Շուշիի ազատագրումը. «Հարսանիք լեռներում» ռազմագործողութիւնը

Շուշիի ազատագրումը. «Հարսանիք լեռներում» ռազմագործողութիւնը

20-րդ դարավերջի արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում հայոց hայրենական պատերազմի պատմութեան մէջ հայ ռազմարուեստի ամենափայլուն եւ ամենախոշոր նուաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։ Պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձութիւնների հոլովոյթում երեւի թէ ի վերուստ կանխորոշուած զուգադիպութիւն էր, որ իրագործուելով 1992 թ. մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրումը` որպէս անգնահատելի եւ աներկբայ արժէք, փաստօրէն, ժամանակագրօրէն եւս մէկ նշանակալի յաղթանակով համալրեց հայոց պատմական արժեհամակարգի համար խորհրդանշական մայիս ամիսը։ Համազգային համախմբուածութեամբ ու հերոսականութեամբ իրականացուած այդ ռազմագործողութիւնը, արժէ անուէրապահօրէն գնահատել ոչ այլ կերպ եւ դասակարգել ոչ այլ տեղ, քան նոյն օրացուցային ամսում տեղի ունեցած՝ 451 թ. Վարդանանց Աւարայրի, շուրջ մէկուկէս հազարամեակ անց՝ 1918 թ. վերակերտուած Հայաստանի առաջին հանրապետութեան երկունքի օրերին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտէրում, նաեւ հայ ժողովրդի համար մեծագոյն զոհողութիւններով արժեւորուած Երկրորդ աշխարհամարտում 1945 թ. նուաճուած պատմական յաղթանակների շարքում։

Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպէս ռազմավարական նշանակութեան խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում յարատեւելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։ Արցախի ինքնապաշտպանութեան ուժերը նախքան այդ մի շարք յաղթանակներ էին արձանագրել ադրբեջանական գերակշիռ ու սպառազէն զօրքերի դէմ՝ Քարին տակում, Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ղայբալուիւմ, Ջանհասանում, Քոսալարում, Մալիբեյլւում, Խոջալւում եւ այլ բնակավայրերում։

Ինչ խօսք, ռազմական առումով որքան էլ էական էին այդ յաջողութիւնները, այնուամենայնիւ, դրանք հիմնականում մարտավարական խնդիրների էին հետամուտ։ Միեւնոյն ժամանակ, չնուազեցնելով տեղային բնոյթի այդ յաջողութիւնների կարեւորութիւնը, ընդհանրական առումով դրանք կարելի է գնահատել նախ որպէս ԼՂ ինքնապաշտպանութեան ուժերի համար անհրաժեշտ մարտական փորձառութիւն եւ ապա՝ որոշակի նախապատրաստական շրջափուլ յետագայ խոշոր ռազմագործողութիւնների համար, ինչպիսիք են Շուշիի, Քաշաթաղի (Լաչինի), Ակնայի (Աղդամի), Քարովաճառի (Քելբաջարի)` պատմականօրէն Արցախին պատկանած, բայց անցեալ դարի 20-ական թուականներին նրանից կամայականօրէն տարանջատուած եւ Ադրբեջանի առանձին վարչական միաւորների վերածուած հարակից այլ շրջանների ազատագրման համար մղուած ճակատամարտէրը։ Ընդ որում՝ շրջանների, որոնցում տեղակայուած էին ադրբեջանական զինուժի յենակէտէրը, եւ որոնցից շարունակաբար հրետակոծւում, աւերածութիւնների էին ենթարկւում հայկական բնակավայրերը։ Յատկանշական է, որ ադրբեջանական զինուժի վերահսկողութեան ներքոյ գտնուող Շուշին վերածուել էր Ստեփանակերտը հրետակոծող թիւ մէկ կրակակէտի։ Այդտեղից Արցախեան պատերազմի սկզբից ի վեր հրթիռակոծութիւնների էին ենթարկւում թէ՛ Ստեփանակերտ քաղաքը եւ թէ՛ հարակից բնակավայրերը: Կաթուածահար վիճակում էր գտնւում հաղորդակցութիւնը: Ինչպէս վկայում են վիճակագրական տուեալները, միայն 1991 թ. նոյեմբերից մինչ 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիի, Ջանհասանի, Քեօսալարի, Ղայբալուի ադրբեջանական յենակէտէրից Ստեփանակերտի վրայ արձակուել է շուրջ 4740 արկ, որից մօտ 3 հազարը՝ հեռահար հրթիռային «Գրադ» կայանքներից։ Այդ արկակոծութիւնների հետեւանքով զոհուել են 111 եւ վիրաւորուել 332 խաղաղ բնակիչներ, աւերուել 370 բնակելի տներ եւ շինութիւններ։ Ստեփանակերտը, փաստօրէն, գրեթէ 70 տոկոսով ոչնչացուած էր։ «Ստեփանակերտն արդէն չկար,- յետագայում նշել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսեանը՝ լեգենդար Կոմանդոսը, որի գլխաւորութեամբ էլ հէնց մշակուել եւ իրագործուել է Շուշիի ազատագրման օպերատիւ պլանը։- «Գրադը» ռմբակոծում էր իւրաքանչիւր քառակուսի մետրը: Քաղաքը մեռնում էր…»:

