Լիլիթ Գալստեանը անդրադարձել է Ալէն Սիմոնեանի՝ Կանադայ  չկայացած այցին

Լիլիթ Գալստեանը անդրադարձել է Ալէն Սիմոնեանի՝ Կանադայ չկայացած այցին

Դժուարանում եմ հաւատալ, որ քաղաքական դիսոնանսի մէջ չէին յայտնուի Կանադայում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը անդրադարձել է Ալէն Սիմոնեանի՝ Կանադայ  չկայացած այցին. 

Գալստեան Լիլիթ


«Այսօր պարզ դարձաւ, որ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի ղեկավարած պատուիրակութեան պաշտօնական այցը Կանադայ, որը տեղի պիտի ունենար առաջիկայ օրերին, անորոշ ժամանակով յետաձգւում է։

Յիշեցնեմ, որ ԱԺ պատուիրակութիւնը ձեւաւորուել էր Ալէն Սիմոնեանի քաղաքական նախապատուութիւնների եւ ճաշակի շրջանակներում, որի կազմում ընդդիմադիր որեւէ պատգամաւոր ընդգրկուած չէր։

Միգուցէ մենք, որ ապրում ենք կայուն եւ անգամ՝ հարաճուն աւտօրիտար ռեժիմում, ուր զարմանալու ռեսուրս էլ չի մնացել, այս փաստն էլ արձանագրուեց ու անցաւ, բայց ժողովրդավարական յորջորջուող եւ այդպիսին լինել յաւակնող, ժողովրդավարական երկրների ընտանիքին անդամակցող երկրների համար  սա չլսուած, խայտառակ փաստ է՝ այն էլ ընդդիմադիր երկու խմբակցութիւնների գոյութեան պայմաններում։

Բնականաբար, սա չէր կարող վրիպել կանադական կողմի աչքից։

Յետաքրքիր զուգադիպութեամբ՝ ճիշտ երէկ հրապարակուեց Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի յատուկ յայտարարութիւնը, որն աւելի քան հակոտնեայ է Արցախի առնչութեամբ ՀՀ պետական քարոզչութեանը, ի մասնաւորի՝ Ալէն Սիմոնեանի բազմիցս հանրայնացրած համոզումներին։

Նախարարի յայտարարութեան մէջ նախ հաստատում կայ՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցուած տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութեան մասին, Լաչինի միջանցքի իննամսեայ շրջափակման մասին, Ադրբեջանի կողմից Արդարադատութեան միջազգային դատարանի ժամանակաւոր միջոցի կիրառման որոշման ոտնայարման մասին։ Կանադան իր համերաշխութիւնն է յայտնել ճգնաժամից տուժած հայերին, աւելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնութիւն յատկացրել հրատապ կարիքները լուծելու համար։

Յայտարարութեամբ մէկ անգամ եւս կոչ է արւում անուէրապահօրէն ազատել 2020 թ․ Ղարաբաղեան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Եւ ամենակարեւորը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մասնաւորապէս յայտարարել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին, ինչը պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Իհարկէ, պաշտօնական Երեւանը մեկնաբանում է, թէ այցը յետաձգելը  կանադական քաղաքական ճգնաժամով է պայմանաւորուած, բայց դժուարանում եմ հաւատալ, թէ Ադրբեջանի հետ համահունչ ներդաշնակութեամբ Արցախի հարցը փակուած համարող, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութեան մասին լռող, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառութունը չնկատող, միջազգային դատարաններից մեր հայցերը հետ առնելու պատրաստակամութիւն ունեցող, արցախահայութեանը հայրենիքում «հոյր» համարող, հայրենիքը, ազգայինն ու պետականը կեղծ հակադրութիւնների դաշտ տարած քաղաքական ուժը եւ առհասարակ՝ Արցախի ուրացում որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսոնանսի մէջ չէին յայտնուի Կանադայում։

Ի դէպ, չեմ բացառում նաեւ հակառակորդից ստացուած արձագանքը․․․

Իսկ Արցախի հարցը փակուած չէ, պարզապէս ազգային-պետական մտածողութիւն ունեցող առաջնորդութեամբ, ազգային նպատակների շուրջ համազգային միասնականութեամբ ու պառակտուած ու անղեկ երկիրը ոտքի հանելով՝  կարող ենք իրավիճակը բեկել։

Նախ վերականգնել Հայաստանը, գտնել ինքներս մէզ․․․

Եւ Կանադայի յայտարարութիւնը հէնց այս մասին է․․․»։

Share