Լուիս Մորենոյ Օկամպո․ «Ամենավատ բանը, որ կարող եք անել՝ լռելն է»

Լուիս Մորենոյ Օկամպո․ «Ամենավատ բանը, որ կարող եք անել՝ լռելն է»

2024թ. սեպտեմբերի 24-ին Երեւանում տեղի ունեցաւ բաց հանդիպում Հաագայի Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում նա ներկայացրել է այն ճանապարհային քարտէզը, որով կարող են առաջնորդուել հայերը միջազգային արդարադատութեան հասնելու եւ արցախահայութեան վերադարձի իրաւունքը պաշտպանելու համար։

Լուիս Մորենո Օկամպոն Հայաստան է եկել ԱՄՆ-ում գործող Ճշմարտութեան եւ արդարադատութեան կենտրոնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառի հրաւէրով։  

Մեդիամաքսը ներկայ է եղել հանդիպմանն ու ներկայացնում է Օկամպոյի խօսքից որոշ դրուագներ։

Անցեալի սխալները եւ միջազգային իրաւունքը

Աշխարհը կազմակերպուած է պետութիւնների շուրջ․ մենք ունենք իրաւունքներ եւ պետութիւնները պաշտպանում են մէզ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի պետութիւն, սակայն այն ոչ ոք չի ճանաչել։ Դա առաջին մեծ խնդիրն է։ Ես արցախցիների հետ հանդիպում ունեցայ եւ նրանցից մէկն ինձ ասաց, որ միջազգային իրաւունքը կեղծ է։ Ես ասացի՝ այո, միջազգային օրէնքն իսկապէս հիասթափեցնող է, այն լաւ չի աշխատում, սակայն միւս գործիքը զէնքն է, որը եւս խնդիրը չի լուծում։

1994 թուականին Հայաստանը հարցը լուծեց զէնքով, սակայն չկարողացաւ օգտագործել օրէնքը՝ իր ներկայութիւնն ամրագրելու համար։ 1993 թուականին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը միաձայն որոշում ընդունեց, որ Հայաստանը պէտք է Ադրբեջանին վերադարձնի ԼՂԻՄ-ի շուրջ գտնուող տարածքները եւ 30 տարի շարունակ Հայաստանը չարեց դա։ Երբ 2020 թուականին Ադրբեջանը յարձակուեց Լեռնային Ղարաբաղի վրայ, խնդիր կար, որ թեեւ Լեռնային Ղարաբաղն անկախ էր, սակայն ոչ դրա շրջակայ տարածքները։ Այսինքն՝ օրէնքն ինքն իրենով լուծում չէ, սակայն առանց օրէնքի մենք մեծ խնդիր ունենք։

Դուք ասում եք, որ Ստալինը յիմար որոշում է կայացրել եւ ձեր տարածքները տուել Ադրբեջանին եւ յետոյ դուք ազատագրել եք դրանք։ Ես չգիտեմ՝ դուք ճիշտ եք, թէ ոչ, սակայն խնդիրն այն է, որ առաջնակարգ միջազգային հեղինակութիւն հանդիսացող ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը անուանել է դա օկուպացուած տարածք, որը պէտք է վերադարձնել Ադրբեջանին։ Եւ դա է միջազգային օրէնքը մէզ համար։ Անկախ նրանից, թէ դուք ինչ եք մտածում, երբ 2020 թուականին Ադրբեջանը յարձակուեց, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի համար այդ տարածքների վերականգնումն Ադրբեջանի կողմից նորմալ էր դիտարկւում։ Եւ դա խնդիր է։

Լեռնային Ղարաբաղի պարագան այլ է, բոլորն ընդունում էին, որ Լեռնային Ղարաբաղը (հեղ․՝ նկատի ունի նախկին ԼՂԻՄ տարածքը) Ադրբեջանի մասը չէր, բայց խնդիրն այն էր, որ չկար իրաւական լուծում այս հարցի համար։ Ես գիտեմ, որ այս ամէնը ձեզ դուր չի գալիս, բայց դուք պէտք է հասկանաք միջազգային օրէնքը եւ այն, թէ ինչպէս է խնդիրը դիտւում դրսից։

