:
29.- Over 150 global humanitarian, business and political leaders demand freedom of “Armenian Prisoners”,https://armenianweekly.com/2023/12/13/over-150-global-humanitarian-business-and-political-leaders-demand-freedom-of-armenian-prisoners/embed/#?secret=wdZnwYXLNO#?secret=EU4kwA9pT9
30.- Տե՛ս Time to Properly Address Frozen Conflicts and Illegal Occupations in Europe, October 20, 2020, https://unpo.org/article/22100
Օգտագործուած գրականութիւն
1.- Ատրպէյճանը հրապարակել է Սեպտեմբերի 19-ի յարձակման հետեւանքով զոհերի թիւը, https://www.tert.am/am/news/2023/09/27/azerbaijan/4008682
2.- Բանակցութիւններ Եւլախում. ինչ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել ըստ ատրպէյճանական կողմի, https://hetq.am/hy/article/160361
3.- Պաքուն պատրաստ է խօսել Արցախի հետ, բայց առանց Ռուբէն Վարդանեանի, https://www.hetq.am/hy/article/15337
4.- Բեգլարեան Ա., Ատրպէյճանը վերահսկողութեան տակ է վերցրել նաեւ Արցախի որոշ համայնքներ,https://arm.sputniknews.ru/20230920/adrbejany-verahskvoghutjan-tak-e-vercrel-naev-arcakhi-vorvosh-hamajnqner-beglarjan-66148610.html
5.- Ինչում է մեղադրում Պաքուն Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչներին, https://www.hetq.am/hy/article/161253
6.- Սամուէլ Շահրամանեանը Արցախից Հայաստան է տեղափոխուել ուղղաթիռով,
a. https://www.tert.am/am/news/2023/10/28/shahramanyan/4024101
7.- Քանի քաղաքացի է ԼՂՀ-ից մտել Հայաստան վերջին տուեալներով,
a. https://hraparak.am/post/861cf8e364f9ab1950b2221ab59142f3
8.- Amatuni Z., International Committee of the Red Cross, UNHR Interview in Yerevan, March 21, 2023.
9.- Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan) (Order on Provisional Measures) February 22, 2023.
10.- Avetisyan A., Weaponizing Energy: Nagorno-Karabakh’s Energy Supplies Under Siege. EVN Report, 2023, https://evnreport.com/spotlight-karabakh/weaponizing-energy-nagorno-karabakhs-energy-supplies-under-siege/.
11.- Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (adopted December 9, 1948) 78 UNTS 277 (Genocide Convention)
12.- Former International Criminal Court prosecutor, Luis Moreno Ocampo, issued report stating the blockade of Nagorno-Karabakh is «Genocide». Center for Truth and Justice, 2023, https://www.cftjustice.org/former-international-criminal-court-prosecutor-luis-moreno-ocampo-issued-report-stating-the-blockade-of-nagorno-karabakh-is-genocide/
13.- Human Rights Defender of the Republic of Artsakh. 2023. “Interim Report on Violations of the Rights of Artsakh People by Azerbaijan in February – March.”
a. artsakhombuds.am. https://artsakhombuds.am/en/document/910
14.- Human Rights Defender of the Republic of Artsakh. «Report on the Violations of Individual and Collective Human Rights as a Result of Azerbaijan’s Blockade of Artsakh (Nagorno-Karabakh) (100 Days)». Artsakh Ombudsman, 2023,
a. https://artsakhombuds.am/en/document/1028
15.- International Convention against the taking hostages. Adopted by the General Assembly of the United Nations on 17 December 1979, United Nations – Treaty Series, 1983.
16.- International Court of Justice, “Summary of the Order of 22 February 2023”,
a. https://www.icj-cij.org/node/202558
17.- International Criminal Court (ICC), Elements of Crimes, Footnote 12, 2013, The Hague, https://www.icc-cpi.int/sites/default/files/Publications/Elements-of-Crimes.pdf
18.- Ocampo L. M., Current genocides and the consistent international practice to deny them. Summary of the case of Nagorno-Karabakh, REPORT-USP-Innovation-on-Global-Order.-Nagorno-Karabakh-case%20(1).pdf
19.- Over 150 global humanitarian, business and political leaders demand freedom of “Armenian Prisoners”,https://armenianweekly.com/2023/12/13/over-150-global-humanitarian-business-and-political-leaders-demand-freedom-of-armenian-prisoners/
20.- Time to Properly Address Frozen Conflicts and Illegal Occupations in Europe, October 20, 2020, https://unpo.org/article/22100
21.- Заявление президента Азербайджана, премьер-министра Армении и президента России 10 ноября 2020 года, http://kremlin.ru/events/president/news/64384