Վերջին լուրեր Լիբանանի ընտրութիւններից

Վերջին լուրեր Լիբանանի ընտրութիւններից

Այսօր, կիրակի Մայիսի 15-ին, Լիբանանում սկսուել են խորհրդարանական ընտրութիւնները, որոնք առաջինն են 2020 թուականի Բէյրութի հզօր պայթիւնից յետոյ,:

Լիբանանի գրեթէ 4 միլիոն ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիներն ընտրում են լիբանանեան խորհրդարանի 128 անդամներին: Ընտրութիւնների արդիւնքների առաջին նախնական տուեալները յայտնի են դարձել, բայց ստոյգ չեն:

Լիբանանը երկու տարի է ինչ գտնւում է տնտեսական ճգնաժամի մէջ: Բազմաթիւ շրջաններ էլեկտրական հոսանք ստանում են օրական միայն մի քանի ժամ:

Ներկայիս ընտրութիւններին ընդդիմութիւնից մասնակցում են մեծ թուով թեկնածուներ, քան նախկինում: Նրանցից շատերը քաղաքականութիւն են եկել 2019 թուականի զանգուածային քաղաքական ցոյցերի ֆօնին: Ինչպէս միշտ Լիբանանահայութիւնը իր գոծօն մասնակցութիւնն ունի Լիբանանի ընտրութիւններում, այդ կապակցութեամբ աշխոյժ են նաև Լիբանանից դուրս ապրող Լիբանանահայերը, որոնք հեռակայ քուէարկութեան իրաւունք ունեն:

Համաձայն Լիբանանի Սահմանադրութեան` նախագահը մշտապէս պէտք է քրիստոնեայ լինի, կառավարութեան ղեկավարը` սուննի մուսուլման, իսկ խորհրդարանի նախագահը` շիա մուսուլման:

Լիբանանահայութեան ընտրուած թեկնածուների նախնական և ոչ պաշտօնական ցանկը այս պահին կազմում են հետևեալները՝

1- Յակոբ Բագրատունի (Մեթն Լեռնալիբանան-ՀՅԴ)

2- Յակոբ Թէրզեան (Բէյրութ-ՀՅԴ)

3- Ժան Թալուզեան (Բէյրութ- Անկախ)

4- Ժիհատ Բագրատունի (Բէյրութ- «Լիբանանեան ուժեր»)

5- Փօլա Եագուպեան (Բէյրութ- Անկախ)

6- Ճօրճ Պուչիքեան (Բեքքա- ՀՅԴ)

Share