Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակութիւն ունեն բազմադարեայ պատմութիւն ունեցող եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած հայ-իրանական ջերմ յարաբերութիւնները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյեանը:
Անդրադառնալով երկկողմ փոխգործակցութեանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգէտիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական եւ բազմաթիւ այլ ոլորտներ՝ Գեւորգ Պապոյեանն ընդգծել է երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալներն աւելացնելուն ուղղուած ջանքերը:
Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը՝ համոզմունք յայտնելով, որ համատեղ քայլերի արդիւնքում առաջիկայում շօշափելի առաջընթաց կարձանագրուի:
Խոսելով ենթակառուցուածքային կարեւոր նշանակութեան թեմաների մասին` Գեւորգ Պապոյեանն ընդգծել է «Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցք» ծրագրի եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժէք գործարկման անհրաժեշտութիւնը:
Նա կարեւորել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատուածի շինարարութեան աշխատանքներում Սիւնիքի մարզում իրանական ընկերութիւնների ներգրաւումը:
Որպէս խորհրդարանական եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Գեւորգ Պապոյեանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի դերը փոխշայաւէտ համագործակցութեան հիմքերի ամրապնդման գործում:
Նրա խօսքով խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները երկկողմ հետաքրքրութիւն ունեցող բազմաթիւ հարցեր քննարկելու հնարաւորութիւն են ընձեռում:
Գեւորգ Պապոյեանը խօսել է նաեւ Իրանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին, որն ակտիւօրէն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կեանքին:
Նա նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնայատուկ գործընկեր, որը հաւասարակշռուած քաղաքականութեամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատմանն ու ամրապնդմանը:
«Հայաստանն այսօր գտնւում է պատմութեան զգայուն ոլորաններում»,- ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան եւ խօսքերի համար:
Նա ընդգծել է տնտեսական համագործակցութեան առաջնահերթութիւնը՝ նշելով, որ քաղաքական յարաբերութիւնները պէտք է հարթէն տնտեսական յարաբերութիւնների ճանապարհը:
Դեսպանը կարեւորել է ենթակառուցուածքների ճիշտ գործարկումը:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին:
Գեւորգ Պապոյեանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցութեան ուղիների լիարժէք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականութիւնն ու մօտեցումները հիմնականում համահունչ են:
Այս առումով նա կարեւորել է ԻԻՀ յստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականութեան, սահմանների անքակտելիութեան, ինքնիշխանութեան հարցում:
«Համոզուած եմ, որ համատեղ ջանքերի արդիւնքում ի զօրու կը լինենք մօտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցութիւնը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցութեան եւ տարածաշրջանային կայունութեան ամրապնդման»,- նշել է Գեւորգ Պապոյեանը:
«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկէտ ռազմավարական յարաբերութիւններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:
Հանդիպումը տեղի է ունեցել յունուարի 11-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորներ Բաբկէն Թունեանը, Ռուստամ Բաքոյեանը, Կարէն Համբարձումեանը, Մարիամ Պողոսեանը, Նարեկ Բաբայանը եւ Դաւիթ Դանիելեանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամներ Գեղամ Նազարեանը, Քրիստինայ Վարդանեանը եւ Իրինայ Գասպարեանը:
Բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են Իրանի հետ յարաբերութիւնների զարգացման եւ խորացման անհրաժեշտութիւնը:
Քննարկուել են երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը, գիւղատնտեսութեան, էներգետիկայի, կրթութեան եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող հարցեր: