Անթոյլատրելի է Արցախի ժողովրդի մէջ պառակտման սերմեր ցանելը. Արա Պուլուզեան

Անթոյլատրելի է Արցախի ժողովրդի մէջ պառակտման սերմեր ցանելը. Արա Պուլուզեան

Սեպտեմբերի 26-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արայ Պուլուզեանը: Նա խօսել է միջազգային հարթակներում Արցախի եւ առհասարակ Հայաստանի օրախնդիր հարցերը չբարձրացնելու, դրանք չհետապնդելու՝ ՀՀ իշխանութիւնների անբացատրելի վարքագծի, Հայաստանում արցախահայութեան խնդիրների, արցախեան պետական կառոյցների պահպանութեան անհրաժեշտութեան, այդ կառոյցների, որպէս ընտրուած եւ լեգիտիմ մարմինների, ներուժը արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում կիրառելու հնարաւորութիւնների մասին:

Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխաւոր համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի մի շարք ելոյթների՝ Արայ Պուլուզեանը մասնաւորապէս նշել է. «Բաւարարուած չեմ այդ համաժողւում Հայաստանի վարչապետի մինչ այս տրուած բացատրութիւններով եւ ելոյթներով: Հայաստանի հարցերը դրանց մէջ ներկայացուած են մի տեսակ վերացական ձեւով: Խաղաղութիւններից է խօսում, խաչմերուկներից է խօսում, ապագայից է խօսում, չհասկանալով, գուցէ, որ Հայաստանն այդ հարցերում խօսք ասող չէ, հարց լուծող չէ: Նոյնիսկ տարածաշրջանային առումով Հայաստանի այդ դիրքորոշումները յստակ չէն, որովհետեւ իրական պատկերները եւ իրական մտահոգութիւնները չէն ներկայացւում՝ այդ թւում սպառազինութիւնները, այդ թւում Արցախի հիմնահարցի լուծման հնարաւորութիւնները, այդ թւում արցախահայերի անքակտելի իրաւունքները: Այս ամէնը յաղթաթղթեր են, որոնք կարելի է օգտագործել բանակցութիւններում, որոնք խելօք ղեկավարն անպայման կօգտագործեր»:


Արայ Պուլուզեանը հանգամանալից խօսել է նաեւ այն մասին, թէ ինչու պէտք է պահպանել եւ աւելի ուժեղացնել Արցախի պետական կառոյցները: Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործոնը բանակցութիւններից հանելը թուլացնում են Հայաստանի բանակցային դիրքերը: Դու այլեւս չես ունենում այն արգումնետը, որ բանակցող կողմերին ասես՝ այս մարդիկ են ներկայացնում Արցախի ժողովրդին: Մինչդեռ Արցախում իրաւազրկում է տեղի ունեցել: Բոլորը համաձայն են, որ Արցախում իրաւազրկում է կատարուել՝ բռնագաղթ է տեղի ունեցել, բռնազաւթում է տեղի ունեցել, մշակութային արժէքներ են ոչնչանում, ժողովրդի կենցաղն է աւերուել եւ այլն: Պետք է այս ամէնի վերականգնման պահանջ դնել եւ դա անել Արցախի պետական կառոյցների անմիջական մասնակցութեամբ՝ նրանց գոյութեան փաստն օգտագործելով:

Մանրամասները՝ տեսանիւթում:  

Share