ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պէտք է առաջնորդութիւն ստանձնէն եւ օգտագործեն COP29-ը որպէս լծակ՝ Բաքուից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկեալներին. Օսկանեանի յօդուածը Newsweek-ի համար

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պէտք է առաջնորդութիւն ստանձնէն եւ օգտագործեն COP29-ը որպէս լծակ՝ Բաքուից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկեալներին. Օսկանեանի յօդուածը Newsweek-ի համար

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պէտք է առաջնորդութիւն ստանձնէն եւ օգտագործեն COP29-ը որպէս լծակ՝ Բաքուից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկեալներին. Օսկանեանի յօդուածը Newsweek-ի համար

Ադրբեջանը, չնայած հակառակ պնդումներին, խաղաղութիւն չի փնտրում իր հարեւանների, այդ թւում՝ Հայաստանի հետ. այս մասին Newsweek-ի համար իր յօդուածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիւիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանեանը:

Նա յիշեցրել է, որ ընդամէնը մէկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը եւ ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականութեան բոլոր հետքերը:

«Եթէ Ադրբեջանն իսկապէս հաւատարիմ լինէր խաղաղութեանը, ապա կը դադարեր ջնջել հայկական մշակութային եւ պատմական ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղում, կը հրաժարուեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական յաւակնութիւններից, կը հեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանուած բնակչութեան վերադարձն իրենց նախնիների հայրենիք եւ անյապաղ ազատ կարձակեր մէկ տարի առաջ ձերբակալուած քաղբանտարկեալներին՝ ինքնաւար շրջանի նախկին ղեկավարութեանը»,- նշել է Օսկանեանը:

Վերջինս ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացուած եւ ագրեսիւ ռեժիմներից մէկն է: Նա կոչ է արել աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս շտկի իր պահուածքը: Այս համատեքստում Օսկանեանը լաւ հնարաւորութիւն է համարում նոյեմբերին Բաքւում կայանալիք COP29 կլիմայական համաժողովը:

«Բաքւում այժմ կալանաւորուածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Յարութիւնեանը, Բակոյ Սահակեանը եւ Արկադի Ղուկասեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեան, ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեան, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայան, պաշտպանութեան նախկին նախարար Լեւոն Մնացականեանը՝ միջազգային իրաւունքի համաձայն ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են: Արդեօ՞ք համաշխարհային տէրութիւններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների եւ յանցագործների հետ, ինչպէս հիմա ասում է Ադրբեջանը։ Իհարկէ ո՛չ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսէ Ռամոս-Հորտան Արեւելեան Թիմորից. անհատներ, ովքեր խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովուրդների ինքնորոշման համար: Նրանց կալանաւորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրաւունքի լուրջ խախտում եւ մարտահրաւէր գլոբալ դիւանագիտական գործընթացի օրինականութեանը»,- նշել է Օսկանեանը:

Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ որեւէ փաստարկ չկայ նրա վերաբերեալ, որ աշխարհը պէտք է  թոյլ տա Ադրբեջանին պատասխան չտալ Լեռնային Ղարաբաղում մարդու իրաւունքների խախտումների համար
:

«Թոյլ տալ Ադրբեջանին հիւրընկալել COP29-ը՝ առանց նրա ռեպրեսիւ գործողութիւններին դիմակայելու, կնշանակի աչք փակել նրա կատարած վայրագութիւնների վրայ: Իսկ COP-29-ը, իսկապէս, լծակների հազուագիւտ հնարաւորութիւն է տալիս:

Համաշխարհային հանրութիւնը, յատկապէս այնպիսի պետական դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պէտք է Ադրբեջանից պահանջէն ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինական կերպով կալանաւորել է։ Եւ նրանք պէտք է պատրաստ լինէն բոյկոտել համաժողովը կամ ուղարկել ցածրաստիճան պատուիրակութիւններ, եթէ այդ պահանջը մերժուի»,- յաւելել է Օսկանեանը:

Նա ընդգծել է, որ այս պահանջը պէտք է չուերաբերի միայն Բաքւում պահուող հայերին։

«Վերջին ամիսներին Բաքուի ռեժիմը ձերբակալել է բազմաթիւ լրագրողների եւ ակտիւիստների՝ փորձելով ապահովել, որ համաժողովի ընթացքում որեւէ քննադատութիւն տեղի չունենայ: Նրանք նոյնպէս պէտք է ազատ արձակուեն…

Ժամանակը կարճ է. COP29-ն արագօրէն մօտենում է, եւ աշխարհը հնարաւորութիւն ունի գործողութեան միջոցով դրսեւորելու իրական հաւատարմութիւն մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան եւ ինքնորոշման սկզբունքի նկատմամբ: ԱՄՆ-ը, Եւրամիութիւնը եւ այլ ժողովրդավարական կազմակերպութիւններ պէտք է առաջնորդութիւն ստանձնէն՝ օգտագործելով COP-29-ը որպէս լծակ՝ պահանջելու ազատ արձակել այս բանտարկեալներին: Նրանք պէտք է բարձրաձայնէն։ Եւ որ աւելի կարեւոր է, նրանք պէտք է գործեն»,- եզրափակել է նախկին ԱԳ նախարարը:

Share