Իշխանափոխութիւնն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը «Երկիր մեդիայ»-ի տաղաւարում պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հետ զրոյցում խօսել է Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծուած վիճակից, անդրադարձել է Արցախի ԱԺ պատուիրակութեան Երեւան կատարած այցին, ընդդիմութեան պայքարին եւ յիշեցրել դեռեւս տարիներ առաջ նրանց նախազգուշացումների մասին:
Հայաստանի հասարակական էլիտայի եւ քաղաքական ուժերի խնդիրն է, որ չէն կարողացել հասարակութեան հետ խօսել այնպէս, որ ոտքի հանենք: Այս մասին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
«Իշխանութիւնն այսօր ասում է` ընդդիմութեան պայաքարը իշխանութեան գալու համար է, այլ ոչ թէ հայրենիքի, մենք ասում ենք` մեր գլխաւոր նպատակն իշխանութեան համար չի, բայց իշխանափոխութիւնն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու համար: Ստացուել է այնպէս, որ բոլոր այն անհատները ովքեր ունեն կամք, վճռականութիւն, փորձառութիւն, պատասխանատուութիւն երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները` իշխանութեան գտնուողները, երկիրը հետեւողականօրէն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանութեան համար, բայց իշխանութիւնը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,-ասաց նա:
Նրա խօսքով` իշխանութիւնը ընդդիմութեան մեղադրում է նրանում, որ նրանք ոչ թէ հայրենիքի փրկութեան համար են պայքարում, այլ` «թալանի փրկութեան»:
«Ընդդիմադիր պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել, ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրէտ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թէ նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի: Այդ մարդիկ, որոնցից հասարակութիւնը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմութեան կողքին չէն, ես նրանց ցուցակը ունեմ եւ այդ մասին մի օր պէտք է խօսուի»,-ասաց նա:
Պատգամաւորը նշեց, որ Փաշինեանը ընտրութիւններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղութիւն, բայց թէ ինչի հաշուին, դա չի ասել:
«Նախընտրական շրջանում ասել է, որ պէտք է հասնեն արցախեան հակամարտութեան խաղաղ ու համապարփակ կարգաւորմանը`հիմնուած Արցախի ժողովրդի ինքնորոշման, առանց սահմանափակումների իրականացման վրայ, Արցախի ժողովուրդը չի կարող գոհատեւել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, Արցախի խնդրի վերջնական կարգաւորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրաւունքների իրականացման, կարգավիճակի վերջնական յստակեցման տեսքով` առաջնորդուելով անջատում հանուն փրկութեան սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, յետոյ էլ կառավարութեան ծրագրով վերահաստատել: Հիմա ասում է, որ Արցախը պէտք է մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղութիւն, ընտրուելուց յետոյ բերել ես պատերազմ, հետեւաբար այս իշխանութիւնը լեգիտիմ չէ եւ ժողովրդի կողմից որեւէ մանդատ չունի, սա շատ կարեւոր արձանագրում է, որ պէտք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղութեան օրակարգ առաջ բերել, նա պատերազմի եւ պարտութեան խորհրդանիշ է, իր հետ կայ երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլեացիայ, հիմա ամբողջ պրեւոբլեմն այն է, որ մենք մեր հասարակութեանը պէտք է կարողանանք մինչեւ վերջ սա բացատրել: Իր բանաձեւը հետեւեալն է` ինչ ուզում է թշնամին տանք, որպէսզի լինի խաղաղութիւն, բայց կեանքը ցոյց է տուել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել աւելին, բայց խաղաղութիւն չի լինում»,-ասաց նա` նշելով, որ Սիւնիքում ճանապարհներ յանձնելով, Բերձորն ու Աղաւնոն յանձնելուց յետոյ թշնամին մօտեցաւ Ջերմուկին եւ այասպէս շարունակուելու դէպքում նրան կդիմաւորենք Երեւանի մատոյցներում»:
Ըստ նրա՝ եթէ դու պատրաստ չես պաշտպանել քո հայրենիքը ու ամէն ինչ անում ես ժողովրդին ու բանակը բարոյալքելու համար, ուրեմն պէտք է պատրաստ լինես թշնամուն դիմաւորես Երեւանում:
«Օրուայ իշխանութեան վարած քաղաքականութեան հետեւանքով թուրքը Ջերմուկում է, ինչը չէինք կարող պատկերացնել նոյնիսկ մի քանի ամիս առաջ: Այս վտանգը պէտք է հասցնենք ժողովրդին ու ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի, եթէ այս օրհասական վիճակում մենք չկարողանանք դա անել, մենք կորցնելու ենք մեր պետականութիւնը, սա չափազանցութիւն չէ: Ու Նիկոլը խաղաղութեան օրակարգով փորձելու է բթացնել հասարակութեանը, ասելու է` ճար չկայ, հնարաւորութիւն չկայ, Արցախը տանք, որ Հայաստանը պահէնք, յետոյ կասէն Սիւնիքը տանք, որ Վաեօց Ձորը պահէնք, Վարդենիսը տանք, որ Կոտայքը պահէնք, մինչեւ Երեւան: Սա է իրականութիւնը: Ես վստահ չեմ, որ ժողովուրդն ամբողջութեամբ տեղեակ է, թէ ինչ է կատարւում ու ոտքի չի ելնում»,- ասաց նա:
Սաղաթելեանի խօսքով` այս պահին հասարակութեան մէջ կայ լուրջ բանաձեւ` Արեւմուտք, թ Ռուսաստան, սակայն չկայ բանաւէճ, թէ մենք ինքներս ոնց ենք մէզ պաշտպանելու, ու դրանից յետոյ հասկանանք, թէ անվտանգութեան շահերը որ երկրի հետ են համընկնում եւ ըստ դրա յարաբերութիւններ կառուցենք:
«Եթէ մենք չենք պաշտպանում մեր հայրենիքը, որեւէ մէկը մեր փոխարէն դա չի անելու: Չկայ աշխարհում նման պետութիւն, որի իշխանութիւնը պատրաստ չէ կազմակերպել իր երկրի պաշտպանութիւնը, բայց ինչ-որ մէկը դա պէտք է իր փոխարէն անի: Նիկոլն իր քաղաքականութեամբ բերել, հասցրել է մի իրավիճակի, երբ որ ասում են ընդդիմադիրներին կը տանենք բանակ, զօրահաւաքի ու դրանով սպառնում են, բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը դարձրել են պատիժ: Քո զինուորը չի կարող լիարժէք պահպանի սահմանները, երբ որ գիտի` իր թիկունքում դաւաճաններ են»,-ասաց նա:
Սաղաթելեանը նշեց, որ Փաշինեանը առաջիկայում յայտարարելու է, որ Ռուսաստանը, Իրանը, Արեւմուտքը չէն օգնում, պէտք է Արցախը յանձնէն, որ Հայաստանը պահէն. «Մենք պէտք է հէնց սա կանխենք, եւ ռեսուրս կայ, եւ դաշնակիցներ կան եւ բոլոր հնարաւորութիւնները»:
Մանրամասները՝ տեսանիւթում։