1994 թուականին, երբ Հայաստանը յաղթեց պատերազմը, այն ունէր հնարաւորութիւն խնդիրը լուծելու։ Այն կարող էր 2001, 2004 թուականի բանակցութիւնների ժամանակ իր կամքը թելադրել։ Ես հասկանում եմ, որ դուք բուֆերային գոտու մասին եք խօսում, բայց այն չի ընդունուել միջազգային օրէնքի կողմից։ Այդ ժամանակ կարող էիք պայմանաւորուածութիւն ձեռք բերել՝ ճանաչելով այդ տարածքները որպէս Ադրբեջանի մաս, եւ դրա դիմաց ստանալով իրաւական կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որն, օրինակ, կարող էր լինել Հայաստանի մարզ։ Դրա համար կայ Հաւայան կղզիների մոդելը, կայ մէկ այլ՝ Պուերտոյ Ռիկոյի մոդելը։

Դուք ընտրեցիք միանգամայն այլ բան՝ անկախ երկրի մոդելը, ինչը շատ խնդրահարոյց է։ Բացատրեմ, թէ ինչու․ աշխարհի բազում երկրներում, այդ թւում ԱՄՆ-ում, Արգենտինայում, Միացեալ Թագաւորութիւնում, մշտապէս կան անջատողական տարածաշրջաններ, եւ երկրներն ատում են դա, ուստի ոչ ոք չէր ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, դրա համար դուք զրոյական ճանաչում ստացաք։

Հիմա Ադրբեջանը եւս պէտք է հասկանայ, որ եթէ չկատարի միջազգային իրաւունքը, խնդիրը չի լուծուելու, եւ նոյն կերպ նա եւս խնդիր է ունենալու 20, 30 տարի յետոյ, երբ ուժի գերակայութիւնը փոխուի։ Ահա թէ ինչու է, որ անգամ եթէ իրաւական համակարգը լիարժէք չի աշխատում եւ չի կարող հարիւր տոկոսով լուծում լինել, այն միեւնոյն է լուծման մաս է։

Դուք պէտք է գտնեք ճանապարհներ Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը պաշտպանելու համար՝ միեւնոյն ժամանակ գիտակցելով, որ անցեալում սխալներ եք գործել եւ այն, ինչ մենք ունենք, որոշակի իմաստով հետեւանք է անցեալի այդ սխալների՝ իրաւական խնդիրը չլուծելու։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար սա ծանր է։ Սակայն ինչ սխալներ էլ որ եղել են, դա որեւէ կերպ չի արդարացնում այն, ինչ եղաւ Լեռնային Ղարաբաղում։

Արցախի շրջափակումը եւ տեղահանութիւնը՝ ցեղասպանութեան ձեւեր

Այն ինչ եղել է Լեռնային Ղարաբաղում՝ ցեղասպանութիւն է։ Ցեղասպանութեան մի քանի տեսակ կայ։ Առաջինն այն է, որի զոհը դուք դարձել եք 1915 թուականին, երբ 1,5 միլիոն հայ սպանուեց։ Սա ցեղասպանութեան ծայրահեղ դրսեւորումն է, սակայն Ցեղասպանութեան կոնուենցիան սահմանում է ցեղասպանութեան նաեւ այլ տեսակներ, որոնք միշտ չէ, որ մահէր են նախատեսում։ Օրինակ՝ կոնուենցիայով սահմանուող 2-րդ C ցեղասպանութիւնը ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որը յանգեցնելու է մարդկանց խմբի ոչնչացման։ Լաչինի միջանցքի շրջափակումն ինքն իրենով հէնց ցեղասպանութիւն է։ Եւ սա իմ կարծիքը չէ, դա ասում են Արդարադատութեան միջազգային դատարանի դատաւորները, որոնք պարտադրում էին Ալիեւին ապաշրջափակել միջանցքը։

Եթէ դանակը պահում եմ կողքինիս վրայ, եւ ինձ ասում են՝ իջեցրու դանակը, այլապէս կը սպանես նրան, բայց ես շարունակում եմ պահել, յետոյ ինձ նորից են ասում նոյն բանը, բայց ես, միեւնոյն է, շարունակում եմ պահել դանակը, ապա ակնյայտ է, որ ես սպանելու մտադրութիւն ունեմ։ Երբ Ալիեւը դատարանից կարգադրութիւն ստացաւ բացելու միջանցքը, բայց չարեց դա, իսկ յետոյ Մակրօնն ու Բլինքէնը զանգեցին ու նոյնն ասացին, բայց Ալիեւը նորից չբացեց միջանցքը, դա ակնյայտ ցեղասպանութիւն էր։

Ցեղասպանութեան վերաբերեալ զեկոյցը գրելուց յետոյ հանդիպում ունեցայ ԱՄՆ պետդէպարտամենտում, որտեղ պէտքարտուղարն ինձ ասաց, որ չի հասկանում Լեռնային Ղարաբաղի մարդկանց, որովհետեւ Ադրբեջանը առաջարկում է նրանց սնունդ մէկ այլ ճանապարհով, սակայն նրանք մերժում են։

Ես առաջարկեցի, որ պատկերացնի հետեւեալը․ Ձեզ փակել եմ Ձեր տանը՝ կողպելով դուռը, ու ասում եմ՝ մի անհանգստացեք, ես ամէն օր պատուհանից Ձեզ սնունդ կը բերեմ, արդյօք Դուք կ’ընդունե՞ք դա, իհարկէ՝ ոչ։ Այդ դէպքում ինչպե՞ս կարող են դա ընդունել Լեռնային Ղարաբաղի մարդիկ։

Այն, որ թողեցիք ամէն ինչ՝ ձեր նախնիների հողը, ձեր գերեզմանները, ձեր սրբավայրերը, ձեր ունեցուածքն ու յիշողութիւնները, եւ փախուստի դիմեցիք, նշանակում է, որ ծայրաստիճան վախի մէջ էիք։ Սա հէնց ցեղասպանութիւն է, անգամ եթէ այդքան շատ մահէր չէն գրանցուել։

Ցեղասպանութեան արձանագրումը՝ իրաւունքների վերականգնման ճանապարհ

Ինչու՞ է կարեւոր արձանագրել, որ տեղի ունեցածը ցեղասպանութիւն է։

Քանի որ ձեր պետութիւնը չի ճանաչուել, դուք համարուել եք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ կարեւոր է արձանագրել, որ սա ցեղասպանութիւն է, քանի որ այլ պարագայում դուք կը դառնայիք Ադրբեջանի քաղաքացիներ, մինչդեռ ցեղասպանութեան պարագայում մենք ասում ենք՝ ցեղասպանութեան զոհերը չէն կարող լինել ցեղասպանի ենթակայութեան տակ։ Ուստի, Լեռնային Ղարաբաղի պաշպանութեան լաւագոյն իրաւական հնարաւորութիւնը, իմ կարծիքով, ապացուցելն է, որ սա ցեղասպանութիւն էր, եւ դուք չեք կարող լինել ցեղասպանի ձեռքերում։

Իրաւականօրէն ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ եթէ ծանօթ եք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում նախորդ տարուայ սեպտեմբերի բանաւէճին, երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ձեզ, Ադրբեջանն ասում էր, որ դա իր ներքին խնդիրն է, եւ սա իրաւական իմաստով խրթին է։

Ուստի Ցեղասպանութեան կոնուենցիան այս խնդրի իրաւական լուծումն է։ Ես յոյս ունէի, որ շրջափակման ժամանակ դա առաջ տանելով յաջողութեան կը հասնէինք, սակայն Ալիեւն աւելի արագ գործեց եւ յարձակուեց՝ անցնելով ցեղասպանութեան երկրորդ մասին։ Հիմա դուք իրաւունք ունեք վերադառնալու, եւ Ադրբեջանի իշխանութիւնները եւս դա ընդունում են, իսկ թէ ինչպէս վերադառնալ՝ դրա շուրջ պէտք է քննարկումներ լինէն։

