Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամաւորական շարժում» ՀԿ-ի նախաձեռնութեամբ Կոռնիձորում տեղի է ունենում հանրահաւաք:
Հանրահաւաքը հետեւում է մայիսի 14-ին Բրիւսէլում, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի մասնակցութեամբ կայացած Փաշինեան-Ալիեւ հանդիպմանը, որի ընթացքում ըստ Միշէլի՝ «առաջընթաց» է արձանագրւել, ըստ որի՝ կողմերը վերահաստատել են 1991 թւականին ընդունւած Ալմա Աթայի հռչակագիրը՝ յայտարարելով, որ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը՝ յստակ նշելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մէջ մտնում է Արցախի Հանրապետութեան տարածքը (Յիշեցման կարգով. ժամանակին ՀՀ Գերագոյն խորհուրդը վերապահումով է ընդունել Ալմա Աթայի Հռչակագիրը, յատուկ նշելով, որ այն չի կարող տարածւել Արցախի վրայ):
Ինչ է նշանակում այս բոլորը: Նշանակում է, որ.
-ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը, այս բանակցութիւններով եւ յայտարարութիւններով, ըստ էութեան, ճանաչում է, որ արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան հարցն Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ որ Ադրբեջանին են զիջելու Արցախն ամբողջութեամբ՝ 120 հազար արցախահայութեանը կանգնեցնելով հայրենազրկման եւ ցեղասպանութեան առջեւ,
-ՀՀ գործող իշխանութիւնները պատրաստւում են թշնամուն զիջել Տաւուշի եւ Գեղարքունիքի մարզերից զգալի հատւածներ,
-պատրաստւում են Ադրբեջանին տալ Արարատի մարզի Տիգրանաշէն գիւղն իր յարակից տարածքներով եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող բարձունքներով՝ թշնամու ուղղակի նշանառութեան տակ տանելով ողջ Արարատեան դաշտավայրը,
-Ադրբեջանին են զիջում Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան ռազմավարական նշանակութեան միջպետական ճանապարհների մի քանի հատւածները, ինչն ունենալու է աղէտալի հետեւանքներ Հայաստանի համար:
Արդիւնքում, Հայաստանը կանգնելու է անյաղթահարելի թւացող անվտանգային, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական աղէտի առջեւ, որը կարող է աւարտւել պետականութեան կորուստով:
Եւ հէնց նման հեռանկարն է, որ մեզ ստիպում է հասկանալ, որ Ադրբեջանն առհասարակ մտադրութիւն չունի Հայաստանի հետ ստորագրել խաղաղութեան պայմանագիր: Ադրբեջանն ամէն անգամ նոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին՝ իմանալով, որ ՀՀ հակազգային իշխանութիւններն ունեն զիջողականութիւն եւ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու լիակատար պատրաստակամութիւն:
Մենք պէտք է գիտակցենք, որ ներկայ դրութեամբ Ադրբեջանն ունի բացայայտ առաւելութիւն, Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմաքաղաքական ակնյայտ գերակայութիւն, եւ նման պայմաններում պարտւող կողմի հետ չի բանակցի խաղաղութեան հասնելու նպատակով:
Քանի դեռ կողմերի միջեւ վերականգնւած չէ աշխարհաքաղաքական, ինչպէս նաեւ ռազմաքաղաքական հաւասարութիւնը, խաղաղութեան հաստատման մասին խօսելը պարզապէս պարզամտութիւն է:
Եւ հէնց այս գորշ իրականութեան ֆոնին է, որ կարեւորւում է սահմանի վրայ, Կոռնիձորում անց կացւող հանրահաւաքը:
Այն գալու է փաստելու, որ.
-Մենք չենք հաշտւելու առկայ իրականութեան հետ եւ չենք հանդուրժելու այն ինչը, որ փորձում են մեզ պարտադրել,
-հայրենիքը զուտ տարածք չէ, հողակտոր, սակարկման առարկայ, որին կարելի է աճուրդի հանել՝ յանուն աթոռի պահպանման եւ ենթադրեալ բարեկեցութեան,
-Ինքնորոշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքն է, որը չունի այլընտրանք,
-Արժանապատիւ խաղաղութեան հասնել հնարաւոր չէ միակողմանի, նւաստացուցիչ զիջումներով՝ հայրենիքի եւ սերունդների իրաւունքների հաշւին,
-Ներկայ գործընթացը ոչ թէ փրկութիւն է, այլ՝ կործանում,
-Վերահաս աղէտը կանխելու միակ միջոցը դիմադրութիւնն է:
Կոռնիձորը պէտք է դառնայ հայրենատիրութեանը ուղղւած, մեր վճռակամութեան ցուցիչը:
Կոռնիձորում է, որ պէտք է սաղմնաւորւի յանուն հայրենիքի, յանուն պետականութեան մեր պայքարի նոր տեսլականը, որը կը համոզի մեծամասնութեանը, որ, այո՛, հնարաւոր է պայքարով հասնել իրավիճակի փոփոխութեան՝ փրկելով հայրենիքն ու հասնելու արժանապատիւ խաղաղութեան:
Վիճակն օրհասական է: Մենք գոյաբանական պայքար ենք մղում այնպէս՝ ինչպէս 1918 թւականին: Այն օրերին Արամ Մանուկեանն ասել էր. «Ցոյց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի. այժմ կամ երբեք»:
Նոյնն է վիճակն այսօր: Մենք եւս պէտք է փաստենք, որ պետականութիւն ունենալու, ազատ եւ անկախ ապրելու իրաւունք ունենք: Պահը հէնց հիմա է, վաղը ուշ է լինելու:
«ԱԼԻՔ»ի խմբագրական