Յայտնի է, որ Շուշիի ազատագրման ռազմագործողութեան մշակմանն Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարութիւնը ձեռնամուխ էր եղել դեռեւս Խոջալուի ազատագրումից անմիջապէս յետոյ՝ մարտ-ապրիլ ամիսներին՝ հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տուեալները ճշգրտելուց յետոյ:

Գործողութիւնն ստացաւ «Հարսանիք լեռներում» անուանումը, որի մտայղացումը, ասում են, պատկանում էր այն ժամանակ Հայաստանի պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանին։ Պատմում են, որ երբ գործողութիւնը ղեկավարող հրամանատարները ներկայացրին քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ թուաց։ Յենց այն ժամանակ էլ Վազգէն Սարգսեանը յայտարարեց, որ եթէ նախագիծը յաջողուի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից յետոյ ինքն անպայման կամուսնանայ։

Զորակայանը տեղակայուած էր Շոշ գիւղի հարեւանութեամբ։ Այդտեղ էին Արկադի Տեր-Թադեւոսեանը, Գուրգէն Դալիբալթայանը, Սերժ Սարգսեանը, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողեանը եւ ուրիշներ։ Հրամանատարական կէտէրում էին կապը, բուժօգնութիւնը, հրետանային նախապատրաստութիւնը, ինժեներական ծառայութիւնը: Յենց այդտեղ էլ Շուշիի ազատագրման պլանն օրհնեց եւ ԼՂ ինքնապաշտպանութեան ուժերի շտաբի անդամներին յաջողութիւն մաղթեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս(ներկայումս արքեպիսկոպոս) Մարտիրոսեանը։