Ես եկել եմ օգնելու

Ես միայնակ ոչինչ անել չեմ կարող, ես այստեղ միայն ինքս ինձ եմ ներկայացնում։ Ես ոչինչ չեմ կարող անել, սակայն կարող եմ օգնել ձեզ, որ դուք գործեք եւ հասնեք ձեր իրաւունքների վերականգնմանը։ Հիմա շատ կարեւոր է վկայութիւնների, փաստաթղթերի հաւաքագրումը, որոնք յետագայում պէտք է ներկայացնել միջազգային դատարանին։ Մենք պէտք է դա անենք հիմա, եւ պէտք է շտապենք։ Եթէ յապաղենք, շուտով կարող է Լեռնային Ղարաբաղում ձեր հետքերն այլեւս չմնան։

Վկայութիւնների հաւաքագրումից յետոյ մենք սկսենք ձեր իրաւունքների վերականգնումը։ Օրինակ, կարող ենք սկսել ձեր գերեզեմաններ կամ սրբավայրեր այցելելու իրաւունքի իրացումից, յետոյ վերականգնել ձեզ պատկանող գոյքի իրաւունքները։

Ամենավատ բանը, որ կարող եք անել՝ լռելն է, որովհետեւ նրանք կօգտուէն ձեր լռութիւնից ու կը սկսէն օգտագործել ձեր տները, կանէն ինչ ուզում են։

Միջազգային արշաւ՝ COP29-ին ընդառաջ

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի համար կայ դատարան, որն արձանագրել է այդ իրաւունքը, եւ հիմա պարզապէս աւելի մեծ քաղաքական ճնշում է պէտք դա իրականացնելու համար։ Մինչդեռ Բաքւում պահուող հայ պատանդների համար այս պահին դատարան չկայ, ուստի մենք պէտք է միջազգային արշաւ սկսենք՝ օգտագործելով հաղորդակցութեան բոլոր միջոցները, որպէսզի այդ կերպ ճնշում գործադրենք եւ հասնենք հայերի ազատ արձակմանը։

Պետութիւններն այնքան էլ հետաքրքրուած չէն այս խնդրով։ Թեկուզ եւ յարգում են ձեզ եւ ընդունում ձեր իրաւունքները, նրանք չէն ցանկանում ձեզ համար շատ պայքարել։ Ուստի մենք ինքներս պէտք է ճանապարհ գտնենք գործելու։

Կարեւոր հանգամանք է այն, որ աշխարհով մէկ սփռուած են բազում հայեր, որոնք ձեզ հետ են։ Վերջերս Բուենոս Այրեսի մի դպրոցում էի, որտեղ կախուած էր Հայաստանի դրօշը, Արգենտինայի դրօշը եւ Արցախի դրօշը։ Աշխարհի բոլոր հայերը ձեզ հետ են։ Դուք մենակ չեք, պարզապէս մենք պէտք է գտնենք ճանապարհ համախմբուելու եւ գործադրելու բաւարար ճնշում՝ ձեր իրաւունքները վերականգնելու համար։

Այժմ մենք ունենք հնարաւորութիւն մեծ աղմուկ բարձրացնելու եւ յաջողութեան հասնելու COP29-ին ընդառաջ։ Բաքւում հաւաքուելու են աշխարհի տարբեր պետութիւնների ներկայացուցիչներ եւ մեր խնդիրն է բոլորին բացատրել, որ Բաքւում պահուող հայերը պատանդներ են եւ ցեղասպանութեան զոհեր։

Այդ մարդիկ պահւում են բանտերում որպէս ուղերձ հայերին՝ չուերադառնաք Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ եթէ վերադառնաք, ձեզ կը սպանենք կամ կբանտարկէնք։ Տխուր է, սակայն սա հէնց նոյնն է, ինչ կատարուել է 1915 թուականին, երբ թուրքերն առաջնահերթ սպանեցին հայկական էլիտային՝ գլխատելու համայնքի առաջնորդութիւնը։

Դուք բազմիցս ենթարկուել եք ջարդերի, սակայն յաղթահարել եք դա։ Այժմ էլ մէզ բարդ ճանապարհ է ստացւում, սակայն դուք չպէտք է յանձնուէք, մի՛ յանձնուէք։

Share