Պարտուողներին չեն դատում

Պարտուողներին չեն դատում

Արամ Հովհաննիսեան

«Յաղթողներին չեն դատում» արտայայտութիւնը Հայաստանում վերաձեւուել է «Պարտուողներին չեն դատում»-ի։ Սա պետութեան կենսափիլիսոփայութեան ամենաառանցքային փոփոխութիւնն է, որ տեղի է ունեցել 2018-ից։ Հայաստանում պարտութեան ֆետիշ է առաջացել։ Մենք ու պարտութիւնը նոյնականացուել ենք։
Եւ երկրում մեծ փոփոխութիւնները պէտք է սկսուէն այս հոգեվիճակի փոփոխութիւնից։ Ցանկացած ոլորտում յաղթանակը էքզիստենցիալ անհրաժեշտութիւն է։ Հայաստանը պէտք է դուրս գայ պարտուողականութեան ճահիճից։

Պարտութեան միջավայր՝ ամէնուր

Ֆուտբոլի ազգային հաւաքականը ջախջախիչ պարտութիւն կրեց Վրաստանից։ Սա նուաստացուցիչ էր, բայց հանրութեան մէջ շոկ չառաջացրեց։
Հաւաքականի ելոյթը եւ մեր հասարակութեան հաւաքական վարքագիծը բաւականին նման են. չկայ պայքար, չկայ պայքարի ձգտում, չկայ դիմադրելու կամք, ասես յաղթելու բնազդը ատրոֆիայի է ենթարկուել։ Պարտուելը՝ նորաձեւ է։
Խորհրդանշական էր, որ Երեւանում եւ Թբիլիսիում կայացած հանդիպումներին ներկայ էր Հայաստանի գրեթէ ամբողջ ռազմական ղեկավարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ։
Երեւանում կրած պարտութիւնից յետոյ Փաշինեանն անձամբ մտաւ Վրաստանի հաւաքականի հանդերձարան ու հերթով շնորհաւորեց Վրաստանի ազգային հաւաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Հազուադէպ է պատահում, որ մի երկրի վարչապետ, որի թիմը նոր է պարտուել, չսահմանափակուի իր պաշտօնակցին շնորհաւորելով, փոխարէնը՝ մտնի հակառակորդ թիմի հանդերձարան եւ սկսի խանդավառութեամբ շնորհաւորել հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին, որոնք ջախջախիչ յաղթանակ են տարել իր նկատմամբ: Նոյնիսկ սպորտային ասպարէզում Փաշինեանն այդ վարքագիծն է դրսեւորում՝ ցոյց տալով, որ ամէն դէպքում յաղթանակը չէ վերջնական նպատակը։

Ստեղծուել է մի իրավիճակ, երբ թւում է՝ մշտական պարտութիւններն անխուսափելի են Հայաստանի համար, եւ ոչ միայն ֆուտբոլում, այլ՝ ամէնուր։ Ըստ էութեան, սա ուղղակիօրէն կապ ունի 44-օրեայ պատերազմում կրած պարտութեան եւ դրան յաջորդած հասարակական-քաղաքական մթնոլորտի հետ։
44-օրեայ պատերազմում պարտութիւն, Ջերմուկում եւ Սիւնիքում՝ տարածքային կորուստներ, 2023-ին՝ Արցախի վերջնական հայաթափում եւ կորուստ, արտաքին քաղաքական արկածախնդրութիւններ եւ դրանց տապալում, տնտեսական աճի դադար եւ տնտեսական լճացման մեկնարկ, եւ այժմ՝ ոչ ֆուտբոլային հաշուով խայտառակ պարտութիւն հարեւան Վրաստանից։

Տապալումներն ունեն պատասխանատուներ եւ հեղինակներ

Ինչո՞ւ Փաշինեանը չի հեռացնում Արմէն Մելիքբեկեանին։ Արմէն Մելիքբեկեանը epress.am-ի հիմնադիրն էր, որը, թերեւս, ամենաթուրքամէտ քաղաքական ռեսուրսներից մէկն էր Հայաստանում։
Նա իր լրագրողական գործունէութեան ընթացքում հանդէս է եկել Արցախի մերժման եւ Ադրբեջանի պահանջների կատարման օգտին, իսկ նրա գործունէութեան «գագաթնակէտը» Արցախի ղեկավարութեանը եւ իրաւական համակարգի ներկայացուցիչներին ուղղուած քննադատութիւնն էր՝ Արցախ ներխուժած դիւերսանտներին դատելու համար, որոնք սպանել էին արցախցի անչափահաս տղային։
Մելիքբեկեանի epress.am-ը դատավարութիւնն անարդար համարեց եւ բացայայտօրէն Արցախը յայտարարեց անօրինական քաղաքական սուբյեկտ։
Տարօրինա՞կ է, որ իշխանութիւնն ատամներով պահում է Մելիքբեկեանին այս պաշտօնում։ Հիմա, երբ Փաշինեանի «զիջել, զիջել մինչեւ վերջ» քաղաքականութիւնը գնալով անընդունելի է դառնում հանրութեան մեծամասնութեան համար, իսկ Փաշինեանն ինքը վերածւում է մի քաղաքական գործչի, որի հետ համագործակցելը կամ որի «ձեռքը սեղմելը» մերժելի երեւոյթ է դառնում, նրան օդ ու ջրի պէս պէտք են Մելքիբեկեանի պէս հաւատարիմ «գաղափարական եղբայրներ»։

2021-ը՝ պարտուողների ինդուլգենցիայ

Հայաստանում ստեղծուել է պարտուողներին չպատժելու նախադէպ։ Եթէ Փաշինեանը կարող է պարտուել պատերազմում, յանձնել Արցախը եւ վերընտրուել, ապա ինչո՞ւ Մելիքբեկեանը չի կարող նոյնն անել։ Եւ այսպէս են մտածում բոլոր պաշտօնեաները։ Սա իհարկէ բերել է ու դեռ կը բերի երկրում խոշոր փլուզումների։

Մեկ այլ վտանգ

Կայ մեծ ռիսկ, որ հականիկոլական դաշտը, քաղաքական ընդդիմախօսութիւնը՝ որպէս սոցիումի մի մաս, նոյնպէս կարող է յայտնուել այս թակարդում։ Նրանք էլ կարող են պրոցեսներում իրենց պարտութիւնը համարել նորմալ, դա համարել ընթացիկ արդիւնք։ Սա արագ կը բերի Հայաստանի լիակատար պարտութեան։

Հետեւաբար՝ հակաիշխանական հանրային պրոցեսները պէտք է լինէն ոչ թէ քաղաքական պայքար, որտեղ կարելի է «նաեւ պարտուել», այլ՝ պարտութեանը յաղթելու առաջնորդութիւն։

Այլընտրանքային նախագծեր խմբի Կայքէջից

Share