Նոյն այդ վայրից էլ սկսւում էր գրոհի արեւելեան ուղղութիւնը, որ ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետեանը: Հիւսիսային` Ստեփանակերտ-Շուշի ուղղութեան հրամանատարը Վալերի Չիթչեանն էր, հիւսիսարեւմտեան ուղղութեանը՝ (Ջանհասան-Քեօսալար)` Սեյրան Օհանեանը: Յուրի Հովհաննիսեանը ղեկավարում էր «26-ի» յենակէտի (գտնւում էր Ստեփանակերտի մերձակայ Կրկժան գիւղի մօտակայքում) պահեստազօրի ռազմական գործողութիւնը: Հարաւային կամ Լաչինի ուղղութեան հրամանատարը Սամուել Բաբայանն էր: Ռազմաճակատի ընդհանուր գիծը կազմում էր մօտ 40 կիլօմետր։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրուել է մայիսի 4-ին, եւ նախատեսւում էր քաղաքի վրայ գրոհել մայիսի 5-ին։ Սակայն այդ օրն առատ ձիւն էր տեղացել։ Եղանակային պայմանները հրամանատարութեանը ստիպեցին գործողութիւնը մայիսի 8 տեղափոխել։ Անսպասելի տեղացած առատ ձիւնն իր հերթին, բայց կային նաեւ այլ էական խոչընդոտներ գրոհը յետաձգելու համար։ Սամուել Բաբայանի խօսքով՝ դեռեւս կային նախապէս լուծման կարօտ խնդիրներ, մասնաւորապէս` զէնքի ու զինամթերքի պակաս: «Միայն Շուշիով հարց չէր լուծւում, պէտք էր պահել նաեւ Աղդամի եւ Մարտակերտի ուղղութիւնները: Այդ իսկ պատճառով որոշեցինք գործողութիւնն սկսել միայն այն բանից յետոյ, երբ կլրացուի զէնքի ու զինամթերքի պակասը»: Բացի այդ, ըստ նրա, պէտք էր կատարել նաեւ հետախուզական մի շարք լրացուցիչ ճշտումներ:
«Անհրաժեշտ էր Քիրսի բարձունքներում դիրքաւորուել, ու թէեւ այդ տարի ձիւնն առատ էր, եւ առկայ էին առաջխաղացման դժուարութիւններ, մէզ յաջողուեց դիրքաւորուել եւ օղակի մէջ վերցնել քաղաքը»: Արկադի Տեր-Թադեւոսեանի ընդգծմամբ. «Թշնամին ունէր 2500 մարդ, ուժեղ էր պատրաստուած: Մենք ունէինք 3500 մարդ: Ինձ, ճիշտն ասած, Հայաստանից ասացին, գրեցին (ունեմ այդ գրութիւնը), որ մենք պատրաստ չենք, պէտք է ունենալ երեք անգամ աւելի. թշնամին 2500 ունէր, մենք պիտի ունենայինք 7500: Ես համաձայնեցի: Դա ճշմարտութիւն էր, բայց դրա տակ կար մի բան: Ես հասկացայ` չէին ուզում գրաւել Շուշին, որովհետեւ Ղարաբաղում ղեկավարում էր Դաշնակցութիւնը»։

Այն ժամանակ ՀՀ ԳԽ քարտուղար Արայ Սահակեանի վկայութեամբ. «Խորհրդային կրթութիւն ստացած հայ զինուորականութիւնը ներկայացրեց, թէ անհրաժեշտ է այսքան զինուոր, արկ, տեխնիկայ, այսքան կորուստ ենք ունենալու եւ այլն: Ըստ այդ թուաբանութեան` մենք չէինք կարող այդ ժամանակ ունեցած մեր ուժերով խնդիրը լուծել: Հետեւաբար խնդիրը դրուեց ոչ թէ ակադեմիական զինուորականութեան, այլ ջոկատների, Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերի եւ Վազգէն Սարգսեանի ու նրան ենթարկուող ջոկատների մակարդակում: Ու նրանք խնդիրն իրականացրին չափազանց նուազ կորուստներով»:

Արցախեան կողմը, իրօք, ոչ միայն կենդանի ուժի, այլեւ զէնքի ու զինամթերքի զգալի պակաս էր զգում նման ռիսկային քայլի դիմելու համար։ Վերստին անդրադառնանք Կոմանդոսի վկայութեանը. «Փաստօրէն, 200 հոգի պահեստայիններ սպասում էին իրենց մահացած ընկերների զէնքին, որ մարտի դաշտ գնան»։ Նրա արտայայտութեամբ. «Շուշիի գրաւումն արցախցիների կենաց-մահու խնդիրն էր: Այսինքն` իմ ենթակաները, իմ հրամանատարները «ստիպեցին» նման որոշում կայացնել: Ես ենթարկւում էի Սերժ Սարգսեանի Պաշտպանութեան կոմիտեին: Ես նրան հարցրի` գրաւո՞ւմ ենք, նա ասաց` գրաւում ենք»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի յարաբերակցութեանը, ապա այդ երկրի պաշտպանութեան նախկին նախարար Ռահիմ Ղազիեւի հաւաստմամբ, որ նա յայտարարել է իր դատաւարութեան ընթացքում. «1992 թ. մայիսին Շուշիում եւ շրջակայքում տեղակայուած էին 2500-3000 զինուոր, Տ-72 տեսակի 3 տանկ, Տ-55 տեսակի մէկ տանկ, 12 հրասայլ, 3 «ԲՄ-21» տիպի համազարկային «Գրադ» համակարգ` 6000 արկով, 3 թնդանօթ, 4 միաւոր «Ալազան» համակարգ, 30 միաւոր «Իգլայ» եւ «Ստրելայ-2» զենիթայ-հրթիռային համալիր, 20 միաւոր 82 մմ-անոց ականանետ, 50 միաւոր ձեռքի ականանետ, աւելի քան 5 միլիոն միաւոր ռազմամթերք»: Ինչպէս յայտնի է, Բաքուն յետագայում շրջանառութեան մէջ էր դրել վարկած, համաձայն որի` իբր թէ հայկական ուժերը Շուշին ոչ թէ գրաւել, այլ առանց կռիւների ստացել են ադրբեջանական ռազմական հրամանատարութեան եւ քաղաքական իշխանութեան դաւաճանութեան պատճառով: Յենց այս վարկածի շրջանակներում էր ընթանում Ռահիմ Ղազիեւի դատավարութիւնը:

