Տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կը համաձայնի սպառազինութիւնների վերահսկման Փաշինեանի առաջարկին. Արթուր Խաչատրեան

Տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կը համաձայնի սպառազինութիւնների վերահսկման Փաշինեանի առաջարկին. Արթուր Խաչատրեան

Ըստ ընդդիմադիր պատգամաւորի՝ տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կը համաձայնի սպառազինութիւնների վերահսկման Փաշինեանի առաջարկին

Սպառազինութիւնների վերահսկման պայմանագիր ստորագրելու Հայաստանի վարչապետի առաջարկին արդէն չորրորդ օրն է` Ադրբեջանից հրապարակաւ չէն արձագանքել:

Նիկոլ Փաշինեանն իր այս նոր գաղափարի մասին բարձրաձայնեց անցած շաբաթ կուսակիցների հետ հանդիպմանը, երբ արձանագրեց, որ Բաքուից ամենաբարձր մակարդակով հնչած յայտարարութիւնները «լրջօրէն հարուածում են խաղաղութեան գործընթացին»: Վարչապետը մտահոգուած էր՝ խաղաղութեան բանակցութիւններում Իլհամ Ալիեւը հայկական առաջարկները մերժում է, դէմ է զօրքերի հայելային հետքաշմանը, չի ցանկանում ապառազմականացնել սահմանային շրջանները։

«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինութիւնների վերահսկման վերաբերեալ պայմանագիր կնքէնք, որՀայաստանն ու Ադրբեջանը սպառազինութիւնների հետ կապուած կոնկրէտ պայմանաւորուածութիւններ ձեռք բերէն, եւ մէկը միւսի՝ այդ պայմանաւորուածութիւնների կատարման վերահսկելու հնարաւորութիւն ունենան», — ասել էր նա։

Վարչապետի առաջարկին նախորդել էին Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները: Ալիեւը մօտ մէկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերութիւններին տուած հարցազրոյցում կրկին պահանջում էր «Զանգեզուրի միջանցք», խօսում ոչ միայն անկլաւների վերադարձից, այլեւ պնդում, թէ 44-օրեայից յետոյ օկուպացուած հողատարածքներից հետ չէն գնայ, մերժում միջազգային երաշխաւորի հայկական առաջարկը: Համաձայն չէն նաեւ սահմանազատումը 1975 թուականի քարտէզներով իրականացնելուն:

Այս պայմաններում սպառազինութիւնների վերահսկման պայմանագիր ստորագրելու վարչապետի առաջարկը որքանո՞վ է իրատեսական, եւ հնարաւո՞ր է հայկական կողմն այն դարձնի բանակցութիւններում քննարկման հարց: Իշխանական պատգամաւորներն այսօր հրաժարւում էին այս հարցին պատասխանել: Արտգործնախարարութիւնից եւս չէն արձագանքում։

Փոխարէնը ընդդիմադիր պատգամաւոր («Հայաստան» խմբակցութիւն) Արթուր Խաչատրեանը պնդեց՝ այդ նոր առաջարկով Նիկոլ Փաշինեանը փորձում է ներքին լսարանին համոզել, թէ խաղաղութեան գործընթացը ձախողուած չէ:

«Ադրբեջանը Փաշինեանի որեւէ առաջարկութիւն երբեք չի ընդունել։ Հիմք ունենալ ենթադրել, որ ինքը թղթի վրայ կը համաձայնի եւ գործնականում կսահմանափակի սպառազինութիւնները, անտրամաբանական է։ Մի քանի ամիս առաջ ինքը 1.2 միլիարդի նոր զէնք գնելու պայմանագիր է կնքել Իսրայելի հետ, հիմա ի՞նչ, Ալիեւը պիտի ասի՝ պարտուած Փաշինեայ՛ն, դու ինձ ասես՝ ես քանի տանկ, քանի անօդաչու թռչող սարք, քանի ինքնաթիռ եւ ինքնաձիգ պե՞տք է ունենամ։ Կատակ է՞ անում, ո՞ւմ է Փաշինեանը ծաղրում», — ասաց պատգամաւորը։

 Հնարաւոր է առաջընթաց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ, բայց նոր բախումների կամ պատերազմի վտանգը կը մնա
Փաշինեանը սպառազինութիւնների վերահսկման առաջարկին զուգահեռ ասում էր, թէ խաղաղութեան պայմանագրի շուրջ ադրբեջանական առաջարկներից տպաւորութիւն ունեն, որ Բաքուն փորձում է յետագայ պատերազմները լեգիտիմացնող փաստաթուղթ ստանալ:

Նաեւ ռազմական էսկալացիայի ռիսկը հաշուի առնելով է վարչապետը տարբեր առաջարկներ հնչեցնում, կարծում է քաղաքագէտ Արեգ Քոչինեանը, բայց Բաքուի դրական արձագանքը գրեթէ անհնար է համարում։ Ըստ փորձագէտի՝ Փաշինեանը պարզապէս ցանկանում է բանակցային գործընթացի շարունակականութիւնը ապահովել:

«Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները բաւականին դեստրուկտիւ յայտարարութիւններ են, դրանք բանակցային պրոցեսին, ըստ էութեան, վնասող են, եւ հայկական կողմի պատասխանը պահել կոնստրուկտիւի դաշտում եւ պրոցեսին աջակցող որոշակի գործընթացների տրամաբանութեան մէջ, բուն բանակցային գործընթացի եւ դրա միջազգային աջակցութեան տրամաբանութեան մէջ բաւականին ճիշտ մօտեցում է, բայց դա, ըստ էութեան, աւելի շատ բանակցային հնարք է», — ասաց նա։

Բանակցային գործընթացում հռետորաբանութեան կոշտացումից բացի, Արդբեջանը յայտարարում է, որ վերազինում է բանակը։ Ըստ ադրբեջանական լրատուամիջոցների՝ 1 միլիարդ 200 միլիոն արժողութեամբ սպառազինութեան հերթական խմբաքանակը ձեռք է բերուել մօտ երկու ամիս առաջ Իսրայելից: Սրանով հանդերձ Հայաստանից երկու անգամ աւելի ռազմական բիւջէ ունեցող Բաքուն դժգոհ է՝ այդ ոլորտում Երեւանի գնումներից: Այս փաստից նաեւ Նիկոլ Փաշինեանն է զարմացած։

«Այսինքն` այստեղ տրամաբանութիւնը ո՞րն է, որ ՀՀ-ն բանակ չպէտք է ունենա՞։ Եթէ սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրւում Հայաստանի գոյութեան իրաւունքը, ինչը բացարձակապէս անընդունելի է», — ասել էր նա։

Աղբիւր՝ Ազատութիւն

Share