Մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մօտից՝ այն տեղից, որտեղ Դրօն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահաւաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, ով գլխաւորում էր «Դիմադրութիւն» շարժման Ապարանի ուղղութեամբ երթը։
«Դրօն մեզ Հայաստան թողեց, որ թոյլ չտանք՝ թուրքը մտնի այս երկիր։ Մենք այցելեցինք 44-օրեայ պատերազմում զոհւած հերոսների շիրիմին, գլուխ խոնարհեցինք, երդւեցինք, որ թոյլ չենք տայ, իրենց արիւնը ջուր դառնայ։ Ոչ մի բան չենք տայ»,- ասաց Արթուր Խաչատրեանը։
Անցած չորս տարիներին այս իշխանութիւնը Հայաստանին բերել է զոհեր, կորուստներ, ասաց նա, Նիկոլ Փաշինեանը չի վայելում ժողովրդի վստահութիւնը, կորցրել է ժողովրդի յարգանքը։
«Դու երեք տարի առաջ այստեղ հաց էիր կիսում քաղաքացու հետ Քաղաքացու տօնին։ Ինչո՞ւ երէկ չիջար, որովհետեւ գիտես, որ դու այլեւս քաղաքացի չունես։ Գնա՛, հեռացի՛ր, գնա՛, որ կարողանանք մեր մէջքն ուղղել, գնա՛, որ յետ բերենք մեր կորուստները, գնա՛, որ կարողանանք մեր հայրենիքը շենացնել, գնա՛, որ կարողանանք Արցախը ամրացնել»,- ասաց պատգամաւորը։
Լաոն զարթնել է, նշեց նա՝ դիմելով Փաշինեանին, թոյլ չի տայ նոր կորուստներ, բայց դրա համար դու պիտի հեռանաս, գնա՛, գնա՛, գնա՛, հեռացիր՛ այստեղից։