Բոլորից վռնդուած Քեւին Սփեյսիին կը դիմաւորի Հայաստանը

Բոլորից վռնդուած Քեւին Սփեյսիին կը դիմաւորի Հայաստանը

«Ոսկէ ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինօփառատօնի պատուաւոր հիւրն է թատրոնի եւ կինօյի աշխարհահռչակ դերասան Քեւին Սփեյսին։ Այս մասին հաղորդում է կինօփառատօնի ֆեյսբուքեան էջը։

Իրավաբան, քաղաքագետ Ռոբերտ Մարգարեանն դատապարտելով այս որոշումը իր Ֆէյսբուքի էջում քննարկել է սոյն որոշումը:

«Ոսկէ ծիրան-ի պատասխանատուների կողմից ներկայացուած Սփեյսիի կենսագրականում մտածուած կերպով շրջանցուել է վերջին տարիների նրա կենսագրականի ամենացաւալի դրուագը:
2017 թուականին Սփեյսին մեղադրուեց երիտասարդ տղաների հանդէպ սեռային ոտնձգութեան մէջ: Նրա դէմ դատական բազմաթիւ գործեր յարուցուեցին: «Նեթֆլիքս»-ը չեղարկեց նրա հետ պայմանագրերը: Նրա մասնակցութեամբ նկարահանուած ֆիլմի տեսարանները նկարահանուեցին մէկ այլ դերասանով: Իր դէմ ներկայացուած մեղադրանքները մեղմելու համար Սփեյսին յայտարարեց, որ ինքը միասեռական է եւ դրանով է պայմանաւորուած տղաների հանդէպ իր հետաքրքրութիւնը: Նրա դերասանական կարիերան ընդհատուեց 2017 թուականին: Երկար դադարից յետոյ Սփեյսին այս տարի գլխաւոր դեր է ստանձնել մի ֆիլմում, որից յետոյ ֆիլմի ռեժիսորը յայտնուել է հանրային լուրջ ու կոշտ քննադատութիւնների կենտրոնում:
Երկար բացակայութիւնից յետոյ անցած շաբաթ Սփեյսին հարցազրոյց տուեց բրիտանացի լրագրող Փիերս Մորգանի իւթիւբեան ալիքին: Հարցազրոյցում Սփեյսին ընդունեց, որ տղաների հետ շփումների ժամանակ «չափն անց է կացրել»: Իհարկէ Լոնդոնի դատարանը նրան որոշ գործերում արդարացրել է, սակայն դատական գործերից մէկը դեռ ընթացքի մէջ է:
Հիմա այսքանից յետոյ, որքան էլ որ տաղանդաւոր ու յայտնի դերասան լինի Քեւին Սփեյսին, այն պայմաններում երբ նրա հանդէպ հանրային բացասական տրամադրութիւն գոյութիւն ունի, նրան Երեւան բերելով, բեմ բարձրացնելով, պատուելով ու վերջում էլ հետը սելֆի անելով իրապէս ի՞նչ ենք շահելու»:

«Միջազգային փառատօներն իրենց հեղինակութիւնը չխաթարելու համար միլիոնների դիմաց էլ պատրաստ չէին լինի ներկայ պայմաններում բեմ տրամադրել Սփեյսիին, մինչդեռ Երեւանում հաւանաբար մի քանի տասնեակ հազար դոլարով էլ կարմիր գորգ կը փռէն նրա առջև»-աւելացրելէ Ռ. Մարգարեանը:

Share