ԱՄՆ-ում Փաշինեանը դարձեալ խօսել է միջազգային դատարաններում Ադրբեջանի դէմ ՀՀ ներկայացրած հայցերը ետ կանչելու Ադրբեջանի պահանջին համաձայն լինելու վերաբերեալ։
Ի՞նչ է նշանակում գործնականում այդ հայցերից հրաժարումը։
Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։
Առաջինը վերաբերւում է 44-օրեայ պատերազմին եւ դրանից անմիջապէս յետոյ արձանագրուած մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումներին, որտեղ նշւում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի եւ ՀՀ-ի բնակչութեան կեանքի, խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիութեան, սեփականութեան, անձնական եւ ընտանեկան կեանքի, կրթութեան եւ մի շարք այլ իրաւունքները:
Հրաժարուել այս գանգատից, նշանակում է հրաժարուել Ադրբեջանական գործողութիւնների դատապարտումից եւ անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգութիւնները։
Երկրորդ գանգատը վերաբերւում է Ադրբեջանում գերեւարուած հայերի նկատմամբ ապօրինի դատավարութիւններին ու բանտարկութեանը։
Հրաժարուել այս գանգատից, նշանակում է հիմնաւորել Արցախի գոյութիւնը յանցագործութիւն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ աւելին՝ Արցախի գերեւարուած ռազմաքաղաքական ղեկավարութեանն էլ ճանաչել յանցակիցներ։
Երրորդ գանգատը վերաբերւում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուած ուժերի ապօրինի ներկայութեանը եւ դրա հետեւանքով մարդու իրաւունքների խախտումներին։
Հրաժարուել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայութիւնը Հայաստանի սւուերէն տարածքում։
Նշէնք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլօմետր տարածք գտնւում է ադրբեջանական զինուժի վերահսկողութեան ներքոյ։
Բացի սա, Հայաստանն ունի նաեւ 1990-ականներից Ադրբեջանի հսկողութեան ներքոյ գտնուող տարածքներ։
Չորրորդ գանգատը վերաբերւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում 2022 թուականի մարտից յետոյ ծաւալուած իրադարձութիւններին, որը ներառում է Փառուխ եւ Քարագլուխ գիւղերի մօտ տեղի ունեցած մարտէրը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թուականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանութեան փուլը:
Հրաժարուել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականութիւնն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։
Նշէնք, որ մէկ գանգատ էլ ընդդէմ Ադրբեջանի քննւում է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում, որը ներկայացուել է ռասսայական խտրականութեան բացառման կոնուենցիայի հիմքով։
Այս գանգատը վերաբերում է նաեւ արցախցիների գոյքային պահանջներին։
Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկուած արցախցիների մեծամասնութիւնը որպէս գոյքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարութիւնն իրենց անունից կը ներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարուելու դէպքում արցախահայերի գոյքային իրաւունքները կը մնան չպաշտպանուած։
Նշէնք, որ 2020 թուականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկէտներն անցել են, եւ եթէ Հայաստանը հրաժարուի այս գանգատից, ապա անհատները զրկուած են լինելու դատարան դիմելու հնարաւորութիւնից։
Այսպիսով, հրաժարուելով Ադրբեջանի դէմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանութիւնները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան դէմ իրագործած յանցագործութիւնները եւ սրբագրել պատերազմական յանցագործութիւններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր