Ամիսներ տեւած քննարկումներից յետոյ Դոնալդ Թրամփն, ի վերջոյ, հրապարակել է ԱՄՆ փոխնախագահի իր թեկնածուի անունը։ 39-ամեայ Ջեյմս Դեւիդ կամ Ջեյ Դի Վենսը, փաստօրէն, երկրի փոխնախագահի հանրապետական ամէնից երիտասարդ թեկնածուն է, ինչ 1952 թուականին Ռիչարդ Նիքսոնը։
Ամիսներ տեւած քննարկումներին, կարծես, վերջ տրուեց․ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը Միլուոկիում՝ Հանրապետական կուսակցութեան համերկրային համագումարի առաջին օրը Օհաեօյից ընտրուած սենատոր, 39-ամեայ Ջեյ Դի կամ Ջեյմս Դեւիդ Վենսին յայտարարեց որպէս ԱՄՆ փոխնախագահի թեկնածու:
Truth Social-ում Թրամփը գրել է, թէ Վենսը «ամէնից յարմար» մարդն է՝ երկրի փոխնախագահի պաշտօնը ստանձնելու համար:
Վենսը որպէս քաղաքական գործիչ կայացել է ԱՄՆ հիւսիս-արեւելեան նահանգները ընդգրկող եւ Ռասթ Բելթ կոչուող տարածաշրջանում։ Դիտորդների խօսքով, Օհաեօյի սենատորի պոպուլիստական հայեացքները համընկնում են Թրամփի այն քաղաքական հաշուարկների հետ, որոնք առնչւում են սպիտակամորթ աշխատաւոր ամերկացիներին։
«Նախկին նախագահ Թրամփի տրամադրութեան տակ եղած տարբերակներից սենատոր Վենսը նա է, ով, հաւանաբար, ամէնից մօտն է կանգնած Թրամփի՝ «Դարձրոյ՛ւ Ամերիկան կրկին հզօր» փիլիսոփայութեանը»,- ասում է ԱՄՆ փոխնախագահների պատմութիւնը ուսումնասիրած Ջոել Գոլդշտեյնը:
Գոլդշտեյնի խօսքով, ԱՄՆ փոխնախագահներին, սովորաբար, ընտրում են՝ նպատակ ունենալով հասնել արդէն իսկ ձեւաւորուած ընտրազանգուածից դուրս գտնուող ընտրողներին, որպէսզի ստանան լրացուցիչ ձայներ, ինչը, փաստօրէն, Վենսի դէպքում այդպէս չէ։
«Նախագահ Թրամփի յոյս ունի, որ նա՝ [Վենսը] կօգնի ոգեւորել այն ընտրողներին, որոնք այլ պարագայում չէին գնայ քուէարկելու։ [Նպատակն է], որ նա՝ [Վենսը] դիմի մարդկանց, ովքեր ունեն իր նման [ծանր] անցեալ»,- ասում է Գոլդշտեյնը:
Վենսը յայտնի դարձաւ 2016 թուականին իր «Հիլբիլիի էլեգիայ» յուշագրութեամբ, ուր ներկայացուած է ապագայ սենատորի աղքատ ու ծանր մանկութիւնը՝ Օհաեօյի Միդլթաուն քաղաքի սոցիալ-տնտեսական անկման ֆոնին:
Հիլբիլին (hillbilly) ժարգոնային բառ է, որը նշանակում է խուլ գաւառից եկած մէկը։
Երբ փոքր էր, ծնողները ամուսնալուծուել են, եւ Վենսին մեծացրել են տատիկն ու պապիկը, քանզի մայրը բուժւում էր թմրամոլութիւնից:
Աւագ դպրոցից յետոյ Ջեյ Դի Վենսը անցել է ԱՄՆ ռազմուժի ծովային հետեւակի շարքերը, իսկ զինուորական ծառայութիւնից յետոյ՝ ընդունուել ու աւարտել է Օհաեօյի պետական համալսարանը եւ Յեյլի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը:
Աշխատել է Սան Ֆրանցիսկոյում՝ Սիլիկոնեան հովտի ձեռնարկատէր Փիթեր Թիելի համար, ով այնուհետեւ 10 միլիոն դոլար է նուիրաբերել՝ աջակցելով, որպէսզի Վենսը ընտրուի ԱՄՆ Սենատ:
Ի դէպ, նախկինում Վենսը աչքի է ընկել Թրամփի ուղղուած իր քննադատութեամբ, որին անգամ կոչել է «Ամերիկայի Հիտլեր»։ Սակայն այլեւս Թրամփի հաւատարիմ աջակիցն է, թէեւ ԱՄՆ փոխնախագահի՝ հանրապետականների հաւանական թեկնածուների շարքում համարւում է, որ ամէնից քիչ փորձն ունի:
«Կարծում եմ, այն հարցի առնչութեամբ, թէ ով կը յաջորդի ԱՄՆ նախագահին՝ մրցող թեկնածուների տարիքի եւ նախագահ Թրամփի դէմ մահափորձի պատճառով, ընտրողների մօտ կարող են հարցեր առաջանալ Վենսի վերաբերեալ, քանի որ սենատոր Վենսը կառավարելու համեմատաբար քիչ փորձ ունի բարձր պաշտօններում»,- ասում է Գոլդշտեյնը։
ԱՄՆ պառակտուած քաղաքական դաշտում, ուր միասնութեան կոչ է անում նաեւ Դոնալդ Թրամփը, դեռ պէտք է տեսնել, թէ ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածուն կօգնի՞ կամրջել հանրութեան տարբեր մասէրը, թե՞ կխորացնի բաժանումները:
Ի դէպ, Թրամփի դէմ մահափորձից ընդամէնը ժամէր անց, որպէս տեղի ունեցածի պատճառ, Վենսը նշել էր Բայդենի առաջնոդած քարոզարշաւում գործածուող հռետորաբանութիւնը։