Ի դէպ, յատկանշական է, որ Բաքւում գրեթէ համանման վարկած էր շրջանառւում նաեւ Քարին տակի ճակատամարտում ադրբեջանական զօրքերի կրած խայտառակ պարտութեան կապակցութեամբ։ Ինչպէս պարզւում է Բաքուի հեռուստատեսութեան հաղորդումներից մէկում Ադրբեջանի նախկին պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Թաջադդին Մեհթիեւի յայտարարութիւնից, ով մշակել եւ Շուշիից բարձրադիր դիրքերից 1992 թ. յունուարի 26-27-ին անձամբ գլխաւորում էր քաղաքի քերծի ստորոտում գրեթէ անպաշտպան ծուարած Քարին տակ գիւղի գրաւման ու ոչնչացման գործողութիւնը, ադրբեջանական զինուժի ձախողման գլխաւոր պատճառը ոչ այլ ոք էր, քան շուշեցի որոշ հրամանատարների` ազգութեամբ հայ կանայք։ Նրա խօսքով՝ այդ կանայք, իրենց ամուսիններից երեկոյեան տեղեկացած լինելով խիստ գաղտնի ծրագրուած, ընդամէնը երկու-երեք անձի յայտնի յանկարծակի գրոհի ժամկէտի եւ ուղղութիւնների մասին, հազիւ մի քանի ժամ առաջ՝ գիշերուայ մութին, լուրը նախապէս հասցրել են իրենց ազգակիցներին, եւ Քարին տակի նախազգուշացուած հայ գրոհայիններին յաջողուել է այդ ժամանակամիջոցում հիմնովին նախապատրաստուել դիմագրաւմանը՝ ամրապնդելով գիւղի ելումուտն ու յարձակման հնարաւոր թիրախները։ Յիշեցման կարգով նշեմ, որ Քարին տակի ճակատամարտում ադրբեջանական զինուժը բաղկացած էր աւելի քան 200 զինուորից, իսկ հայկական կողմն ունէր ընդամէնը 60 աշխարհազօրային. բոլորն էլ` հիմնականում Քարին տակի բնակիչներ եւ մերձակայ գիւղերից նրանց օգնութեան հասած կամաւորականներ։ Երկու օր տեւած մարտէրն աւարտուել են ադրբեջանական սպառազէն զօրքի աղէտալի պարտութեամբ։ Ադրբեջանական կողմն այդ մարտէրում տուել է 136 սպանուած զինուոր՝ գրեթէ մի ամբողջ գումարտակ, իսկ միւս զինուորները՝ աւելի քան 60 հոգի, խուճապահար փախուստի են դիմել։ Հայկական կողմի կենդանի ուժի կորուստները կազմել են 10 աշխարհազօրային զինուորներ եւ գիւղի 12 խաղաղ բնակիչներ։ Այդ մարտէրից յետոյ Քարին տակը, բնականաբար, մնացել է ԼՂՀ վերահսկողութեան տակ։

Անշուշտ, զաւեշտալի են հնչում ադրբեջանական կողմի նման անհիմն պնդումները։ Բայց ինչ որ է։ Համարէնք դա Բաքուի խնդիրը։
Եւ այսպէս, մայիսի 7-ի ուշ երեկոյեան մեկնարկեց «Հարսանիք լեռներում» ռազմագործողութիւնը։ Նախքան այդ հակառակորդին շփոթեցնելու եւ հարուածի հիմնական ուղղութիւնից նրա ուշադրութիւնը շեղելու նպատակով մանեւրեր էին ձեռնարկւում, հաշուարկներ արւում բոլոր ուղղութիւններով ու յարձակումներ կատարւում։ Բացի այդ, ինչպէս իր հարցազրոյցներից մէկում պատմել է Արկադի Տեր-Թադեւոսեանը, շրջափակման մէջ առնելով Շուշին, կարեւորւում էր քաղաքում մնացածների շրջանում խուճապ առաջացնելու խնդիրը, որպէսզի ադրբեջանցիները հեռանան առանց մարտէր մղելու: Այդ նպատակով նախապէս ոչնչացուել էին Շուշիի եւ Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական յենակէտէրը, եւ բերդաքաղաքը յայտնուել էր լիակատար շրջափակման մէջ. «Մինչեւ Շուշին եղել են Կրկժանը, Մալիբեյլուն, Խոջալուն: Այսինքն` կար յաջորդականութիւն, թէ որ բնակավայրն ենք ազատագրում»:

Եւ վերջապէս, հայկական ջոկատները գիշերուայ մթութեան մէջ սկսեցին շարժուել դէպի Շուշի: Հաշուի առնելով, որ խորհրդային բանակից ժառանգուած աւանդոյթով թէ՛ հայ աշխարհազօրայինների եւ թէ՛ ադրբեջանցի զինուորների զինուորական համազգեստները նոյն գոյնի էին, ուստի հակառակորդի զինուժից անգամ գիշերուայ խաւարում տարբերակելու համար, ինչպէս վկայում են այդ օրերին կատարուած նկարահանումները, վիրակապով կամ այլ կերպ սպիտակ գոյնի խաչաձեւ գիծ էր քաշուած հայ զինուորների մէջքին՝ որպէս պարզ ու յստակ տեսանելի երկրաչափական պատկեր։ Մայիսի լոյս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, ԼՂ ինքնապաշտպանութեան ուժերի շուրջ 1200 մարտիկներից կազմուած գրոհային 4 խմբեր ձեռնամուխ եղան կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի եւ Ստեփանակերտի շրջակայ յենակէտէրում։ Մարտական գործողութիւնները ծաւալւում էին «26»-ի, Լաչինի եւ Ջանհասան-Քեօսալարի ուղղութիւններով։ Մարտը, որ սկսուել էր մայիսի 7-ի լոյս 8-ի գիշերը, աւարտուեց գրեթէ մէկ օր անց։ Մայիսի 9-ի առաւօտեան ժամը 4-ին Արկադի Տեր-Թադեւոսեանին զեկուցեցին, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերի ձեռքերում է։

Փաստօրէն, ռազմական գործողութեան ելքը կանխորոշուել էր արդէն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի եւ միւս ուղղութիւնների ստորաբաժանումները նպաստաւոր բնագծեր էին գրաւել Շուշիի մատոյցներում: Մայիսի 8-ի երեկոյեան տրուած դադարը հակառակորդին հնարաւորութիւն էր ընձեռել յատուկ յատկացուած միջանցքով՝ դէպի Լաչին տանող ճանապարհով, հեռանալու բերդաքաղաքից: Յենց այդ օրն էլ, աւելի ստոյգ` մայիսի 7-ի լոյս 8-ի գիշերը, Շուշիից հեռացել է հակառակորդի ռազմական տեխնիկան։ Նոյն օրը` առաւօտեան, ադրբեջանական հրամանատարութիւնը երկու տանկ եւ երկու զրահամեքենայ է ուղարկում Զարիսլուի ուղղութեամբ, որոնք, սակայն, ոչնչացւում են, անձնակազմը` սպանւում, ինչը Շուշիից խուճապային փախուստի նոր ալիք է առաջ բերում:

Շուշիի ազատագրման մարտէրում հայկական կողմը, ըստ տարբեր աղբիւրների, ունեցել է 57-58 զոհ, թշնամին՝ 250-300 սպանուած, 600-700 վիրաւոր, 13 գերի: Փաստօրէն, ինչպէս վկայում են գրոհի մասնակիցները, ադրբեջանցիները քաղաքից հեռացել էին մայիսի 8-ի կէսօրից յետոյ, իսկ մայիսի 9-ի առաւօտեան այնտեղ որեւէ ադրբեջանցի չկար: Քաղաքում չի եղել դիմադրութիւն, չէն եղել մարտէր: Հայկական ուժերը Շուշիում ադրբեջանցի զինուոր չէն տեսել: Շուշիում գերի են ընկել միայն նրանք, ովքեր թաքնուել էին նկուղներում:

Թէ ադրբեջանական զինուժի ողջ մնացած մնացորդներն ինչ վիճակում են լքել քաղաքը, ադրբեջանցի լրագրողին 2000 թ. յուլիսին տուած հարցազրոյցում միանգամայն յստակ նկարագրել է չեչէն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը, ով, ինչպէս յայտնի է, 90-ականներին Ղարաբաղ էր եկել սրբազան պատերազմի` ջիհադի: Նրա խօսքով՝ իր մոջահեդները վերջինն են հեռացել Շուշիից: Բասաեւի հաւաստմամբ՝ Շուշին շրջափակման մէջ ընկաւ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում կարգուկանոն եւ ղեկավարութիւն չկար: «Այնտեղ մնացել էին 4 մոջահեդ եւ 11 ադրբեջանցի:

Գրեթէ բոլորը լքել էին քաղաքը, բայց 15 հոգով մէկուկէս օր պաշտպանում էին, իսկ 2800 հոգանոց կայազօրն ամէն ինչ թողեց ու փախաւ: Եթէ մէկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետեւ շատերը թողնում էին նաեւ ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Իմ մոջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են: Շուշին պարզապէս լքուեց: Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, եւ դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազօրով եւ այդքան զէնքով, յատկապէս նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարիւր հոգի կարող էին հեշտութեամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որեւէ կազմակերպուածութիւն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի եւ ասել` դու դաւաճանեցիր, դու յանձնեցիր, դու ծախեցիր: Դրանք սոսկ խօսակցութիւններ են: Չկար որեւէ ղեկավարում, որեւէ մէկը որեւէ բանի համար պատասխանատու չէր»։

Մայիսի 9-ի կէսօրին մօտ յարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպէս նաեւ Շուշին ու Ստեփանակերտը: Աւելի ուշ պարզուել է, որ այդ օդային յարձակման նպատակը Շուշիում թողնուած զինապահեստները, առաջին հերթին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը պայթեցնելն էր, որը, ինչպէս պարզուեց, Բաքուն վերածել էր հսկայ զինապահեստի՝ վստահ, որ հայկական կողմը երբեք հեռահար կրակ չի բացի եկեղեցու ուղղութեամբ։ Ռմբահարելով Շուշին` այսպիսով իսկ ադրբեջանցիները յուսով էին կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց, բնականաբար, չյաջողուեց: Երեկոյեան հիմնականում աւարտուել էր Շուշիի «մաքրման» գործողութիւնը:

Մշակման եւ իրականացման առումով գրեթէ անթերի, հայ ռազմարուեստի մէջ եզակի այդ ռազմական գործողութիւնն արմատական բեկում առաջացրեց Արցախեան ազատամարտում: Այն, հիրաւի, մի քանի կարեւոր նշանակութիւն ունէր։ Նախ` պատմական անհրաժեշտութիւն էր՝ կոչուած վերականգնելու հայրենի բնաշխարհում հայ ժողովրդի ապրելու անկապտելի իրաւունքը։ Դրանով նաեւ ամրապնդուեց հայոց յաղթական ոգին, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան անկախութիւնը դարձաւ իրական:

Ապա՝ Շուշիի ազատագրմամբ էլ աւելի կարեւորուեց ազգային-ազատագրական պայքարում իրենց պատմական դերը փառքով կատարած տարանջատ կամաւորական ջոկատների հիման վրայ ժամանակակից կանոնաւոր բանակի ստեղծման անհրաժեշտութիւնը։ Խնդրի իրատեսական գիտակցմամբ հէնց 1992թ. մայիսից էլ թափ առաւ Արցախում՝ հայկական երկրորդ հանրապետութիւնում եւս մէկ միասնական հրամանատարութեան ներքոյ աշխարհազօրային ուժերի միաւորման տեւական գործընթացը՝ հիմք դնելով Պաշտպանութեան բանակի կազմաւորմանը։

Շուշիի ազատագրումը նաեւ տնտեսական նշանակութիւն ունէր: Ցամաքային եւ օդային հաղորդակցութեան ուղիների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի եւ Շուշիից անընդհատ արկակոծութիւնների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպէս նաեւ ողջ հանրապետութիւնում տնտեսութիւնը կաթուածահար էր եղել: Իսկ Շուշիի ազատագրմամբ մեծապէս պայմանաւորուած ու նրան յաջորդած Լաչինի ազատագրումը հնարաւորութիւն տուեցին ուղիղ ցամաքային կապ հաստատելու Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ, որն իրաւամբ կոչուեց «Կեանքի ճանապարհ»։

Շուշիի ազատագրումն առաւել քան կարեւորւում է այն անգնահատելի համազգային համախմբմամբ, որ աշխարհասփիւռ հայ ժողովուրդն իր պետական, քաղաքական, եկեղեցական, բարեգործական եւ ազգաշէն այլ կառոյցներով հանդերձ դրսեւորեց անցած դարավերջին՝ աներկբայ զինուորագրուելով Արցախեան շարժմանն ու արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարին, Արցախում ծաւալուած եւ ազգապահպան յաղթանակներ նուաճած հայոց հայրենական պատերազմին։

Հայութեան հաւաքական ներուժի ընդհանուր ներդրման մասին խօսելով հանդերձ, այնուամենայնիւ, որպէս քաղաքական-կուսակցական ուժի, արժէ առանձնացնել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներդրումը: Ազգային ազատագրական պայքարի առաջին շրջանից յայտնուելով Արցախում Դաշնակցութիւնը մեծ դերակատարութիւն ունեցաւ պայքարի կազմակերպման եւ այդ պայքարի ու նրա յաղթանակի հարցում ժողովրդի ոգին ու հաւատը ամրապնդելու գործում: Այդ դերակատարութիւնը արժանաւորապէս դրսեւորուեց մասնաւորապէս եւ Շուշիի ազատագրման գործում, որի առաւել աչքի ընկնող հերոսներից մէկն էր ՀՅԴ անդամ, լեգենդար Աշոտ Ղուլեանը՝ բեկոր Աշոտը:

Մայիսը իրաւամբ դարձաւ հայոց եռատօնի՝ Երկրորդ աշխարհամարտում յաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանութեան բանակի կազմաւորման, 1918 թուականի մայիսի 28-ին հայոց պետականութեան վերականգնման եռամիասնական տօնի ամիս` իհարկէ այս շարքում նոյնչափ կարեւորելով 451 թուականի մայիսի 26-ին տեղի ունեցած եւ մեր ազգային յիշողութեան վրայ իր ազդեցութիւնը դրոշմած Աւարայրի հերոսական ճակատամարտը:

Փառք ու պատիւ հայոց ազատարար զօրականներին, յաւէրժ յիշատակ կենաց ու մահու կռիւներում հանուն հող հայրենիի ազատութեան կեանքը նուիրաբերած հերոս նահատակներին։

Միքայել Հաջեան
Քաղաքական մեկնաբան, Արցախի վաստակաւոր լրագրող

Արցախ 2020 մայիս

www.diarioarmenia.org

Share