Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծուած իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միաւորել․ Իշխան Սաղաթելեանը` 30 քաղաքական ուժերի հանդիպման մասին
3 տասնեակ ուժերի մասնակցութեամբ քննարկել ենք ստեղծուած իրավիճակը:
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնից յետոյ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։
«Գրեթէ բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակէտը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջեւ է, ՀՀ իշխանութիւններն ի վիճակի չէն եւ չէն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնւում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ անհրաժեշտ են շատ կոնկրէտ քայլեր ու գործողութիւններ։
Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծուած իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միաւորել կոնկրէտ քայլերի, գործողութիւնների շուրջ, եւ մարդկանց կոնկրէտ ուղի ու ճանապարհ ցոյց տալ»,- ասաց նա։
Սաղաթելեանի խօսքով՝ ճանապարհային քարտէզ են մշակել, որի վերաբերեալ աւելի ուշ մանրամասներ կը յայտնէն՝ այն բանից յետոյ երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կ’անցկացնեն ու իրենց վերջնական տեսակէտները կը յայտնէն։