Մակրոնը ցրել է երկրի Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրութիւններ

Մակրոնը ցրել է երկրի Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրութիւններ

Ֆրանսիայի նախագահի առաջնորդած «Վերածնունդ» կուսակցութիւնը Եւրախորհրդարանի ընտրութիւններում պարտուել է Մարին Լը Պենի փաստացի գլխաւորութեամբ գործող ծայրահեղ աջ՝ «Ազգային հաւաքին»:

Նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի օրը ցրել է Ազգային ժողովը՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը, եւ արտահերթ ընտրութիւններ նշանակել այս ամսուայ վերջին։ Պատճառը՝ Եւրախորհրդարանի ընտրութիւններում Մակրոնի ղեկավարած կուսակցութեան պարտութիւն է ծայրահեղ աջերին՝ «Ազգային հաւաքին»։

Դիտորդների պնդմամբ, Մակրոնի այս՝ անսպասելի որոշումից է այլեւս մեծապէս կախուած նրա քաղաքական ապագան՝ նախագահական ժամկէտի աւարտից երեք տարի առաջ։ Եթէ «Ազգային հաւաքը» երկրում ստանայ խորհրդարանական մեծամասնութիւն, ապա Էմանյուել Մակրոնը զգալիօրէն կսահմանափակուի ներքաղաքական խնդիրների լուծման հարցում։

Ֆրանսիայի նախագահի ներկայացմամբ, ԵՄ ընտրութիւնների արդիւնքները վատ նորութիւն են իր կառավարութեան համար, եւ ինքը չի կարող անտեսել այն։ Երկրին ուղղուած ուղերձում յայտարարել է, թէ խորհրդարանի ստորին պալատի ընտրութիւնները նշանակւում են այս յունիսի 30-ին, իսկ քուէարկութեան երկրորդ փուլը տեղի կ’ունենայ յուլիսի 7-ին։

«Սա կարեւոր պահ է՝ իրավիճակը յստակեցնելու համար։ Ականջալուր եմ եղել ձեր ուղերձին, ձեր մտահոգութիւններին եւ դրանք անպատասխան չեմ թողնի…։ Ֆրանսիային անհրաժեշտ է յստակ մեծամասնութիւն՝ հանգիստ եւ ներդաշնակ գործելու համար», — ասել է Մակրոնը:

Եւրախորհրդարանի ընտրութիւններում՝ երէկ, 28-ամեայ Ջորդան Բարդելայի գլխաւորած «Ազգային հաւաք» կուսակցութիւնը ստացել է ձայների մօտ 32%-ը, ինչը աւելի քան կրկնակի է, քան հաւաքել է Մակրոնի առաջնորդած կուսակցութիւնը՝ գրեթէ 15%-ը: Ֆրանսիացի սոցիալիստներին բաժին է հասել քուէների շուրջ 14%-ը:

Լը Պենը, ով մտադիր է մասնակցել 2027 թուականի նախագահական ընտրութիւններին, որոնց Մակրոնն այլեւս չի կարող մասնակցել, ողջունել է Ֆրանսիայի նախագահի որոշումը։

«Պատրաստ ենք իշխանութիւնը վերցնել մեր ձեռքը, եթէ ֆրանսիացիները մէզ վստահէն գալիք համապետական ընտրութիւններում»,- յայտարարել է նա։

Մակրոնի խորհրդականների խօսքով, նախագահը որոշումը կայացրել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1944 թուականին, Ֆրանսիայի հիւսիսում՝ Նորմանդիայում, արեւմտեան ուժերի կողմից ափհանման յայտնի գործողութեան՝ D-Day-ի 80-ամեակին նուիրուած տօնակատարութիւնների ժամանակ, երբ փողոցում շփուել է մարդկանց հետ, ովքեր նրան փոխանցել են, թէ յոգնել են խորհրդարանում անվերջ քաղաքական բախումներից:

Լը Պենը եւ Բարդելան ԵՄ ընտրութիւնների արդիւնքները ներկայացնում են որպէս Մակրոնի նկատմամբ վստահութեան հանրաքուէ, թէ երկրում դժգոհութիւն կայ ներգաղթի, յանցաւորութեան եւ երկարատեւ գնաճի պատճառով:

VOA

Share