hetq.am
Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գիւղում շատերը գիտէն, որ գիւղի նորակառոյց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանին։ «Գիւղից դուրս գալիս՝ աջի վրայ, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կը հասկանաք»,- ֆերմայի տեղը մէզ բացատրում է գիւղացիներից մէկը։
«Հետքը» պարզել է, որ նորակառոյց անասնագոմերը եւ դրանց զբաղեցրած հողամասը գրանցուած են Խաչատուր Սուքիասեանի թիկնապահներից Ռոման Խանամիրեանի անունով։ Շինարարութիւնն իրականացուել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի եւ շինթոյլտուութեան։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրութեան տակ առկայ տուեալներով, Ռոման Խանամիրեանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։
Կադաստրի կոմիտեից ստացուած տուեալների համաձայն՝ Ռանչպար գիւղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցէի 3.5 հեկտար հողամասը սեփականութեան իրաւունքով պատկանում է Ռոման Խանամիրեանին։ 2023 թ.-ի փետրուարին նա գոյքը գնել է Ռանչպար գիւղի բնակիչներ Մարինէ եւ Արթուր Սասունցեաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրեանը հողը գնելուց յետոյ այն գրաւադրել է Խաչատուր Սուքիասեանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։
Արբանեակից արուած լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ գործարքից դեռ տարիներ առաջ՝ 2011 թ.-ին, հողամասում առկայ է երկու անասնաշէնք (500 եւ 1200 քմ մակերեսներով) եւ մէկ այլ շինութիւն (80 քմ), իսկ տարածքը ցանկապատուած չէ։ Արդէն 2024 թ. լուսանկարներում երեւում է, որ հողամասի վրայ կառուցապատում է արուել։ Կառուցուել է նոր անասնաշէնք, իսկ նախկին շինութիւնները վերակառուցուել են՝ մակերեսները մօտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատուել է։
Պարզւում է, որ Ռոման Խանամիրեանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթոյլտուութեան։ Մասիսի համայնքապետարանի պաշտօնական կայքում առկայ համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրուել է 2023 թուականի օգոստոսին եւ նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դաւիթ Համբարձումեանի՝ օգոստոսի 17-ին որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրեանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագոմ եւ պարիսպ։ Այդ արարքի համար նշանակուել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նոյն տարուայ նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը եւս մէկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրեանը տուգանուել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նոյն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նոյն որոշման համաձայն՝ սեփականատէրը պէտք է քանդի ապօրինի շինութիւնները։ Քանի որ Ռանչպար գիւղ մեր այցելութեան ժամանակ արձանագրեցինք, որ որեւէ շինութիւն քանդուած չէր, գրաւոր հարցմամբ դիմեցինք Մասիսի համայնքապետ Դաւիթ Համբարձումեանին՝ պարզելու, թէ ի՞նչ գործողութիւններ է ձեռնարկել համայնքապետարանը նշուած որոշումները կատարելու համար: Համայնքի ղեկավարը մէզ գրաւոր յայտնեց, որ որոշումներից մէկը Ռոման Խանամիրեանը վիճարկում է դատարանում, իսկ միւսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայութիւն (ՀԿԱԾ)։
Մեզ տրամադրուած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 800 հազար դրամ տուգանքի որոշումը կատարելու համար ՀԿԱԾ-ում վարոյթ է յարուցուել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայութեան Արարատի եւ Վաեօց Ձորի մարզային բաժինը որոշել է հետախուզում յայտարարել Ռոման Խանամիրեանի գոյքի նկատմամբ եւ 800 հազար դրամի չափով արգելանք դնել Խանամիրեանի գոյքի եւ դրամական միջոցների վրայ։
Ռոման Խանամիրեանն էլ իրաւական գործընթաց է սկսել՝ 2.5 միլիոն դրամ տուգանքի որոշումը վերացնելու դէմ։ Նա դիմել է վարչական դատարան՝ համայնքի ղեկավարի որոշումը վերացնելու պահանջով։ Այդ գործով 2024 թ. յուլիսի 10-ին դատարանը պէտք է վճիռ կայացնի։ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Գետազատ գիւղի բնակիչ Ռոման Խանամիրեանը 42 տարեկան է։ 2012 թ. նա Գետազատի գիւղապետարանում է աշխատել` զբաղեցրել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի կազմակերպչի հաստիքը։ Յետագայում գիւղացիները Խանամիրեանին յաճախ են տեսել Խաչատուր Սուքիասեանին ուղեկցողների մէջ, որից պարզ է դարձել, որ Ռոման Խանամիրեանը թիկնապահ է։
Հաշուի առնելով, որ թիկնապահի աշխատավարձով դժուար թէ հնարաւոր լինէր նման գոյք ձեռք բերել, վերակառուցել, եւ նկատի ունենալով Ռանչպար գիւղի բնակիչների համոզուածութիւնը, որ անասնաֆերման իրականում պատկանում է Խաչատուր Սուքիասեանին, գրաւոր հարցմամբ դիմեցինք պատգամաւորին։ Խաչատուր Սուքիասեանին հետեւեալ հարցերն էինք ուղղել.
- Արդեօ՞ք Ռոման Իշխանի Խանամիրեանը Ձեր թիկնապահն է։
- Եթէ ոչ, Դուք ճանաչու՞մ եք Ռոման Իշխանի Խանամիրեանին եւ ի՞նչ փոխյարաբերութիւններ ունեք։
- Ռանչպար գիւղի բնակիչները մէզ յայտնել են, որ անասնաֆերմայի իրական սեփականատէրը Ռոման Խանամիրեանը չէ, եւ գոյքը պատկանում է Ձեր ընտանիքին։ Խնդրում եմ մեկնաբանել այդ պնդումը։
Պատգամաւորի մամուլի խօսնակ Աննայ Մկրտչեանն այս հարցերին ի պատասխան յայտնել է․ «Խաչատուր Սուքիասեանը ՀՀ ԱԺ պատգամաւոր է, եւ համաձայն ՀՀ Սահմանադրութեան՝ չի զբաղւում գործարարութեամբ։ Ուստի, ձեր հարցադրումները տեղին չէն եւ Խաչատուր Սուքիասեանի հետ ոչ մի առնչութիւն չունեն»։
Փորձեցինք անձամբ Ռոման Խանամիրեանից պարզել, թէ որտեղի՞ց նրան այդքան գումար հողամասը գնելու եւ կառուցապատում իրականացնելու համար, եւ թէ ինչու է անօրինական կառուցապատում արել։ Ռոման Խանամիրեանը հեռախօսազրոյցի սկզբում հաստատեց, որ Ռանչպար գիւղում անասնաֆերմայ է կառուցել։ Այն հարցին, թէ ինչու՞ է կառուցապատումն անօրինական արել, յայտնեց, որ երբ հանդիպենք, կմանրամասնի։ Վերջինս չհերքեց Խաչատուր Սուքիասեանի թիկնապահը լինելու փաստը։ Պարզաբանում տալու համար հանդիպման յստակ օր եւ ժամ Ռոման Խանամիրեանը չասաց։ Նշեց միայն, որ քաղաքում չէ, երբ գայ Երեւան, կզանգահարի, որպէսզի պայմանաւորուենք։