Դա կախուած է ոչ թէ Բաքուից, ոչ էլ Բրիւսելից, այլ միայն հայ ժողովրդից

Դա կախուած է ոչ թէ Բաքուից, ոչ էլ Բրիւսելից, այլ միայն հայ ժողովրդից

Ընդունելով թիւ 24.4259 որոշումը՝ «Խաղաղութեան հարթակ Լեռնային Ղարաբաղի համար. հայերի վերադարձի հնարաւորութիւն», Շուեցարիայի Դաշնային Խորհուրդը կարեւոր ու հազուադէպ առաջընթաց է արձանագրել Հարաւային Կովկասում խմորուող դիւանագիտական փակուղու յաղթայարման գործում։ Քանի որ այժմ Շուեցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ աջակցում են նախաձեռնութեանը, Դաշնային Խորհուրդը օրէնքի ուժով պարտաւորութիւն ունի ապահովելու երկխօսութեան հարթակ՝ Ադրբեջանի ներկայացուցիչների եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի միջեւ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:

«Սակայն սա պարզապէս նոր դիւանագիտական ձեւաչափ չէ։ Սա առաջին իրական, ինստիտուցիոնալ փորձն է՝ չէզոք պետութեան կողմից ձայն տալու մի ամբողջութեամբ եւ դաժանօրէն լռեցուած ժողովրդին։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչութեան բռնի տեղահանումը 2023 թուականին ոչ միայն հումանիտար ողբերգութիւն էր. այն նաեւ աշխարհաքաղաքական եւ բարոյական փլուզում էր։ Շուեցարիայի այս նախաձեռնութիւնը նպատակ ունի շրջել էթնիկ զտումների հետեւանքները եւ պաշտպանել միջազգային իրաւունքի հիմնաքարը՝ վերադարձի իրաւունքը։

Կարեւոր է նշել, որ այս դիւանագիտական գործընթացը կարող է դուրս գալ իր սահմաններից։ Այն կարող է վերածուել աւելի լայն միջազգային մեխանիզմի՝ գուցէ նոյնիսկ վերակենդանացնելով երկար ժամանակ անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ եթէ Հայաստանը ճիշտ քայլեր անի։ Սակայն դա պահանջում է աւելին, քան պարզապէս գնահատանք։ Դա պահանջում է ռազմավարական յստակութիւն, դիւանագիտական համարձակութիւն եւ ամենակարեւորը՝ նոր առաջնորդութիւն Երեւանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը մշտապէս նուազագոյնի է հասցրել, յետաձգել կամ պարզապէս անտեսել վերադարձի հարցը։ Նրա անտարբերութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքներն ու ճակատագիրը Հայաստանի դիւանագիտական օրակարգի կենտրոնում դնելու հարցում, ստեղծել է վակւում, որը Բաքուն մեծ հաճոյքով լցրել է միակողմանի գործողութիւններով եւ վերանաեօղական նարատիւներով։ Քանի դեռ Փաշինեանը պաշտօնում է, Հայաստանը չունի ո՛չ հեղինակութիւն, ո՛չ կամք՝ օգտուելու Շուեցարիայի եւ այլ միջազգային դերակատարների կողմից բացուող հնարաւորութիւններից։

Խոսքն այստեղ բանակցային դաշտը վերականգնելու հնարաւորութեան մասին է։ Շատ երկար ժամանակ Ադրբեջանն է թելադրել պայմանները՝ վերադարձի հարցը պայմանաւորելով «վերաինտեգրման» անորոշ եւ չկատարուող խոստումներով՝ միաժամանակ ջնջելով տարածաշրջանի հայկական մշակութային եւ պատմական ժառանգութիւնը։ Ամէն շաբաթ, առանց համակարգուած միջազգային արձագանքի, խորացնում է Ադրբեջանի արշաւի անդառնալիութիւնը՝ ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ հոգեւոր եւ պատմական առումով վերացնել հայկական ներկայութիւնը։

Սակայն այժմ, շուեյցարական այս նախաձեռնութեան շնորհիւ, կայ արժանահաւատ շրջանակ, որի միջոցով վերադարձի իրաւունքը կարող է դառնալ իրական՝ ոչ թէ տեսական։ Շուեցարիայի չէզոքութիւնը եւ բարդ բանակցութիւններ հիւրընկալելու փորձը այս ջանքերին տալիս են իրական ներուժ։ Այս որոշումը համընկնում է մի քանի միջազգային իրաւական փաստաթղթերի հետ՝ ներառեալ Միջազգային Արդարադատութեան դատարանի ժամանակաւոր միջոցները 2023թ․ նոյեմբերին եւ Եւրոպական խորհրդարանի երկու բանաձեւերը 2024 թուականին, որոնք կոչ են անում ապահովել հայերի անվտանգ, արժանապատիւ եւ կամաւոր վերադարձը։ Սա հազուադէպ համընկնում է իրաւական, բարոյական եւ դիւանագիտական մոմենտումի։

Բայց ի՞նչն է պակասում։ Քաղաքական կամքը։ Առաջին հերթին՝ հէնց Հայաստանում։

Պատկերացրեք մի հայկական կառավարութիւն, որն իր արտաքին քաղաքականութեան կենտրոնում դնում է իր տեղահանուած հայրենակիցների վերադարձը։ Պատկերացրեք մի ղեկավարութիւն, որը ակտիւօրէն համագործակցում է Շուեցարիայի հետ՝ ձեւաւորելու Խաղաղութեան հարթակի օրակարգը եւ կառուցուածքը, ապահւում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատշաճ ներկայացուածութիւնը եւ աշխատում համախոհ պետութիւնների հետ՝ այդ հարթակը վերածելու բազմակողմանի բանակցային ձեւաչափի։ Նման ղեկավարութիւնը կարող է օգտագործել այս հարթակը՝ պահանջելու իրական երաշխիքներ՝ մոնիտորինգի մեխանիզմներ, անվտանգութեան ապահւումներ, հայ ռազմագերիների ազատում, գոյքային իրաւունքների պաշտպանութիւն եւ միջազգային ներկայութիւն տեղում։

Սա ոչ միայն կը վերականգնի տեղահանուած հայերի իրաւունքները դիւանագիտական օրակարգում, այլեւ կբացայայտի Ադրբեջանի «խաղաղ վերաինտեգրման» հռետորաբանութեան դատարկութիւնը։ Դա կը դնի պատասխանատուութիւնը Բաքուի վրայ՝ կամ համագործակցելու, կամ բախուելու աճող միջազգային ճնշման։

Բայց այս ամէնը չի կարող տեղի ունենալ այնպիսի կառավարութեան օրօք, որը ընտրել է նահանջը՝ դիմադրութեան փոխարէն, հնազանդութիւնը՝ պաշտպանի դերում հանդէս գալու փոխարէն։ Եթէ մենք ցանկանում ենք օգտուել Բեռնում բացուած այս հնարաւորութիւնից, պէտք է սկսել Երեւանում ղեկավարութիւնը փոխելուց։ Ժամանակն է նոր առաջնորդութեան՝ այնպիսին, որը գիտակցում է, որ պատմութիւնը չէն գրում նրանք, ովքեր սպասում են փրկութեան, այլ նրանք, ովքեր ընտրում են առաջնորդել։

Շուեցարիան դուռ է բացել։ Կանցնի՞ Հայաստանը այդ դռնով՝ դա կախուած է ոչ թէ Բաքուից, ոչ էլ Բրիւսելից, այլ միայն հայ ժողովրդից»,- գրել է նա:

Share