ՀՀ անկախութեան օրուայ առթիւ ԱՄՆ նախագահի դէմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել էր ուղերձ՝ ուղղուած ամերիկահայութեանը։ Դրանում Հարիսը աջակցութիւն էր յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»։
Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի յայտարարութեանը՝ Հայ դատի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Որպէս փոխնախագահ՝ Քամալայ Հարիսը մի ամբողջ տարի ունէր գործելու Արցախի վերադարձի իրաւունքի համար՝ ԱՄՆ առաջնորդութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խօսել (ամերիկահայերի, ոչ թէ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրութիւններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճօճուող» նահանգներում: Յատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը եւ յարձակումը Արցախի վրայ, մատ անգամ չբարձրացրեց եւ նոյնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ․ Ադրբեջանի ագրեսիայի դէմ։
Նոյնիսկ քարոզարշաւի հռետորաբանութեան մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական սպառազինութիւնն ու օժանդակութիւնը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքուին, իր յանցագործութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու վերաբերեալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները եւ այլն, չէն կարող դիրքաւորուել որպէս հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարուելով պատասխանատուութեան ենթարկել Ալիեւին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։
Շաբաթներ առաջ, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ գործող նախագահ Ջոյ Բայդենի վարչակազմերին ուղղուած քննադատութեամբ։ Յանձնախումբը, հաշուի առնելով նախընտրական ժամանակահատուածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրէտ գործողութիւններ, որոնք էական նշանակութիւն կ’ունենան հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից, մասնաւորապէս՝ Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան օժանդակութեան անյապաղ վերացում, ադրբեջանցի ռազմական յանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի երաշխաւորում, արցախցի փախստականներին մարդասիրական օգնութեան էական աճ եւ այլն։
Ամերիկայի Միացեալ Նահանգներում նախընտրական զարգացումների ներկայ փուլում ամերիկահայերը կարող են առանցքային դեր ունենալ 2024 թ․ նախագահական ընտրութիւնների արդիւնքների վրայ, յատկապէս մի շարք առանցքային կարեւորութեան նահանգներում, որտեղ թեկնածուների ձայները չափազանց մօտ են իրար, մասնաւորապէս Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նեւադայում, Հիւսիսային Կարոլինայում, Փենսիլուանիայում եւ Վիսկոնսինում։ Այդ նահանգներում առկայ են հայահոծ խոշոր համայնքներ:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
25/09/2024թ