Մոսկուան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը. Այս մասին Սկոպյեում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյեանի հետ հանդիպմանը յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպէս նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցութիւնը։
Արարատ Միրզոյեանը ռուսական կողմին եւս մէկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականութեան եւ իրականացրած քայլերի վերաբերեալ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։
«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամութիւնը՝ ակտիւօրէն նպաստելու հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը՝ հիմնուելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թուականների եռակողմ համաձայնագրերի վրայ, ներառեալ Երեւանի եւ Բաքուի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքումը», ասուած է յայտարարութեան մէջ։
Նշւում է, որ հաստատուել է տարբեր մակարդակներով յետագայ շփումների պահանջը։