«Պետք է նոր վարչապետ». ԱԺ-ում իրավիճակը լարուեց. Ընդմիջում յայտարարուեց, Ընդդիմադիր պատգամաւորներին դուրս ուղեկցեցին
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի ելոյթի ժամանակ իրավիճակը լարուեց:
Նա իր ելոյթում նշեց, որ իշխանութեան քաղաքականութեան ամբողջական փլուզումն է, որ բերել է այս աւերին. «Մարդիկ անօգնական ելքեր են փնտրում: Գիտակցեք, որ պետականութեան կործանման վտանգի առաջ ենք: Երեկ Ստեփանակերտում հազարաւոր մարդիկ նոյն ժամին հաւաքուած էին, էլի ինքնաբուխ: Այդ մարդիկ իրենք դաւաճանուած, թուրքի դէմ մենակ էին զգում, որովհետեւ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից իրենց մասին խօսող չկայ: Հասկացեք, կանգ առեք: Երեկ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ եթէ ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դաւաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամէն մէկիդ կպնելու է»,-ասաց նա, որից յետոյ դահլիճից սկսեցին բղաւել ու արձագանքելն նրան:
Յատկապէս ակտիւ էին ՔՊ-ական պատգամաւորներ Վահագն Ալեքսանեանը, Քրիստինէ Պողոսեանը, հնչեցին վիրաւորանքներ:
Նիստը վարող ԱԺ փոխխօսնակ Յակոբ Արշակեանը կոչ արեց ներկաներին պահպանել սառնասրտութիւն:
Գեղամ Մանուկեանը շարունակեց. ««Ժողւուրդը պոռթկման եզրին է: Հասկացեք, որ այս վիճակից ելքը միակն է՝ նոր իշխանութիւն, նոր կառավարութիւն, նոր վարչապետ, որը կարող այս վիճակից դուրս բերել: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»:
Նրա ելոյթից յետոյ դահլիճում իրավիճակը լարուեց: Քրիստիէ Պողոսեանը հաշիւ էր պահանջում Գեղամ Մանուկեանից, սակայն չէր լսւում, թէ ինչ է ասում:
Յակոբ Արշակեանը 30 րոպէ ընդմիջում յայտարարեց, եւ փորձում էր դահլիճից դուրս ուղեկցել Գեղամ Մանուկեանին եւ ընդդիմադիր պատգամաւոր Ագնեսայ Խամոյեանին: